ԿարևորՄիջազգային

Մոսկվա-Անկարա սրացում․ կողմերը կարող են «հարաբերություններ պարզել» նաև Հարավային Կովկասում

Սիրիայի Իդլիբ նահանգը կրկին եռում է։ Մոսկվայի կողմից  աջակցություն ստացող Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինուժը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Սա Թուրքիայի ամենամեծ կորուստներն են սիրիական քաղաքացիական պատերազմի ամբողջ 9 տարիների ընթացքում: Երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Թուրքերի պնդմամբ՝ պատասխան գործողությունների հետևանքով սպանվել է 16 սիրիացի զինվոր:

Հատված Ռադիոլուրի 18․00-ի եթերից

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները այդ միջադեպից հետո էլ կտրուկ սրվել են։ Լարվածությունն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը։ Ինչպես հայտնել է  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թուրքիայի ղեկավարի խնդրանքով: Զրույցը եղել է սկզբնական պայմանավորվածությունները կատարելու և առաջիկայում ռուս-թուրքական գագաթաժողով անցկացնելու շուրջ։

Վերջին զարգացումները վերլուծելով՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը փաստում է․ կողմերին չի  հաջողվում Իդլիբի շուրջ համաձայնության գալ։

«Մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հեռախոսազրույցն է․ Պուտին-Էրդողան յուրաքանչյուր  հեռախոսազրույցին հաջորդած  նոր զարգացումը իր մասշտաբով և հետևանքներով շատ ավելի մեծ է լինում։ Կարծում եմ՝ խնդրի լուծումը կարող է լինել երկու երկների առաջնորդների հանդիպման դեպքում, բայց այդ հանդիպումները սովորաբար տեղի են ունենում, երբ կողմերի միջև արդեն իսկ լինում է մոտավոր պայմանավորվածություն։ Երկու առաջնորդների հանդիպման ձգձգումը վկայում է, որ կողմերը այս պահին չունեն առարկայական համաձայնություն»,- նշում է նա։

Ռուսական կողմին ակնհայտորեն դուր չեն գալիս հավակնություները և վարքը, որ ունի Անկարան՝ տարածաշրջանում Մոսկվայի  կարևորագույն գործընկերներից մեկը։ Թուրքիայի գործողությունները ուղղակիորեն հարվածում են Ռուսաստանի Դաշնության հեղինակությանն ու շահերին։ Արաբագետը չի բացառում սիրիական Իդլիբում ռուս–թուրքական ուղիղ առճակատումը։ 

«Սիրիական հակամարտությունում ներգրավված բոլոր դերակատարների շահերը այսօր խտացել են մեկ նահանգում՝ Իդլիբում, հետևաբար, այստեղ ոչինչ բացառել չի կարելի»,- նշում է նա։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դաշինքի հետ խորհրդակցություն է սկսել երեկվա միջադեպից հետո։ Անկարայի պահանջով այսօր դաշինքը Բյուսելում  խորհրդի արտահերթ նիստ է գումարել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ  անհանգստացած է սիրիական Իդլիբում թուրք զինծառայողներին ուղղված հարվածի պատճառով և աջակցություն է հայտնում ՆԱՏՕ-ի իր դաշնակցին։ «Վաշինգտոնը  կոչ է անում անհապաղ դադարեցնել Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի հարձակումները»,- ասել են ԱՄՆ պետդեպարտամենտում:

Արմեն Պետրոսյանը Սիրիայի իրադարձութուններին Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտության հավանականություն այս պահին չի տեսնում՝ արվող հայտարարությունները, գոնե այս պահին, դիտարկելով քարոզչական և հոգեբանական հարթությունում․ Թուրքիան ցույց է տալիս Ռուսաստանին, որ իրավիճակի էլ ավելի խորացման դեպքում, եթե Մոսկվան չկանգնեցնի Բաշար Ասադին, ՆԱՏՕ-ն ուղղակիորեն կարող է միջամտել, ինչը հղի է շատ ավելի վտանգավոր հետևանքներով։

Իդլիբից ոչ հեռու են գտնվում հայաշատ Հալեպն ու Լաթաքիան, որտեղ նույնպես հայկական համայնք կա։ Հալեպում է գտնվում  ՀՀ հումանիտար առաքելությունը։

«Ռուսաստանն ու Թուրքիան կենսական շահեր ունեն նաև մեր տարածաշրջանում։ Ամենաբացասական սցենարի դեպքում հարաբերությունների վատթարացումը կարող է բերել նրան, որ այս դերակատարները հարաբերությունները փորձեն պարզել նաև Հարավային Կովկասում, ինչը ուղղակիորեն կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության և նրա անվտանգության համար»,- նշում է Արմեն Պետրոսյանը։

Back to top button