Ծովահայեր

Դայվինգը՝ մեր թվարկությունից առաջ. «Ծովահայեր»

Դայվինգը՝ որպես ընտանեկան ժամանցի կազմակերպման և նոր ասպարեզներ բացահայտելու միջոց։ Ընտանեկան դայվինգ ծրագրերի՝ «Ծովից-ծով Հայաստան» նախագծի տպավորությունների և Սևանա լճի հատակը մաքրելու հաճելի պարտավորության մասին պատմում են Լուսինե Շախոյանը և Մհեր Ազիզբեկյանը։

Ամուսինները միացան «Արմդայվինգ» սուզորդների թիմին, Սևանա լճում սովորեցին սուզվել, ստացան PADI-ի վկայականներ, որոնք հնարավորություն են տալիս սուզվելու աշխարհի տարբեր ջրերում:

2014թ. ից «Արմդայվինգ»-ի նախաձեռնած «Ծովից-ծով Հայաստան» ծրագրի շրջանակում իրենց ժամանցն են կազմակերպել տարբեր երկրների ծովերում և Վանա լճում, տպավորվել գեղեցիկ մարջաններով, գունեղ ձկներով, ջրասույզ հուշարձաններով ու խորտակված նավի տեսարանով:

Սակայն Լուսինե Շախոյանի և Մհեր Ազիզբեկյանի համար ամենակարևոր նախաձեռնություններից մեկը Սևանա լիճը աղբից ազատելն է: Ամեն տարի նրանք «Արմդայվինգ»-ի թիմի հետ Սևանի հատակից տոննաներով կենցաղային աղբ են դուրս բերում և լճին շնչելու հնարավորություն տալիս:

Դայվինգը մեր երկրում հնարավորինս շատ ճանաչելի դարձնելու «Արմդայվինգ»-ի նախագծերը տարբեր են, դրանցից մեկն էլ «Գաթա» բենդի հետ համատեղ տեսահոլովակի ստեղծումն էր, որտեղ երաժշտական գործիքների փոխարեն սուզորդական պարագաներով ու հանդերձանքով նվագում և երգում են նաև մեր հյուրերը:

Նորածնի փառը՝ ակվալանգի նախատիպ

Լճերի, ծովերի, օվկիանոսների հատակն ուսումնասիրելու տարաբնույթ փորձեր են արվել դեռ մեր թվարկությունից առաջ, անհիշելի ժամանակներից:  

Իսկ ինչպե՞ս: Այդ ձևերից մեկը պարզելու համար քայլերս ուղղում եմ դեպի ծննդատուն։ Զարմացա՞ք: Ես էլ ապշեցի, երբ ծանոթացա մեր մատենագիրների վկայություններին։

Գրիգոր Տաթևացին պատմում է, որ հնում սուզվել են նորածնի փառի օգնությամբ. այն պարկի պես հագել են գլխին, նաև տեսանելիությունն է ապահովել,  իսկ ջրի տակ լուսավորելու համար վերցրել են ձեթով սրվակ կամ բուշ, ինչպես հիշատակում են։   

 Ծննդատանը ուզում եմ տեսնել նորածնի այդ փառը և հասկանալ, թե ինչու են մեր նախնիներն ընտրել հենց այդ միջոցը ծովերից մարգարիտներ հանելու կամ ծովամարտերին մասնակցելու նպատակով, բայց ծննդկանի ճիչերից ինքնազգացողությունս վատանում է:

 Այս փորձարկումը կանեմ մեկ այլ անգամ։

Վերադառնանք գրավոր աղբյուրներին

Համաշխարհային գրականության և մատենագրության մեջ ու նույնիսկ սեպագիր արձանագրություններում է հիշատակվում ծովերի հատակը նվաճելու մասին:

«Գիլգամեշ» դյուցազներգությունում ասվում է, թե ինչպես է Գիլգամեշը ոտքին ծանր քարեր կապելով՝ իջնում օվկիանոսի հատակը, որպեսզի գտնի անմահության ծաղիկը: Երբ ծանր քարերը ոտքից արձակում է, ջուրը նրան վերև է բարձրացնում: Սակայն Գիլգամեշում հիշատակված չէ, թե ինչպես է շնչել ջրի տակ:

 Արիստոտելի, Հոմերոսի, Պլատոնի, Էսքիլեսի աշխատություններում հաճախ է հանդիպում ջրասուզակի կերպարը:

Արիստոտելը գրում է թե ինչպես են հնում սուզվել օդով լցված տարաներով։ Հին ձեռագրերում ասվում է, թե ինչպես է Ալեքսանդր Մակեդոնացին Ք.Ա. 330 թ.- ին սպիտակ զանգով սուզվել ծովի խորքը և օրեր շարունակ մնացել այնտեղ (օրեր շարունակ ծովի հատակին մնալու փաստը մի քիչ չափազանցություն է թվում):   

15-րդ դարում ջրասուզական հնարքների փնտրտուքը հանգիստ չի տվել Լեոնարդո դա Վինչիին։  Դա Վինչիի բնագրերը խոշորացույցի և հայելու օգնությամբ վերծանել է  Ռուբեն Օրբելին, ով հանդիսանում է Խորհրդային միության հիդրոհնագիտության առաջամարտիկը։

 1531թ.-ին Իտալիայում Գուգլիելմո դե Լորենան  հեղինակեց ջրասուզական զանգ, որն օգտագործվում էր հին հռոմեական խորտակված նավերը վերստեղծելու համար։

Միջնադարյան եվրոպայում ջրասուզական զանգեր պատրասում էին հիմնականում խորտակված նավերից  գանձեր դուրս բերելու համար։

Հալլի ստեղծած ջրասուզական զանգը

Ջրասուզական առավել կատարելագործված զանգ է ստեղծել անգլիացի Էդմունդ Հալլին 1680 թ.-ին։

Դրանից 108 տարի հետո  շոտլանդացի ինժեներ Ջոն Սմիթոնի ստեղծած ջրասուզական զանգն ավելի կատարելագործված  էր՝ օդամղիչով։

   1772 թվականին ֆրանսիացի գյուտարար Ֆրեմինեն ակվալանգի նման մի սարք ստեղծեց: Նրա ծրագրածի համաձայն` սարքը պետք է հեռացներ օգտագործված օդը և ջրասուզակին նոր օդ փոխանցեր:  Ցավոք, հայտնագործությունը շատ թերի կողմեր ուներ, և գյուտարարը՝ ցանկանալով փորձարկել իր սարքը, ուղղակի խեղդվեց:

Քլինգերթի ջրասուզական հանդերձանքը

Քսանհինգ տարի անց՝ 1797 թ.–ին, լեհ Կարլ Հենրի Քլինգերթը Ֆրեմինեն ակվալանգի նմանությամբ ստեղծեց  ջրասուզական հանդերձանքի իր մոդելը`  կաշվից և երկաթից։  Այս դեպքում՝ որևէ մեկի մահվամ մասին չի հիշատակվում։  

1943թ.–ին Ժակ իվ Կուստոյի ակվալանգի կատարելագորված գյուտը նոր էջ բացեց սուզակության պատմության մեջ։  Նոր շրջանի ակվալանգի գյուտի համահեղինակն էր Էմիլ Գանյանը։

  Առաջին անգամ այն մարդկությանը թույլ տվեց երկարատև ստորջրյա հետազոտություններ կատարել, ինչը մեծապես նպաստեց ստորջրյա աշխարհի մասին ժամանակակից գիտելիքների կատարելագործմանը:  Կուստոն դարձավ ջրային առաջին տեսախցիկների և լուսավորության ստեղծողը, ինչպես նաև հեղինակեց առաջին ստորջրյա հեռուստատեսային համակարգը:

20-րդ դարը ջրասուզական գործի վերածնունդն էր։ Աշխարհի տարբեր երկրներում ստեղծվեցին ջրասուզական ընկերություններ ոչ միայն ռազմածովային ուժերի կազմում ու խորտակված նավեր գտնելու նպատակով։ Հայտնաբերվեցին ջրասույզ հուշարձաններ, բնակավայրեր։ Մեր օրերում ծովերի ու լճերի հատակին հայտնավբերված հուշարձաններն ու նավերը հիմնականում ջրի երես չեն հանում, այլ դարձնում են զբոսաշրջային նոր հասցեներ՝  սուզորդների համար։  

Ցուցադրել ավելի
Back to top button