ԿարևորՀասարակություն

Վենետիկյան դիմակներին փոխարինում են բժշկականները․ Հայաստանը գնում է սահմանային խստացման

Չինաստանում կորոնավիրուսից մինչ օրս մահացել է 2348 մահ։ Հակառակ մասնագետների ջանքերին` վիրուսն ընդլայնում է սահմանները։ Եվրոպայում՝ կորոնավիրուսով վարակվածների թվով մտահոգիչ է Իտալիան, իսկ մեր հարեւան Իրանում արդեն գրանցվել է 8 մահ։

Ցուցանիշ, որը ամենաբարձրն է Չինաստանի սահմաններից դուրս։ Մեր երկրի իշխանությունները վիրուսի հնարավոր ներթափանցումը կանխարգելելու նպատակով սահմանային մի շարք խստացումների մասին որոշումներ են ընդունել։ Կորոնավիրուսն ու մեր կանխարգելիչ միջոցառումները՝ մանրամասներ ռեպորտաժում։

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով` որոշվել է երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ։ Ըստ որոշման, Իրանի հետ բեռնափոխադրումները իրականացվելու են առանց սահմանափակումների` կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

Որեւէ սահմանափակում չի կիրառվի Հայաստանի եւ Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։ Վարչապետը Իրանի հետ օդային հաղորդակցության երկշաբաթյա դադարի մասին հայտարարել էր դեռ երեկ։ Ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ «կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան»։

«Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ արձանագրել նաև, որ որևէ խուճապի անհրաժեշտություն չկա: Այո, կա խնդիր, բայց, փառք Աստծո, գոնե մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությանը, մեզ հաջողվել է խուսափել կորոնավիրուսով հիվանդ ունենալուց, և հույս ունենք, որ մեր ձեռնարկված միջոցների շնորհիվ նաև կկարողանանք պահպանել այս վիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է շատ սառը, սթափ, հանդարտ վերաբերմունք ունենանք այս իրավիճակին, և խուճապային տրամադրությունների և լուրերի տարածումը, իհարկե, որևէ կերպ խնդրի լուծմանը չի օգնում»:

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին և կանխարգելման միջոցառումներին նվիրված ասուլիս էր հրավիրել առողջապահության նախարարությունը։ Ըստ նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի, առաջին իսկ օրվանից ամենօրյա կապ է հաստատվել ԱՀԿ–ի, տարածաշրջանի երկրների համապատասխան մարմինների հետ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար, եւ առաջին իսկ քայլով ուժեղացվել են սահմանային անցակետերում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները։ Որքանո՞վ է արդյունավետ սահմանային խստացմամբ՝ վարակի տարածման կանխումը.  մասնագետը հետեւյալ պատասխանը տվեց։

«Սահմանային խստացման հարցը քննարկվում էր մի քանի օր անընդմեջ, եւ նախարարությունից արվել է առաջարկ՝  համաճարակաբանական վերլուծության արդյունքում։ Խնդիրը Իրանի հետ մեծ է հոսքն է, որը կարող էր անկառավարելի դառնալ։ Դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ հնարավոր է, որ հոսքերի ընթացքում չկարողանայինք 14 օրյա հսկողությունը սահմանել, եւ ժամանակավորապես սահմանափակումների գնացինք։ Դա չի նշանակում, որ չեն վերահսկվելու մյուս երկրների հետ ուղեւորահոսքերը»։

Չար կատակներն էլ այսօր կարելի է ասել կորոնավիրուսի նման տարածվում են։ Համացանցում տարածված կեղծ լուրի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացվել։ Գրառումը խուճապ էր ստեղծել, որը շատ արագ հերքվեց բժշկական կենտրոնի կողմից։ «Առ այսօր, ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։ Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- հայտարարեցին Կապանի Բժշկական կենտրոնից։

Իրանի հետ հաղորդակցությունը դադարեցնելու կամ սահմանափակելու որոշում են կայացրել նաեւ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրաքը եւ Քուվեյթը, ինչպես նաեւ Վրաստանը։ «Ավիաընկերությունները հնարավորություն կունենան Վրաստանի օդային տարածք տեղափոխել ինքնաթիռներն առանց ուղեւորների, որպեսզի Իրանից ժամանած զբոսաշրջիկները կարողանան վերադառնալ»,-ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Իրանում այսօր կորոնավիրուսից փաստացի բուժվում է շուրջ 40 մարդ, որը, ըստ փորձագետների, ենթադրում է, որ երկում մահվան դեպքերի թիվը կարող է աճել։ Հավելենք, որ 785 մարդ էլ գտնվում է  կարանտինի մեջ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար կներգրավվի ողջ պետական համակարգն ու հանրային սեկտորը, ինչպես նաեւ բանակը՝ նվազագույնի հասցնելու համար հիվանդության տարածումն ու մարդկային կորուստները։

Ավելի վաղ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ  հորդորել է իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց: Իսկ Իրանում ՀՀ քաղաքացիներին անպայման դիմել ՀՀ դեսպանություն։

Հայաստանը նաեւ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ փետրվարի 1–ից մինչ մարտի 31–ը կասեցրել է Չինաստանի քաղաքացիների առանց արտոնագրի մուտքը մեր երկիր։ «Ռադիոլուրի» հետ զրույցում արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  հայտնեց, որ գերատեսչությունը նաեւ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին է հորդորում խուսափել կարանտինային գոտում գտնվող մարդաշատ վայրերից։ Իսկ Իտալիան այսօր Ռայնէր բյուջետային ավիաընկերության մուտքից հետո ամենապահանջված երկիրն է՝ ըստ տուրիստական ընկերությունների։ 

Արգործնախարար Զոհրապ Մնացականյանն այսօր Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակի հետ մամուլի ասուլիսի ընթացքում շեշտեց, որ  Հայասատանը ուշադրություն է դարձնում Իտալիայում ստեղծված իրավիճակին։

«Սերտորեն աշխատել եւ աշխատում ենք Չինաստանի, Իրանի կառավարությունների հետ։ Բնականաբար, չենք կարող Իտալիայի իրավիճակին ուշադրություն չդարձնել: Այստեղ նաեւ անհրաժեշտ է որոշել, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ, որ մարտահրավերը համատեղ հաղթահարենք, պաշտպանենք սեփական բնակչությանը եւ վիրուսի տարածում թույլ չտանք»։

Հարկ է նշել, որ եվրոպական երկրներից Իտալիան կորոնավիրուսի տարածման դեպքերով առաջատար է՝ 5 մարդ մահացել է, 213–ը ախտահարվել։  Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի չտարածման պատճառով դադարեցրել է աշխատանքը Լա Սկալայի օպերային թատրոնը, ֆուտբոլային ակումբները նույնպես խաղերը չեղարկելու որոշում են ընդունել։

Վենետիկյան հայտնի դիմակահանդեսը ավարտվել է ժամկետից երկու օր շուտ, եւ  պսպղուն դիմակները փոխարինվել են բժշկականով։ Փակ է Սուրբ Մարկոսի մայր տաճարը։ Միլանում փակվել Է քաղաքի գլխավոր` սուրբ Աստվածածնի մայր տաճարը։ Իտալիայի Լոմբարդիա մարզի Կոդոնո քաղաքն այսօր այնքան ամայի է եղել, որ եվրոնյուզն այն անվանել է՝ ուրվական քաղաք։ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստովանել Է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չէին սպասում, բայց կարծում է, որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը տեսանելի կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Հարավային Կորեան նույնպես տագնապի մեջ է։ Մահվան 6 դեպք է գրանցվել։ Իսկ Չինաստանում կարծես թե վարակի տեմպերը դանդաղում են։ Ուհան քաղաքը, որը համաճարակի հիմնական կենտրոններից է, արդեն կարանտինի մեջ չէ, քաղաք մուտքի ու ելքի արգելքը դադարեցվել է։ Կայունացման լուրը նաեւ հաստատեցին առողջապահության նախարարությունից։

Back to top button