ԿարևորՎերլուծական

Թուրքիան կակտիվացնի կովկասյան ուղղությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիպ Էրդողանը Բաքվում էր Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Երկու երկրները համագործակցության ավելի քան 10 փաստաթուղթ են ստորագրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Անկարան սպառազինության համատեղ արտադրության հարցեր են քննարկում: Բացի դրանից՝ կողմերը ստորագրել են Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման մասին փոխըմբռնման հուշագիր:

Հատված Ռադիոլուրի 18.00–ի թողարկումից

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Էրդողանի ադրբեջանական այցը բավականին արդյունավետ է որակում Անկարայի համար՝ նկատելով․  Ադրբեջանը վերջապես համաձայնեց ստորագրել արտոնյալ ռեժիմով առևտրային համաձայնագիր։ Բացի այդ, կողմերը հուշագիր ստորագրեցին Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցման մասին։ Նրա խոսքով,  Թուրքիան միտումնավոր ձգձգում էր իր հատվածի կառուցումը, քանի որ Ադրբեջանն ընդդիմանում էր ազատ կամ արտոնյալ ռեժիմով առևտրային համաձայնագիր ստորագրել, Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու և Թուրքիայի կողմից Նախիջևանի հետ սահմանին ազատ առևտրային գոտի հիմնելու առջև կանաչ լույս վառել։ Այս երեք կետերից Ադրբեջանն առաջինը տեղի տվեց Նախիջևանի հարցում, ապա վիզային ռեժիմի հարցում և հիմա էլ արտոնյալ առևտրային համաձայնագրի հարցում։ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի կառուցման ձգձգմամբ Թուրքիան ինքնաբերաբար ձգձգում է նաև Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթգծի շինարարության հարցը։

  «Ձգձգմամբ Թուրքիան ցանկանում էր երեք կարևոր զիջումներ ստանալ Բաքվից՝ ազատ կամ արտոնյալ ռեժիմով առևտրի պայմանագրի ստորագրում, վիզային ռեժիմի վերացում Թուրքիայի քաղաքացիների համար, Նախիջևանի հետ սահմանին ազատ առևտրի գոտու ստեղծում։  Այս երեք կարևոր հիմնախնդիրները  լուծվել են, և Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը կարող է իրագործվել համաձայնագրերի բացակայությունը խոչընդոտ էր այդ նախագծի իրականացման համար։ Այժմ այլևս խոչընդոտ չկա,  և Թուրքիան ու Ադրբեջանը ձեռնամուխ կլինեն նաև Կարս–Իգդիր – Նախիջևան երկաթգծի կառուցմանը»։

Տնտեսական համագործակցության սերտացումը ավելացնում է Թուրքիայի համար Ադրբեջանի կարևորությունը։ Ադրբեջանի դերի աճը Թուրքիայի համար փորձագետը ևս մեկ բնական խոչընդոտ է համարում Հայաստան–Թուրքիա հարաբերությունները կարևորելու համար։

Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթգծի  կառուցմամբ Թուրքիան կարող է դառնալ Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի մի մաս, չնայած, Գաբրիելյանի խոսքով, Իրանն այդ միջանցքի մի մաս էր ընտրել Հայաստանը։  Եթե երկաթգիծը կառուցվի, ապա բեռները Պարսից ծոցից Իրանի տարածքով  կարող են ուղարկվել Նախիջևան, Նախիջևանից էլ Կարսով և Տրապիզոնով՝  Սև ծով։ Հայաստանը պետք է շտապի Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի կառուցման հարցում։

Էրդողանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ չի շրջանցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույնպես մեր հարցն է»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նա դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից։

«ԵԱՀԿ Մինսկի խումբն անկեղծ չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործում. մոտ 25 տարի է շարունակվում է ձգձգման քաղաքականությունը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի բացահայտ ցանկությունները՝ դերակատարություն ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, նորություն չեն։ Բացի այդ՝  թուրք–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներում մշտապես քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Անկարան հանդես է գալիս ադրբեջանամետ հայտարարություններով։ Ի՞նչ նոր ուղերձ կար Էրդողանի հայտարարության տողատակում ՝ Թուրքիայի տարածաշրջանային դերակատարության բարձրացման փաստը հաշվի առնելով։

«Վերջին շրջանում թուրքական կողմի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրոք մտահոգիչ են և որոշակիորեն տարբերվում են նախկինում արված ադրբեջանամետ հայտարարություններից։ Վերջին հայտարարությամբ Թուրքիան մատնանշում է երկու կարևոր բան ինչպես Էրդողանն ասաց, հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է, այսինքն` Թուրքիան պետք է դերակատարություն ունենա իրենց հաշվարկներով։ Դրանից առաջ էլ նախագահ Էրդողանն ու արտգործնախարար Չավուշօղլուն ասել էին, որ եթե Ռուսաստանը ցանկանա, ապա կարող է լուծում տալ խնդրին»։

Գաբրիելյանի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանին գործարքի մեջ ներքաշել արցախյան կարգավորման հարցում, ընդգծում է Ռուսաստանի ազդեցությունը հայկական կողմի կամ կողմերի վրա և առաջարկում գործարք՝ այնպես, ինչպես Սիրիայում է։ Չի բացառվում որ Պուտինը կարող է տեղի տալ, նշում է թուրքագետը՝ որպես տարբերակ նշելով, օրինակ, Թուրքիայի զիջումները Լիբիայում կամ  Սիրիայում, փոխարենն ակնկալելով զիջումներ Ռուսաստանից Կովկասում եւ Արցախի հարցում։  

Հայկ Գաբրիելյանը կանխատեսում է կովկասյան ուղղությամբ Անկարայի գործողությունների կտրուկ ակտիվացում՝ չսպասելով լիբիական և սիրիական հակամարտությունների ավարտին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close