ԿարևորՀասարակություն

Արմավիրում համայնքների միավորումն անխուսափելի է. Դողսում նախատեսված է միավորել 16 համայնք, իսկ Տարոնում՝ 7

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կառավարությունը հետամուտ կլինի համայնքների խոշորացման գործընթացին: Մինչև 2021թ նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել: Այս տարի խոշորացվելու են Արմավիրի մարզի համայնքները, Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը Աշոտ Գիլոյանի հետ:

Արմավիրի մարզում համայնքների միավորումն անխուսափելի է, որի պատճառով չեղարկվեցին Շահումյան, Արագած և Արշալույս համայնքների ղեկավարների ընտրությունները, քանի որ այս համայնքներում հունիսի 14-ին նախատեսվում է անցկացնել նոր ձևավորովող համայնքների տեղական ինքնակառավարման ընտրություններ: Այս մասին  արդեն ծանուցվել է  23 համայնք: Խոշորացման նպատակով ոչ մի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ չեն  դադարեցվի՝ ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  Տարածքային ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը Աշոտ Գիլոյանը.

«Արմավիրի մարզի մեծ մասում հիմնականում 2021թ-ին են ավարտվում համայնքների ղեկավարների լիազորությունները: Կառավարությունը նախատեսել է վաղաժամկետ չդադրեցնել լիազորությունները  և ժամկետների լրանալուց հետո  համայնքների միավորում իրականացնել ու գնալ համամասնական ընտրության»:

Համայնքների միավորուման ժամանակ առաջնորդվելու են  նույն չափորոշիչներով, որոնք կիրառվել են մյուս  խոշորացված համայնքներում և ցրեց բնակիչների այն մտավախությունը, որ գյուղերը կորցնելու են իրենց դեմքն ու արժեհամակարգը.

«Ասում են՝ ինչու՞ պետք է իմ գյուղը կպնի էն գյուղին, գյուղը չի կպնում, գյուղն իր արժեքային համակարգով, մշակութային ծիսակատարություններով, աղջիկ տալով-չտալով, էդ նույն բնակավայրը, նույն ձևաչափով մնում է: Խոսքը տեղական իշխանության միավորման մասին է, այն իշխանության,  որն օրենքով ու գաղափարախոսությամբ  ծառայություն մատուցի բնակչությանը: Դուք ասում եք Արմավիրի համայնքները խոշոր են ու խիտ բնակեցված, ինչո՞ւ եք միավորում, շատ լավ է, բայց ամեն մի բնակավայր՝ խիտ բնակեցվածությամբ հանդերձ, ինքնաբավ չի և  այն ծառայությունները, որն անհրաժեշտ է՝ չի ստանում»:

Աշոտ Գիլոյանն ասում է, որ համայնքների խոշորացմանը հիմնականում դեմ են համայնքների ղեկավարները և բնակիչներին տրամադրում են վարչատարածքային նոր ձևավորվող միավորումներ ստեղծելու դեմ: Ծաղկունք համայնքի ավագանու անդամ Անգին Ամիրջանյանը տեղյակ է, որ իրենց համայնքը միանալու է 15 գյուղի և ստեղծելու են Դողս համայնքը.

«Նորություն է, չգիտենք ինչ կլինի, դրա համար չեմ կարող էդ հարցին պատասխանել, բայց դժվար է լինելու: Ուղղակի, մենք քաղաքին կպած, հեռու գնանք, շատ դժվար կլինի»:

Ծանուցված համայնքների բնակիչների հետ հանդիպումներ են լինելու և ներկայացվելու են ներկայիս կառավարման բացասական կողմերը, որով համայնքը չի ուժեղանում և բերելու են օրինակներ միավորված համայնքների արդյունավետ գործունեությունից: Հայաստանի 915 համայնքից 465-ն արդեն խոշորացվել է 52 միավորման մեջ.

«Ավելի խոշոր բնակավայրեր են միավորվել: Հաղածին գյուղն ունի 5000 բնակիչ, բայց միավորվել է Դիլիջան համայնքի փնջում: Հիմա լրացուցիչ ծառայություններ է մատուցվում Հաղարծինում: 2016թ աշնանն է միավորվել, 2017թ օգոստոսի 1-ին գնացինք, մեկ տարին դեռ չէր լրացել, արդեն ուներ տրանսպորտային կայան՝ 51 միավոր տեխնիկայով: Հաղարծինի բյուջեն մինչև միավորումը 67 մլն դրամ էր, այդ ժամանակ 100 մլն դրամի ծառայություն էր մատուցվել: Կառավարությանն է տեսանելի, թե ինչպիսի վարչական միավորումներ պետք է ունենա երկիրը, որն ավելի արդյունավետ լինի»:

23 համայնքին ուղարկված  ծանուցումներում հիշեցվել  է հարցի շուրջ, համայնքի   բյուջեի հաշվին, տեղական հանրաքվե կազմակերպելու մասին. «Հանրաքվեի արդյունքները խորհրդատվական բնույթ ունեն՝ բնակչի կարծիքն իմանալու համար, որպեսզի կառավարությունը որոշումներ կայացնելուց առաջ իմանա, թե այդ համայնքի բնակչություն ինչ ձևով է տրամադրված»:

Միավորվելուց հետո բնակավայրերի վարչական ղեկավարներին տրվելու են բնակիչների հետ շփման բոլոր լիազորությունները, բացի ֆինանսական բլոկից: Համայանքների խոշորացմանը հետևելու է տեղական իշխանությունների ապակենտրոնացման գործընթացը. «Անցած տարի ապրիլ ամսին մեր կառավարությունը որոշում է ընդունել, ու այն բոլոր գրասենյակները, որ մեր խոշորացված համայնքներում կառուցել ենք ու կառուցում ենք, պետության կողմից մատուցվող 60 ծառայություն փոխանցվելու են իրենց»:

Արմավիրի մարզում առայժմ նախատեսվել է ստեղծել 2 համայնքային միավոր՝ Դողս և Տարոն համայնքային կենտրոններով: Դողսում նախատեսվել է միավորել 16 համայնք, իսկ Տարոնում՝ 7:  Աշոտ Գիլոյանը հակված է  23 բնակավայրի միավորմանը, բայց մինչ այդ լսելու են բնակիչների կարծիքները:

Back to top button