ԿարևորՏնտեսական

Տնտեսության ցուցանիշերը միայն առաջին հայացքի՞ց են տպավորիչ

Տնտեսության առանցքային ցուցանիշները դիտարկելիս` 2019 թվականը պետք է համարել տնտեսական առումով բավականին լավ տարի՝ այս համոզմունքն է այսօր հայտնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

ՀՅԴ ներկայացուցիչ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ներկայացված ցուցանիշներն առաջին հայացքից են տպավորիչ թվում։ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ կարծում է, որ 2019-ը տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է, սակայն, ըստ նրա, կան նաեւ մտահոգություններ։                             

Ցանկացած իշխանություն հպարտությամբ կխոսի այն տնտեսական ցուցանիշերի մասին, որոնք արձանագրվել են՝ ձեւակերպեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ցուցանիշերից առանցքայինն էլ արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճն է։ Այն ամենաբարձրն է վերջին 10 տարիների ընթացքում՝ ասաց.

«Այսօր էլ տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն է։ Սա մեկ։ երկրորդը, երբ նայում ենք տնտեսական աճի կառուցվածքը, իհարկե, այդտեղ դեռ բարելավելու տեղեր կա, բայց մենք տեսնում ենք որոշակի բարելավումներ։ Երբ նայում ենք, թե հիմնականում որ ճյուղերի հաշվին է այդ աճը ապահովվել, ի հեճուկս այն կարծիքների, որ տնտեսական աճը ապահովվել է հիմնականում խաղային ոլորտի կամ մեքենաների հաշվին, մենք հստակ տեսնում ենք պաշտոնական տվյալների հիման վրա, որ ամենաշատը տնտեսական աճին նպաստել է մշակող արդյունաբերությունը»։ 

Ինչ վերաբերում է խաղային ոլորտին, որի մեջ մտնում են նաեւ մշակույթը, զվարճությունները, հանգիստը, տնտեսական աճին նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով՝ հստակեցրեց Բաբկեն Թունյանը։

ՀՅԴ ներկայացուցիչ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ներկայացված ցուցանիշներն առաջին հայացքից տպավորիչ են եւ թվում է, թե, այո, լուրջ առաջընթաց ունենք, սակայն նրա բնութագրմամբ.

«Ընդհանուր գնահատմամբ՝ մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել, հիմնարար փոփոխություններ տնտեսության կառուցվածքում եւ դեպի առաջընթաց ապահովող քաղաքականության մասով, ցավոք, էս պահին չունենք»։

Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համոզմամբ, սակայն, 2019-ը մեր տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է, որն ունի իր բնութագրերը։

«Ինստիտուցիոնալ տեղաշարժեր դեռ մեզանում չկան։ Բովանդակային առումով՝ չէի ասի, որ անցած տարվա մեր տնտեսության առանձին հատվածների զարգացումները պետք է մենք հիացմունքի առարկա դարձնենք։ 7.6 տոկոսը իհարկե շատ լավ է, շատ լավ է, որ դրա բաղադրիչներից է 9.2 տոկոս արդյունաբերության աճը, բայց դրանից հետո արդեն գալիս են անհանգստությունները. արդյունաբերության մեջ կրկին առաջին տեղում է հանքարդյունաբերությունը»։

Չի հաջողվել ձեւակերպել անհրաժեշտ նպատակադրումներ եւ գաղափարախոսությունը տնտեսական քաղաքականության մեջ՝ իր հերթին հավելեց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ իր այդ քննադատությունը վերաբերում է ոչ միայն ներկա կառավարությանը, այլ նաեւ բոլոր նախկիններին։

«Եթե չկա գաղափարախոսություն, չկա նպատակադրում,  իրավիճակային լուծումներ ենք մենք տալիս ժամանակի ցանկացած պահի»։

Այդ ամենը շուտով կլինի մշակվող ռազմավարությամբ՝ վստահեցրեց Բաբկեն Թունյանը, ապա՝ հակադարձելով  նշեց, որ հանքարդյունաբերության մասնաբաժնում բարելավում կա, շեշտեց, որ տնտեսագետ-բանախոսներն իրենք էլ լավ գիտեն, որ տնտեսության կառուցվածքի փոփոխությունը կարճ ժամանակում դժվար է լուծել։ Մատնանշեց նաեւ, որ 2019 թ-ի ընթացքում կատարվել են որոշակի քայլեր, որոնց էֆեկտները, նրա ձեւակերպմամբ, կզգացվեն արդեն այս տարվա ընթացքում եւ հետագա տարիներին։

Ըստ Արծվիկ Մինասյանի, սակայն, մի շարք օրենսդրական քայլեր վնասելու են  ներդրումային միջավայրին, օրինակ՝ բանկային գաղտնիքի հետ կապված օրենսդրությունը, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման օրենսդրական նախաձեռնությունը։

«Նույնիսկ էս հանրաքվեն։ Սրանք բոլորը վնասում են ներդրումային միջավայրին»։

Իշխող խորհրդարանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, սակայն, չկիսեց Արծվիկ Մինասյանի դիտարկումները։ Մասնավորապես, հանրաքվեի հետ կապված, ասաց, թե չի կարծում, որ հանրաքվեն որեւէ ձեւով    վնասում է ներդրումային միջավայրը:

«Եթե հիմա սա դուք ներկայացնում եք որպես դատական համակարգի վրա ճնշում, ես հակառակը կասեմ՝ սա դիտարկում եմ որպես դատական համակարգի առողջացում։ Համաձայն եմ, որ եթե դատական համակարգի վրա ճնշում լինի, դա տնտեսության վրա վատ կազդի»։

Բայց նաեւ փաստ է, որ եթե մի երկրում դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա, դա շատ վատ է ազդում տնտեսության վրա, իսկ որ մեր երկրում դատական համակարգի վրա վստահություն չի եղել եւ այսօր էլ շատ ցածր մակարդակի վրա է, կարծում եմ, ապացուցման կարիք չունի՝ եզրափակեց Բաբկեն Թունյանը։    

Back to top button