ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչպես են ստուգվելու և գնահատվելու դատավորները

Դատական համակարգի առողջացումը պետությունն սկսում է դատավորների բարեվարքության ստուգումից ՝ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը և բացատրել, թե ինչով է այդ ստուգումը տարբերվելու վեթինգից։

«Փորձում ենք ոչ թե կացնային տարբերակով գնալ, այլ համակարգ ներդնել, որ իրավական մեխանիզմներով հասկանանք՝ արդյո՞ք դատավորը բավարարում է պահանջներին, թե՞ ոչ»։

Դատավորի բարեվարքության ստուգում, նրա գործունեության գնահատում նախատեսվում է  Դատական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծով։

Գնահատումը վերաբերելու է թե գործող դատավորներին, թե դատավորի  թեկնածուներին։ Առայժմ անորոշ է հարցը, թե դատավորի նախկին  գործունեության որ հատվածն է ստուգվելու կամ մինչև ուր է  հետ գնալու  գործընթացը։

«Պետք չէ հակաիրավական ճանապարհով ստուգել  դատավորի բարեվարքությունը։ Եթե հասկանանք, որ չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտա ստուգել նախկինում ձեռք բերվածը, ապա գիծ կքաշենք և ստուգումը կսկսենք այս պահից։ Եթե գտնենք մեխանիզմ, որը կլինի օբյեկտիվ և արդար, կգնանք այդ ճանապարհով»։

ԲԴԽ- ում համաձայն են առաջինն անցնել բարեվարքության ստուգատեսը։ «Այո, առաջինը մեզ պետք է ստուգեն, քանի մեր որոշումները պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար, ուստի մեր նկատմամբ պետք է լինի բարձր վստահություն»,- ասել է ԲԴԽ անդամը։

Փոխարենը` ԲԴԽ–ում համաձայն չեն դատավորների հավակնորդների համար տարիքային շեմը քսանութից քսանհինգ դարձնելու առաջարկին։ Կառավարությունը կարծում է, որ այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող անձանց:

ԲԴԽ–ում կարծում են, որ երիտասարդությունը անհրաժեշտ, բայց բավարար նախապայման չէ։

«Միևնույնն է, վերջնական որոշումը՝ անձը կդառնա՞ դատավոր, թե՞ ոչ , ԲԴԽ–ինն է,  և մենք որոշում կայացնելիս մեր մոտեցմամբ կառաջնորդվենք»,- ասել է ԲԴԽ անդամը։

Back to top button