ԿարևորՀասարակություն

Թուրքիան ջրասույզ է անում պատմությունը․ թուրքական Հասանքեյֆի հայկական գաղտնիքը

Հասանքեյֆ՝ քաղաք Հայոց Միջագետքում, Արևմտյան Հայաստանում: Գտնվում էր պատմական Աղձնիք աշխարհի հարավային ծայրամասում, Մծբին քաղաքի մոտ․ Վիքիպեդիա հայերենով հանրագիտարանի տվյալներն են:

Ժամանակակից ձևակերպմամբ` Հասանքեյֆը հնագույն քաղաք է Թուրքիայի հարավ- արևմուտքում, Բաթման նահանգում, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի սահմանագծին, Տիգրիս գետի ափին։

Լուսանկարները՝ Արման Նուռի անձնական արխիվից

Հասանքեյֆը  եզակի պատմամշակութային արժեք է, որը կրում է տարբեր քաղաքակրթությունների հետքեր։ Բաց աղբուրներում առկա տեղեկությունների համաձայն՝  այն հիմնադրվել է ավելի քան 12 հազար տարի առաջ։ Եղել է հայկական թագավորության, Հռոմեական եւ Բյուզանդական կայսրությունների մաս։ 1260թ․ ոչնչացվել է մոնղոլական արշավանքների ժամանակ, այնուհետև  վերականգնվել և զարգացում ապրել Օսմանյան կայսրության տարիներին։ Հատկապես հայտնի է շումերական, ասորական և բաբելոնյան ժամանակների մոտ 4000 քարանձավներով։

Արևմտյան Հայաստան զբոսաշրջային քարտեզում Հասանքեյֆը ներառված չէ, բայց մոտակայքում հայտնված հայ զբոսաշրջիկներին հանդիպած տեղաբնակ քրդերը հորդորում են  բաց չթողնել այնտեղ  այցելելու հնարավորությունը։ Նույնը պատահել է Նուռի հետ։ Դիզայներ Արման Նուռը,  ում ավելի շատ ճանաչում ենք Նուռ անունով,  2009–ին է եղել Հասանքեյֆում։ Քարանձավներից մեկի վրա Երվանդունիների զինանշանն է տեսել։

«Մինչ քաղաք մտնելը հուշանվերների խանութից գիրք առանք, որտեղ թուրքերենով և անգլերենով Հասանքեյֆը ներկայացվում էր որպես հայկական քաղաք։ Երկրորդ անգամ զարմացանք, երբ  քաղաքի մուտքի՝ մեծ դարպասի վրա տեսանք Երվանդունիների զինանշանը,  որը վկայում էր քաղաքի հայկական լինելու մասին։ Թոնիրներ կային լավաշի, որոնք, իհարկե կարող են նաև հայկական չլինել, բայց միջավայրը ընդհանուր հայկական էր»,Հասանքեյֆ իր այցելությունից տպավորությունն է փոխանցում արվեստագետը։

Քարանձավային քաղաքի մոտակայքում է գտնվում է նաև 1500-ամյա Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին՝ իր վանական համալիրով, այն  Europa Nostra-ի ամենավտանգված 7 մշակութային հուշարձանների պահպանության ցանկում է ներառված։

Ասում են՝ 70 հարկանի ժայռափոր Հասանքեյֆը հնում եղել է ժամանցային քաղաք՝  հայկական Լաս-Վեգասը: Ժամանակին հարուստները Տիգրիս գետով հասել են այստեղ հանգստի նպատակով: Անվանումն էլ «հասան» և «քեֆ» բառերից է: Ասում են՝ այստեղից է ծագել նաև «քեֆչի Հասան» բառակապակցությունը, որով բնութագրում են զվարճանքներ սիրող մարդկանց: Վիքիպեդիայի անգլերեն տարբերակում այս քաղաքը հայերոնով  նշվում է որպես Հարսընքեյֆ։ Կարծում եմ` բացատրության կարիք չկա։

Թուրքիայի ներկա իշխանությունները 12 հազար տարեկան քաղաքի պատմությունը յուրովի են շարունակում։  Շուտով Վիքիպեդիայում կհայտնվի ևս մեկ տող պատմական այս գոհարի մասին։ 2020 թվական մարտ․ Հասանքեյֆը անհետացավ քարտեզից՝ անցավ ջրի տակ․

Մեծ ջուրն արդեն եկել է Հասանքեյֆ ու  շրջանի քրդական 200 բնակավայրեր․ պատմությունը խորտակվում է Թուրքիայի բազմակողմանի աշխարհաքաղաքական նկրտումների մեջ։ Ջրամբարի եւ ՀԷԿ-ի շինարարությունը, հակառակ բնակիչների եւ բնապահպան կազմակերպությունների բողոքների, սկսվել է 2006 թվականին: Մոտ 80 հազար քրդեր  հարկադրված արդեն լքել են իրենց տները՝ տեղափոխվելով մոտակայքում կառուցվող  Նոր Հասանքեյֆ։ 

Քուրդ ապստամբները  բազմաթիվ անգամներ առևանգել են ջրամբարը կառուցող թուրք շինարարներին, գողացել են նրանց շինարարական տեխնիկան, ականապատել տարածքը։ Այս ամենը միայն ձգձգել է Թուրքիայի նպատակները, բայց ոչ կասեցրել դրանք։ Այժմ Իլիսու ջրամբարն իր մեծությամբ չորրորդն է Թուրքիայում։ Իլիսուի վրա կառուցված հիդրոէլեկտրոկայանը կգործարկվի առաջիկա շաբաթներին՝ Անկարային օրական ապահովելով մեկ միլիոն դոլարի եկամուտ։

Անցանկալի մշակութային պատմական վկայությունները ջրասույզ անելու թուրքական քաղաքականության առաջին դեպքը չէ Հասանքեյֆը։ Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը հիշեցնում է Կոմմագենեի մայրաքաղաքներից Երվանդունիների հիմնած Սամոսատը։ Այն Եփրատ գետի ափին կառուցված  Աթաթուրքի ջրամբարարի տակ է մնացել։

«Թուրքիան, երևի, աշխարհում բացառիկ երկիր է, որը ջուրը  կարողանում է օգտագործել տարբեր նպատակներով ՝ սկսած տուրիզմից, պատմամշակութային ժառանգության ոչնչացումից  մինչև հարևան պետությունների դեմ լծակ և ժողովրդագրական պատկերի փոփոխում։ Թուրքիան շարունակելու է ջրամբարաշինությունը»։

Բայց պատմությունը ջնջելու միակ ցանկությամբ չէ, որ առաջնորդվում է Թուրքիան։ Անկարան հետապնդում է շատ ավելի լուրջ՝ ռազմաքաղաքական նպատակներ։ Հասանքեյֆը, ինչպես նշեցինք, ավելի քան չորս հազար քարանձավներից է կազմված։ Այնտեղ անարգել թաքնվում էին քուրդ զինյալները, զինամթերք պահում։ Իլիսուն ջրասույզ է անում նաև այս հնարավորությունը, կանխում է  քուրդ ապստամբների լոգիստիկ կապը, ելումուտը հյուսիսային Իրաքից։ 

Բացի այդ՝ այն շատ հզոր լծակ է Իրաքի դեմ։ Երբ Անկարան միայն Եփրատի գետահոսքն էր վերահսկում, Իրաքը մանեւրում էր, իսկ այժմ, երբ թուրքերը վարահսկելու են նաև Տիգրիսի գետահոսքը,  Իրաքը դատապարտված է ջուր խնդրել և լավ հարաբերություններ ունենալ իր հարևանի հետ։

Եփրատը և Տիգրիսը դարձել են Թուրքիայի ջրային իմպերիալիզմի հզոր գործիքը, որը հմտորեն բանեցվում է Սիրիայի և Իրաքի դեմ։

Թուրքիան ջրի միջոցով ամենատարբեր հարցեր է լուծում և  ջրային իմաստով կարող է դառնալով լուրջ խաղացող՝  հիդրոդոնոր, որը ջուր կմատակարարի սակավաջուր արաբական երկրներին։

 Հայկ Գաբրիելյանն ասում է, որ մի օր էլ Թուրքիայի տեսադաշտում հայտնվելու է Արաքսի գետավազանը, և Թուրքիան փորձելու է ջրազրկել նաև Հայաստանը։

«Կոչ եմ անում Թուրքիայի նման քայլերը որակել ոչ թե որպես մարտահրավեր, այլեւ հնարավորություն։ Եթե Թուրքիան ջրազրկի Հայաստանը` Արաքսի ջրերը օգտագործելով, մենք էլ նույնպիսի քայլեր պետք է ձեռնարկենք։ Մենք էլ պետք է ամբարենք դեպի Կասպից ծով գնացող մեր գետերի ջրերը և Ադրբեջանին ջրազրկենք՝ որպես պատրվակ օգտագործելով թուրքական քայլերը։ Մենք մեծ հնարավորություն ունենք ձեռք բերելու  շատ լուրջ ջրային լծակ Հարավային Կովկասում ջրային ռեսուրսներով ամենաաղքատ պետության` Ադրբեջանի դեմ»,-ասում է թուրքագետը։  

Հասանքեյֆի պատմական միջավայրը ջրասույզ անելուց առաջ Թուրքիան փրկել է օսմանյան շրջանի շինությունները` Նոր Հասանքեյֆը զարդարելով թուրքական պատմամշակութային կոթողներով։

Back to top button