ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Դատարանի բակում նիստի մեկնարկից առաջ հավաքվել են Սերժ Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ անդամներ։

Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի,  գործն ուղղորդված է և պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ, ինչի մասին վկայում է այն, որ գործը հարուցվել է «կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա»։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close