ԿարևորՔաղաքական

ԼՂՀ Անվտանգությունը եւ կարգավիճակը տարանջատված չեն․ Զոհրաբ Մնացականյան

Պաշտոնական այցով Հայաստանում է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի նպատակը Սլովակիայի դեսպանության բացումն է։ Պաշտոնակիցները վստահեցրել են,  որ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի կբարձրացնի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարները խոսել են ղարաբաղյան գործընթացի մասին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Վիրավորվել է հայ զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կողմը կրակը դադարեցրել է: Այս առումով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հստակեցրեց, որ սրացման ռիսկերի աճը հնարավորություն չի տալու առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում։

«Կոնկրետ միջոցառումներ կան նպազեցնելու ռիսկերը»։

Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտադրում էր անվտանգության կարեւորությունը, արդյո՞ք դա նշանակում է, որ ինքնորոշման իրավունքի հարցը երկրորդական է դառնում դրա ֆոնին։ Ի՞նչն է հիմք տվել ենթադրելու, թե հայկական կողմը հնարավոր է վերանայի այնպիսի կարեւորագույն սկզբունքը, ինչպիսին ինքնորոշման իրավունքն է` տարակուսում է արտգործնախարարը։ Զոհրաբ Մնացականյանը տեղին  համարեց ընթերցել  Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթից հատված ու հստակեցրեց, որ հիմք չկա ենթադրելու, թե անվտանգությունը եւ կարգավիճակը տարանջատված են․

«Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի հիմքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը եւ հիմքը։ Սա նշանակում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որեւէ սահմանափակման, ինչ պետք է հստակորեն եւ միանշանակորեն ընդունվի։  Առանց  սահմանափակման տերմինը պարզորոշ ցույց է տալիս Արցախի ժողովրդի իրավունք ունենալ եւ որոշել իրենց կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս»։

Մյունխենյան սկզբունքների պարզաբանման կարիք եղավ։ Նախարար Մնացականյանը եւս մեկ անգամ բացատրեց, որ այդ սկզբունքներում չկա որեւէ բան, որը վերափոխում, վերաձեւակերպում է հայկական կողմի դիրքորոշումը։

Արցախյան գործընթացի մասին հարց առաջացավ նաեւ սլովակ լրագրողի մոտ։ Ի պատասխան` Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը հստակեցրեց, որ Սլովակիան սատարում է խնդրի կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում։  

«Ժնեւում եւ Մյունխենում հանդիպեցին, դա անշուշտ դրական է։ Աջակցում ենք գործընթացին։ Սլովակիան պատրատ է իր կողմից անել հրանավորը»։

Նախարար Մնացականյանն իր հերթին նշում է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու շուրջ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններն անտեսելը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մերժումը եւ առավելապաշտական դիրքերից ներկայանալը խոչընդոտում են խաղաղ գործընթացում առաջընթացին։

Back to top button