ԿարևորՀասարակություն

Ոստիկանության բարեփոխումներ․ հանրային քննարկումները շարունակվում են

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հանրային քննարկումները շարունակվում են։ Ամենատարբեր գնահատականներ ու կարծիքներ կան.  թե՛ մշակված եւ հանրային քննարկումների փուլում գտնվող բարեփոխումների ռազմավարության, թե՛ բարեփոխումների բովանդակության վերաբերյալ։

Մի բան, սակայն, կարծես ընդհանուր է գրեթե բոլոր քննարկումների ժամանակ՝ ոստիկանության արմատական բարեփոխումների անհրաժեշտություն տեսնում են թե՛ ոստիկանության ներսում, թե՛ դրսում՝ հասարակական-քաղաքացիական կառույցների ներկայացուցիչները։

Փաստաթուղթը երկար սպասված է՝ ասում է ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա կարծում է, որ համակարգի նոր իրավակարգավորումները վաղուց են անհրաժեշտ։ Երկիր ժամանող քաղաքացիների  մոտ առաջին պատկերացումները ոստիկանի հետ շփումներից են ձեւավորվում, ուստի այդ առումով պատգամավորը կարեւորում է բարեփոխումներով նախատեսված պարեկային ստորաբաժանման ստեղծումը. 

«Որը, որ առաջնագծում է լինում եւ առաջին շփումները քաղաքացիների հետ հենց պարեկային ոստիկաներն են ունենալու։ Այսօրվա ՃՈ թվակազմի գրեթե 2.5 անգամ ավելին է լինելու պարեկների թիվը։ Խնդիրը դրվելու է հետեւյալ կերպ՝ պարեկի նպատակը իրավախախտումները եւ հանցագործությունները կանխելը եւ նախականխելն է եւ ոչ թե ավելի շատ իրավախախտումների հայտնաբերելը, հարկադրանքի միջոցներ կիրառելը։ իր գոյությամբ նա պետք է կանխարգելիչ նշանակություն ունենա եւ դա մի շարք երկրներում հաջողվել է, օրինակ՝ Վրաստանում»,– նշում է Խաչատրյանը։

Պարեկային ծառայության ստեղծումն այս բարեփոխումների առաջին արդյունքն է լինելու՝ 2022 թվականին արդեն պետք է այն ձեւավորված լինի եւ ներկայացնելու է ոստիկանության, այսպես ասած, արտաքին ծառայության 80-90 տոկոսը։ Պարեկային ծառայությունը ըստ էության, իր մեծ մեկտեղելու է նաեւ ՃՈ եւ պարեկապահակային ծառայության գործառույթները։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը հիշեցնում է բարեփոխումների առանցքային վերջնանպատակը. այն է, թե՝ ինչպիսի ոստիկանություն է պետք ունենալ. «Հասարակության վստահությունը վայելող հանրային ծառայության տեսակ. սա է մեծ հաշվով ամենամեծ նպատակը»։ 

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է նաեւ որոշակի լիազորություններ վերադարձնել ոստիկանությանը, որոնք ոստիկանությունից վերցվել էին  վերջին 20 տարվա ընթացքում։ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ այդպիսով հնարավորություն է տրվում ոստիկանությանը լիարժեք կատարելու իր առջեւ դրված խնդիրները։ 

«Շատ կարեւոր է նախաքննական գործառույթների մի մասի վերադարձը ոստիկանություն։ Այստեղ լուրջ խնդիրներ կար՝ ոստիկանությունը բացառապես զրկված էր նախաքննական պրոցեսին մասնակցելու հնարավորությունից, ինչը բավականին խոչընդոտում էր որոշակի հանցատեսակների բացահայտումը»,– հավելումէ Խաչատրյանը։ 

Ոստիկանության՝ նախաքննություն իրականացնելու լիազորությունը վերականգնելու մտադրությունը, սակայն, ոչ բոլոր շրջանակներն են ճիշտ համարում։ Ոմանց գնահատմամբ՝ դա նշանակում է հետընթաց։ Փաստաբան Նորայր Նորիկյանն, օրինակ, ասաց, որ անձամբ բավականին մեծ ուշադրություն դարձրել է այդ խնդրին՝ ելնելով նաեւ փաստաբանական գործունեության փորձից։ Կարծում է, որ նման լիազորություններ ոստիկանությանը վերադարձնելը խնդրահարույց է։

«Արդյո՞ք անհրաժեշտ է ոստիկանությանը վերապահել այդ «մինիդատավարությունը» կամ «մինիարդարադատությունը» իրականացնելու իրավասություն։ Արդյո՞ք դրանով մենք գերատեսչական շահը չենք գերադասի արդյունավետ քննության շահից»,– ասաց Նորայր Նորիկյանը։ 

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյան․«Շատ է խոսվում, թե՝ նորից հետընթաց ենք անում՝ հետաքննության մարմնին տալիս ենք նախաքննության լիազորություններ։ Կարող եք բացատրել՝ ո՞նց ոստիկանը պետք է վարվի՝ առանց քննչական այդ կարեւորագույն գործողությունների եւ դատավարական գործողությունները կատարելու, եթե նա չի կարող մարդուն տեղում ձերբակալել անմիջական կասկածի հիման վրա, եթե նա չի կարող անձնական խուզարկություն կատարել, որը պարտավոր է կատարի անմիջապես եւ այլն»։ 

Արմեն Ղուկասյանի փոխանցմամբ՝ համակարգում բարեփոխումները նախաձեռնվել են 2019 թ-ից եւ հիմա այն հանգրվանին են հասել, որ կա փոխհամաձայնեցված փաստաթուղթ, որոնց շուրջ էլ տարվում են քննարկումները։ Նրան, ըստ էության, չէր բավարարում այն, որ ոմանց գնահատականով ռազմավարության մեջ պետք է այսօրվա ոստիկանությանը իրավաքաղաքական գնահատական տրվի։    

«Ոստիկանության գործունեության իրավաքաղակական գնահատականին, իմ կարծիքով, այդ փաստաթղթում անդրադարձ կատարելու անհրաժեշտություն չկա։ Փաստաթղթի առկայությունն արդեն իսկ խոսուն վկայությունն է այն բանի, որ ամեն ինչ չէ, որ բավարարում է բոլորիս՝ քաղաքացիական հասարակությանը, ոստիկանությանը նույնպես չի բավարարում իրերի այսօրվա վիճակը»,– ասում է Ղակուսյանը։ 

Ոստիկանությունում պատրաստ են աշխատել՝ առարկայական քննարկումների միջոցով ունենալու բոլորի համար շատ ավելի լավ ոստիկանություն։ Կարո՞ղ ենք դա ստեղծել՝ հարցրեց ՀՀ Ոստիկանության շտաբի պետը եւ ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ վստահեցնելով, թե՝ այո կարող ենք։

Back to top button