ԿարևորՀասարակություն

Վարկային կազմակերպերությունները՝ ծուղակ քաղաքացու համար

Կենտրոնական բանկը պետք է վերանայի իր աշխատաոճը վարկային կազմակերպությունների հետ՝ խստացնելով դրանց վերահսկողությունը: «Ռադիոլուր»-ի զրուցակիցները համոզված են, որ հայաստանյան վարկային կազմակերպությունները քաղաքացիներին վարկավորման տարբեր գայթակղիչ առաջարկներ են ներկայացնում, որոնք սակայն ծուղակ են պարունակում եւ ունեզրկում վարկառուներին։ Ըստ գլխավոր դրամատան կայքէջի, այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է 43 վարկային կազմակերպություն։

Այսօր ամեն քայլափոխի գայթակղիչ պայմաններով գովազդվում են տարբեր վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկեր, որոնք հիմնականում տրամադրվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, առանց փաստաթղթային ճշգրիտ վերլուծության, առանց բիզնես համապատասխան ծրագրերի, անգամ խանութում տեղակայված փոքրիկ սեղանիկի մոտ է հնարավոր վարկ ձեւակերպել։

Շատ արագ տրամադրվող վարկեր, որոնք  երբեմն քաղաքացու համար այնքան թանկ են, որ այլ միջնորդավճարները, տույժ ու տուգանքները տոկոսի վերածած՝ գերազանցում են տարեկան 30 տոկոսը: Վարկային կազմակերպությունների գործելաոճից տուժած Ռուբեն Խաչատրյանը ներկայացնելով իր պատմությունը կարծում է, որ ճակատագրին արժանացածները շատ են։

«35 հազար դոլար վարկ եմ վերցրել, աճուրդ է կազմակերպել 5 անգամ՝ առանց տեղյակ պահելու։ Իմ բնակարանը իր սեփականություն է որպես գրանցել։ Այդ ժամանակ արժեր իմ բնակարանը 300 հազար դոլարին համարժեք դրամ։ Ծանուցում չեմ ստացել։ Աճուրդի ժամանակ գնորդ չի եղել, ընկերության ղեկավարը ինքն է ամբողջը կազմակերպել։  Պայմանվորվեցինք պարտքս վճարեմ` վաճառելով բնակարանս, իսկ պարտքս 35 հազարից դարձավ 70 հազար դոլար։ Անցնում է 10 օր, մտնում եմ ղեկավարի սենյակ, ասում է 120 հազար դոլար կտաս բաց կթողեմ»։

Փաստաբան Ինգա Ավագյանը հաստատում է, որ վարկային կազմակերպություններից տուժած քաղաքացիների թիվը մեծ է, շատ են նաեւ դատական վեճերը։ Դատական որոշումներն էլ` հօգուտ վարկային կազմակերպությունների են։  Նրանց գայթակղիչ առաջարկները երբեմն ծուղակ են պարունակում՝ շեշտում է փաստաբանը: Որտե՞ղ է ծուղակը: Նախ՝ գործարքն առանց փաստաթղթերի չէ. երկկողմ պայմանագիրն արդեն փաստ է։ Փաստաբանը ներկայացնում է հերթական դատական գործերից մեկի մանրամասները։

«Տվյալ կազմակերպությունները օգտվելով իրենց տված լիազորություններից, դիրքից, այլ անձանց կամ պետական մարմինների կողմից հովանվորչությունից իրականցում են վաշխառություն, որը քրեական պատասխանատվության է ենթադրում։  Բացի այդ, տարբեր փորձաքննությունների արդյունքում՝ դատաֆինանսական, դատահաշվապահական հաշվարկել են, պարզել, որ տվյալ վարկային կազմակերպությունը  իրականցնում է փաստացի տոկոսների կրկնապատիկը եւս։ Վստահորդիս կողմից ստացվել է 250 մլն դրամի պարտավորություն՝ տվյալ ընկերության նկատմամբ հետագայում հաշվարկվել է, որ 450 հազար դոլարի չափով համարժեք դրամի կարգի վճարում է արվել ու պարզվել, որ ունի նույնքան պարտավորություն, որի արդյունքում մարդիկ ունեզրկվում են»։

«Ռադիոլուր»–ի զրուցակիցը տնտեսագետ է` վարկային մասնագետ։ Քաջատեղյակ է վարկային կազմակերպությունների գործելաոճից, նշում է, որ  քաղաքացիներին, իրոք, գրավում է առանց տոկոսի գովազդը, որը բնականաբար առանց տոկոսի չէ:

«Այնտեղ կան կոմիսիոն վճարներ, վարկը ստանալիս արդեն իրենք պահում են իրենց միջնորդավճարը, որը եթե վերածում ես տոկոսի, շատ ավելի բարձր է գալիս, քան թույլատրում է Կենտրոնական բանկը տոկոսադրույք կիրառելու համար՝ մինչեւ 24 տոկոս»:

 Վարկային կազմակերպություններից մեկի կողմից տուժած  Ռուբեն Խաչատրյանն այսօր դատական գործընթացների մեջ է, հայտարարում է, որ վարկային կազմակերպությունները վաշխառուներ են եւ գործող բուրգերը պետք է քանդել։ Մյուս զրուցակիցս էլ պատմում է, թե ինչ արագությամբ են իր վարկային հայտը հաստատել կազմակերպություններից մեկում՝ առանց միջնորդավճարի, բայց զարմացել է, երբ տեղեկացրել են՝ թե որքան պետք է վերադարձնի 100 հազար դրամ գումարի դիմաց։

«ID-ով հարցում արեցին, 10 րոպեում հարյուր հազար դրամ տրամադրեցին։ Շահավետ չէր օգտվելու համար՝ ամսական 15 հազար դրամ՝ հարյուր հազարի դիմաց»:

Ովքե՞ր են դիմում նման վարկեր ստանալու համար: Մարդիկ, որոնք արդեն ունեն վարկեր կամ այլեւս չեն կարողանում ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել բանկերից։ Դիմում են գրավիչ, բայց իրականում ստանում թանկ վարկեր: Այստեղ առաջանում է վարկառուի ֆինանսական գրագիտության հարցը։ Փաստաբան Ինգա Ավագյանը շեշտում է` ոչ բոլորը կարող են բարդ ֆինանսական պայմանագրերը հստակ հասկանալ, բայց այն, որ ոլորտում բացերը շատ են ու դրանք կարգավորելու գործառույթը ԿԲ-ինն է, փաստ է։ Պետք է խստացվի վերահսկողությունը, միջնորդավճարների, այլ վճարների ու տույժերի խելամիտ շեմ սահմանվի, ասում է փաստաբանը։

Վարկային կազմակերպություններից մեկի հետ մեր մասնավոր զրույցը հաստատում է մտահոգությունները: Առաջին վարկն, իրոք, տրամադրվում է արագ, անտոկոս և առանց միջնորդավճարի՝ 30 օրով: Մեջբերեմ վարկային կազմակերպության հետ նամակագրությունից մի հատված:

«Երկրորդ վարկից սկսած տրամադրում ենք առավելագույնը 500 000 դրամ սահմանաչափով գումար, մինչ 30 օր մարման ժամկետով, ամսական 2 տոկոս տոկոսադրույքով 3 տոկոս միջնորդավճարով: Տոկոսադրույքը միջնորդավճարը վճարում եք մայր գումարը մարելիս: Երկրորդ վարկից սկսած փոխվում են տրամադրման պայմանները։ Եթե գումարը ցանկանում եք ստանալ անհապաղ կանխիկ՝ ապա սկզբնապես 10%-ի չափով պահում է կատարվում, Եթե ցանկանում եք վարկը ստանալ անկանխիկ, ապա վարկի հաստատումից հետո գումարը կարող է փոխանցվել Ձեր ՀՀ բանկային հաշվեհամարին 1-2 բանկային օրվա ընթացքում՝ 5 տոկոս պահումով ։ իսկ եթե ստանում եք 14-րդ օրը փոխանցման միջոցով՝ ապա փոխանցման համար գումար չի պահվում»:

Ինչ վստահության հիման վրա են արագ տրամադրվում վարկերը։ Զրուցակիցներս փաստում են, որ գումարները վարկային կազմակերպությունը հաստատ հետ կստանա՝ բռնագանձումով լինի, հաշվի վրա կալանք կիրառելով, թե դատարանով, ինքը հաստատ տուժող կողմ չէ, տուժում է քաղաքացին։ Նշեմ, որ վարկային կազմակերպություններից տուժած քաղաքացիներն օրեր առաջ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել, որից հետո իրենց հանդիպել էր Կենտրոնական բանկի ներկայացուցիչը, խոսատացել քննարկել ներկայացված մտահոգությունները։ Այսօր մեզ ԿԲ հաստատեցին, որ խնդրից տեղյակ են եւ քաղաքացիների հարցմանը կպատասխանեն։

Նշեմ, որ վարկային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը Կենտրոնական բանկինն է:  Գլխավոր դրամատունը կարող է դրանց համար հաստատել կանոնակարգեր ու որոշ սահմանափակումներ միջոցների ներգրավման, տեղաբաշխման և չափերի, նաև իրենց առնչվող անձանց առումով: Այլ սահմանափակում չկա, բայց կա հորդոր ԿԲ-ից՝ օգտվել միայն լիցենզավորված կազմակերպությունների վարկերից: ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի վերահսկող Գրիգոր Աբաջյան.

« Վարկային կազմակերպություններն իրենց գովազդները միշտ էլ հնարավորինս հրապուրիչ են կառուցում: Բայց մենք ինտենսիվ կերպով այդ գովազդները հսկում ենք, առանձին-առանձին բոլոր գովազդները մոնիթորինգի ենք ենթարկում, եւ եթե անարժանահավատ կամ մոլորեցնող գովազդ ենք տեսնում, պարզում ենք պատճառներն ու իրականցնում համապատասխան միջոցառումներ»:

Գրիգոր Աբաջյանը շեշտում է՝ օրենքի պահանջով եթե գովազդում նշվում է վճար, պետք է անպայման ներկայացվի նաեւ տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը ներառում է բոլոր այլ վճարները:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից ռեպորտաժը պատրաստելու ընթացքում չկարողացանք տեղեկանալ, թե վերջին տարիներին վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձումների թիվը որքան է կազմել։

Back to top button