ԿարևորՀասարակություն

«Թևեր» տվող կրթությունը. Օքսֆորդի «գաղտնիքը»

Ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ կրթություն ստանալու խնդիրն այսօր արդիական է բոլոր երկրներում։ Ինչ անել ճիշտ կրթություն ստանալու համար, որ այն նաև ապագա և հեռանկար ունենա։ Շատերն են այսօր ձգտում սովորել «դրսում»։ Որքան էլ ցանկությունը մեծ է, բայց  նաև կա ֆինանսական լուրջ գործոն։ Հայաստանում այս տարի սկսվում է մի ծրագիր, որի նպատակը երիտասարդներին գայթակղելն է։ Գայթակղելը՝ լավ կրթությամբ։ Ամբողջ ընթացքը տևելու է երկու շաբաթ։ Սա, իհարկե, դեռ համալսարան չէ։ Առայժմ քոլեջի մակադակով է տեղի ունենալու ծանոթությունը լավ կրթությանը և համապատասխան միջավայրին։ «Դրսում« սովորողներն իրենց փորձից են ասում, որ խելացիությունը և հանճարեղությունը, պարզվում է, վարակիչ են։ Եվ այդ «վարակը» տարածվում է համապատասխան մթնոլորտում։ Այսպիսով՝ այս տարվանից հայ երիտասարդներին 15 տարեկանից սկսած հնարավորություն է տրվելու «վարակվել» լավ մտքերով, գաղափարներով և տրամադրվածությամբ «Առաջնորդության զարգացման ամառային դպրոցում», որը երեխաներին կհավաքի Օքսֆորդում։

Ինչպես հայ երիտասարդը կարող է տեղ զբաղեցնել, ասենք, հայտնի գործիչներ Մարգարեթ Թետչերի, Թոնի Բլերի, Թերեզա Մեյի, Օսկար Ուայլդի կամ Լյուիս Քերոլի կողքին: Հենց սկզբից ասեմ, որ դա հնարավոր հեռանկար է: Նրանք բոլորը Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ են:

Յուրաքանչյուր հայ ուսանող գոնե մեկ անգամ մտածել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկում ուսումը շարունակելու մասին: Սա ասում եմ սեփական փորձից ելնելով ու նաև նույն փորձից գիտեմ, որ աշխարհի լավագույն ու հեղինակավոր համալսարան ասելիս առաջինը մտաբերում ենք Օքսֆորդը, Քեմբրիջը կամ Հարվարդը։

Օքսֆորդի համալսարանը դրանցից ամենահինն է անգլիախոս աշխարհում: Պատկերավոր ասած՝ այստեղ սովորելը հավասար է թանգարանում սովորելուն։ Եվ դա ամենևին չափազանցություն չէ: Համալսարանի հիմնադրման ստույգ տարեթիվն անհայտ է, թեև որոշ փաստերի համաձայն` այստեղ դասախոսում էին դեռ 11-րդ դարում: 

Այդ հաստատության դռներից են դուրս եկել Բրիտանիայի 26 վարչապետերը, հայտնի մտածողներ և գրողներ, արքայազներ, մի շարք երկրների նախագահներ ու վարչապետեր։

Օքսֆորդը շատերին անհասանելի բարձունք է թվում, որտեղ սովորում են միայն ոչ մեծ թվով ընտրյալ ուսանողներ: Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, որքան թվում է: Օքսֆորդի համալսարան ընդունվելը ոչ միայն անհասանելի չէ, այլև՝ հնարավոր:  

Հայերն Օքսֆորդում

Վերցնենք թեկուզ հայ երիտասարդների «հաջողված» պատմություններից երկուսը: Անդրանիկ Իսրայելյանը, օրինակ, չի վհատվել՝ 8 տարի շարունակ ձգտել է հայտնվել Օքսֆորդում: 2018-ին իր երազանքը իրականություն դարձավ: Մեկ տարի այնտեղ ուսանելուց հետո նա մի քանի ամիս առաջ վերադարձավ Հայաստան՝ հստակ համոզմունքով, որ իր հայրենիքն ամենալավ տեղն է:  

«Ինչ է տալիս «դրսում» սովորելը։ Դու հասկանում ես, որ Հայաստանը շատ առումներով շատ ավելի լավն է։ Վերագնահատում ես քո երկիրը։ Իմ ընկերներից մեկն ինձ ասաց՝ դու կգնաս Օքսֆորդ ու կտեսնես, որ միակ խելացին չես։ Շատ հետաքրքիր զգացողություն է, երբ նստում ես 15–20 հոգանոց կուրսում ու տեսնում ես, որ գուցե քո սուբյեկտիվ ընկալմամբ բոլորը ինչ-որ բան քեզանից շատ գիտեն ու մտածում ես՝ այսքան խելացի մարդ որտեղից է հայտնվել մի տեղում։ Բոլորն ունեն իրենց կյանքի հետաքրքիր պատմությունները, դու շարունակում ես քաղել այդ ամեն ինչը։ Շատ մեծ կյանքի փորձ է»։

Մտածելակերպն ու մտածողությունը փոխած Հայաստան վերադարձավ նաև Խաչիկ  Ավետիկյանը: Մեկ տարվա ուսումը Օքսֆորդում ավարտեց  հանրային քաղաքականության մագիստրոսի որակավորմամբ: Ամենաշատը, ինչից տպավորվել է Խաչիկը, հնագույն համալսարանում անգամ ամենաանհավանական գաղափարներին «ոչ» չէր ասվում: Դա գրեթե արգելված, ավելի ճիշտ՝ չկիրառվող բառ է այնտեղ: Ինչո՞ւ են վերադառնում այստեղ՝ աշխարհի լավագույն կրթությունը ստանալուց հետո.  հարցիս պատասխանում է շատ պարզ՝ աշխարհում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ մեծ կապեր ձեռք բերելն արդեն մեծ հաջողության գրավական է, որն ապագայում օգուտներ կտա: Խաչիկն ասում է, որ իր «հաջողության բանաձևն» այստեղ է՝ Հայաստանում:

-Մեր ուսանողները շա՞տ են լսում «ոչ»  բառը։
-Պետք է ասել, որ ես շատ բախտավոր եմ ու երջանիկ։ «Ոչ» բառը շատ չեմ լսել։ Բայց պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, մեր հասարակությունում դա կա։ Նույնիսկ երբեմն լինում է, որ հարցը չվերջացրած, ամենապարզ հարցով դիմելիս մարդիկ ոչի տրամադրության մեջ են, որ ասեն՝ ոչ։ Գիտեք, նույնիսկ կրկնել եմ այն մարդուն, ում հարց եմ ուղղել։ Ասել եմ՝ կարո՞ղ եք ասել, ես ինչ էի ձեզանից պահանջում ու դեպքեր են եղել, որ մարդիկ չեն կարողացել ասել։ Բայց ես երբեք չեմ ցանկանա սրա վրա ֆիքսվել։  

Շատ կարևոր է ավելի շատ խոսել հայկական աշխարհի ուժի մասին։ «Հայկական աշխարհի» գաղափարի մասին եմ ուզում խոսել։ Պետք է այնպես անել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երիտասարդները հատկապես, շատ շուտ ընդգրկվեն հայկական աշխարհի մեջ։ Դա բոլոր հայերն են աշխարհով սփռված։ Մեր բախտը բերել է, որ մենք ունեցել ենք շատ ազդեցիկ հայեր տարբեր երկրներում։ Գիտեք, ես ինձ այդ մեկ տարվա ընթացքում Օքսֆորդում շատ ուժեղ էի զգում հենց այդ կապերի շնորհիվ։

Սա միջավայր է, որը ստիպում է ձեզ անդադար մտածել, աշխատել ձեզ վրա, տալիս է նոր ընկերներ, ձեզ տալիս է թևեր, որպեսզի դուք կարողանաք իրականացնել ամեն ինչ, ինչ որ դուք մտածում եք։ Ու սա զուտ խոսքեր չեն։ Սա իմ վերապրածն է։

Ինչպես դառնալ նրանցից մեկը

Այն, ինչ Խաչիկը, ինչպես ինքն է ասում, «վերապրել է» Օքսֆորդում, ցանկանում է նույնը  զգան նաև Հայաստանի մյուս երիտասրադները: Պարզ ասած՝ նա փորձում է Օքսֆորդը մոտեցնել հայ երիտասարդներին: Ավելի ճիշտ՝ վարակել նրանց անհավանական գաղափարներով:

Այս տարի առաջին անգամ իրականացնում է ծրագիր, որի միջոցով 15-23 տարեկան աշակերտներին եւ ուսանողներին հնարավորություն կտրվի 2 շաբաթ ապրել, սնվել, շփվել Օքսֆորդում և զգալ այնտեղի շունչը: Իհարկե, սա համալսարանը չէ: Այնտեղ կան նաև քոլեջներ, որտեղ էլ կազմակերպվում է ամառային դպրոցը: 

– Մեր ծրագիրը մենք անվանել ենք Օքսֆորդում առաջնորդության զարգացման ծրագիր։ Սա երկշաբաթյա ծրագիր է։ 14 –օր 15–23 տարեկան աշակերտները, ուսանողներն ապրելու են, սնվելու են, սովորելու են Օքսֆորդի քոլեջներում։ Մենք դասավանդելու ենք  4 առարկա՝ անգլերենի խորացված՝ գրավոր, բանավոր առարկաներ, առաջնորդության դասեր, փիլիսոփայության չափազանց հետաքրքիր առարկա, հրավիրելու ենք մասնագետներ, որոնք իրենց սովորեցնելու են՝ ինչպես գրել հատուկ թիրախավորված նամակներ Օքսֆորդի համալսարան ընդունվելու համար։ Եթե մարդը կարողանում է Օքսֆորդի համար գրել, բնականաբար կկարողանա գրել ցանկացած համալսարանի համար։

-Ինչո՞ւ եք ընտրել 15–23 տարեկաններին։

— Գիտեք, դա այն տարիքն է, երբ մարդը փորձում է սկսել զբաղվել ինքնաճանաչողությամբ, փորձում է հասկանալ՝ ուր է ինքը գնում, ինչի համար։

-15 տարեկանը կարո՞ղ է, պատրա՞ստ է դրան։

-Այ, տարբերություններից մեկն այն է, որ Օքսֆորդում ինքը կսկսի կարողանալ, որովհետև Օքսֆորդի նույնիսկ 20 տարեկան երիտասարդներն այնպիսի հարցեր են քննարկում, որ այլ երկրներում 30–40 տարեկանի մտքով չի անցնի քննարկել։ Դա պետք է լինել միջավայրում։ Միջավայրը տրամադրող է։ Բնականաբար 2 շաբաթում դժվար է փոխվել։ Բայց ամենակարևորը՝ մտածելու, լուրջ գործեր անելու տրամադրվածությամբ։ Եվ դա կարող է անել 15 տարեկանը, 16, 18–ը։

-Փոխում եք մտածելակերպ և տրամադրվածություն։
-Այո, ու ամենակարևորը, փորձում ենք բոլորին ինտեգրել հայկական աշխարհի ցանցի մեջ։

Այն, ինչ ակնկալում են ծրագրի կազմակերպիչները, երկու շաբաթվա ընթացքում այնպես վարակել ու գայթակղել հայ երիտասարդներին, որ ավելի շատ ձգտեն սովորել աշխարհի լավագույն բուհերում:

Back to top button