ԿարևորՀասարակություն

Հայ-իրանական սահմանին խուճապ չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Հայաստանը երկու շաբաթով դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ։ «Ռադիոլուրը» եղել է Մեղրու մաքսատան տարածքում և զրուցել քաղաքացիների հետ։ Նրանք նշել են, որ խուճապ չկա, ամեն ինչ սովորականի պես է։

Մեղրու մաքսատան մուտքին մոտեցանք Սոնիկ Մկրտչյանին։ Առևտրից էր վերադառնում հարեւան երկրից, անմիջապես ժպտալով ասաց, որ չնայած հոգնած է, բայց իրեն շատ լավ է զգում։

«Ես հագել էի դիմակ ու ձեռնոց։ Այստեղ էլ ճնշումը ստուգել են։ Մտել եմ մոտիկ խանութից վերցրել ու դուրս եկել, այն մյուս կողմերը չեմ գնացել։ Այնքան էլ շատ չէ, մարդ չկա գրեթե, շատ քիչ են»։

Առևտրական Սուսաննա Մնացականյանը մեր մարցին, թե արդյո՞ք չի վախենում առևտրի գնալ, մանավանդ, երբ կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով Իրանը երկրորդն է Չինաստանից հետ, պատասխանում է․

«Ես չեմ վախենում, չեմ վարակվում, սարի մարդ եմ։ Ստուգել են մեր ջերմությունը և վերջ։ Իրենք շատ են, մեր հայերը քիչ են` համեմատաբար։ Տասը հոգի դիմակով են, 100 հոգի էլ ինձ նման»։

Առևտրականներից մեկն էլ չցանկացավ ներկայանալ, բաց զրուցեց մեզ հետ։

«Ոչ մի խուճապ չկար, ջերմաչափումը անում էին։ Ափից եմ գալիս, խորքեր չեմ գնացել, ամեն ինչ նորմալ էր։ Մարդիկ կան` դիմակ են գցում, մարդիկ էլ կային` չէին գցում։ Ես գցել էի, նոր հանեցի։ Ես խուճապ չտեսա այն կողմում։ Քիչ էին, բայց շարժ կար»։ 

Հանդիպեցինք նաև բեռնատարների վարորդներին։ Սովորականի նման աշխատանքի բերումով գնում են Իրան, ամեն ինչ սովորականի պես է։ Անդրանիկ Խաչատրյանն ասում է․  «Գործ կա, պիտի գնանք բերենք։ Բեռնատարներին թույլատրվում է, դեռ գնում ենք, կարգելեն՝ չենք գնա։ Մեր աշխատանքն էլ այսպես է, պիտի անցնենք, բեռն այնտեղ մեզ է սպասում»։ 

Վարորդ Գևորգ Հայրապետյանն էլ նշում է․ «Մեքենան տալիս ենք ուրիշին, անձնագրով մարդիկ կան։ Իրենք էլի դիմակներով են, պարսիկներին էլ մեկ մետրից ավելի չենք մոտենում»։

Բժիշկ Էնի Քարամյանը Իրանից մեկնում է Երևան պաշտոնական հանդիպման։ Նրա համար այդքան էլ մտահոգիչ չէ հիվանդությունը։ «Մնում է հաղթահարել հիվանդության երկրորդ փուլը։ Իմունային համակարգը պետք է վերականգնել, պետք է շատ օգտագործել վիտամիններ»։

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Կապանի և Մեղրու ԲԿ-ներում կա կորոնավիրուսով հիվանդ։ Բժշկական կենտրոններից հերքել են տեղեկատվությունը։

Back to top button