ԿարևորՀասարակություն

Ուտիս տատը գլորվեց ձորն ու եկավ Պաս պապը. Թեղենիքում նշել են Բարեկենդանի տոնը

Եղն ու բրինձը հազրել  ու սպասել էին բարեկենդանին, նա էլ չէր չուշացել,  հասել էր Թեղենիք իր հետ տանելով հարյուրավոր մարդկանց և դհոլ զուռնայով, երգ ու պարով՝ կենդանություն պագևել գյուղին: Բարեկենդանի հիմնական միջոցառումները կազմակերպվել են Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կառուցած  Սրբոց Նահատակած եկեղեցու բակում:

Բարեկենդանի տոնակատարությունը սկսվեց լավաշի թխման տեսարանով, թոնիրը կարմրել էր,  շուրթին՝ լավաշներ ծաղկել: Հաց թխողն էլ զգուշացնում էր՝ լավաշը պետք է 7 հատ թխել, հետո վերցնել, ուտել: Սա ժողովրդական սովորույթ է: Գյուղի կենտրոնում հավաքված տոնի մասնակիցները շուրջպար էին բռնել, թատերական ներկայացումներ ցուցադրել:

«Բարեկենդանը տոն է, ուրախություն, կարևորը ավանդույթները չեն խախտվում, ես շատ եմ հարգում մեր հայկական ավանդույթները: Երևանից ենք եկել, որպեսզի տոնին մասնակցենք»:

«Մենք Մեղրաձորից ենք: Բարեկենդանից հետո սկսվում է Մեծ Պահքը, պատրաստում են Պաս պապիկը, որը, ըստ ավանդության, երդիկից են կախում, տան մեջտեղից և Պաս պապիկը հսկում է, որ ոչ մեկը չխախտի պահքը»:

Բարեկենդանի տոնի մասնակիցները հագել էին դիմակները, վերցրել ակլատիզները, իսկ գլխավոր կերպարներ Ուտիս տատն ու Պաս պապը շերեփն ու փայտն առած շարունակական կռվի մեջ էին մինչև տոնի ավարտը: Թեղենիքի բնակիչներն այս ուրախ տոնին իրենց բակերում բացել էին ազգային կերակուրներով լի սեղաններ՝ հալվա, գաթա, փոխինդ, ընկույզ, ավելուկով ուտեստներ.

«Մեծ ուրախությամբ ենք պատրաստել, ուրախ ենք, որ նման նախաձեռնություն է եղել, մարդիկ իմացան Թեղենիքի տեղը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն»:

Բարեկենդանի տոնը  բարի կենդանություն պարգևեց Թեղենիք գյուղին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես մասնակցում էր տոնին: Նա հույս հայտնեց, որ  Թեղենիք այցելած հյուրերը կրկին կգան գյուղ՝ վայելելու անարատ բնության բարիքները.

«Առանձնահատուկ կարևորում եմ մեր ժողովրդական տոնախմբության կազմակերպումը գյուղում: Այս տոնախմբությունը մասնավորապես գյուղում առկա գրավչությունները տուրօպերատորների ուշադրության կենտրոն բերելն էր և հանրության ուշադրությունը դեպի Թեղենիք սևեռելն էր: Բարի, ուրախ Բարեկենդան բոլորիս»

Բարեկենդանի տոնը Թեղենիքում անցկանելու մտահղաղցումը  «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի հեղինակ-կազմակերպիչ Կարինե Փանոսյանինն էր, որը  «Կեան» մշակութային կենտրոնի հետ իրագործեց գաղափարը.

«Սա այն համայնքներից մեկն է, որն ունի մեծ պոտենցիալ, բայց դեռևս զբոսաշրջությունն այստեղ զարգացած չէ: Քանի որ այստեղ նպատակ ունեն տուրիզմ զարգացնել, մենք որոշեցինք այստեղ հիմնավորվել և արդարացան մեր սպասումները»:

Բարեկենդանը խորհրդանշում է դրախտում Ադամի ու Եվայի ունեցած երջանիկ կյանքը մինչև բարու և չարի ծառի  պտղի ճաշակելը:  Բարեկենդանի տոնին  մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից՝ խաղաղության: Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ քահանա Հագեյան. «Բարեկենդանի հոգևոր խորհուրդը բարի կենդանությունն է  մեր նախահայր Ադամի և Եվայի դրախտում եղած ժամանակահատվածը, և հաջորդիվ գիտենք, մեղքի ճաշակմամբ մարդը ընկավ հոգևոր արթնությունից: Բարեկենդանը նախորդում է Մեծ Պահքին»:

Բարեկենդանի ավարտին Ուտիս տատը գլորվեց ձորն ու եկավ Պաս պապը, իսկ այսօրվանից սկսվեց Մեծ Պահքը:

 Ձեզ՝ Բարեկենդան, Մեզ՝ բարի Զատիկ:

Back to top button