ԿարևորՀասարակություն

Էական փոփոխություններ՝ հայաստանցիների կոռուպցիոն ընկալումներում

Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության 2019 թվականի արդյունքներն է այսօր հրապարակել «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ մինչեւ 2018 թվականի ապրիլ-մայիսը եւ դրանից հետո էականորեն տարբեր են հայաստանցիների գնահատականները կոռուպցիայի համատարած լինելու վերաբերյալ։ Հայաստանցիների շուրջ 65 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ հիմնախնդիր, մինչդեռ 2010 թվականին այդպես էին կարծում 80 տոկոսից ավելին։

Եթե 2018 թվականի ապրիլ-մայիսից առաջ համատարած եւ բոլոր ոլորտներում կոռուպցիայի առկայության մասին նշել է հարցվածների 83.7 տոկոսը, ապա ներկայումս համատարած կոռուպցիայի առկայության մասին մատնանշել է հարցվածների ընդամենը 4.4 տոկոսը։

Հարցվածների 75 տոկոսը «բնավ չկոռումպացված» է համարել ՀՀ վարչապետին, իսկ 57 տոկոսը՝ նախագահին իր աշխատակազմով։ Հայաստանի հանրությունը դեռեւս շարունակում է կոռուպցիոն կառույցներ ընկալել դատարաններին, զլմներին, դատախազությանը, այնուհետեւ՝ առողջապահությունը եւ ճանապարհային ոստիկանությունը։  

1500 հարցվածների շրջանում անցկացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թ. ապրիլ-մայիսից հետո հայաստանցիների կոռուպցիոն ընկալումներում կան էական փոփոխություններ։ Փոփոխություններ կան նաեւ հանրության պատրաստակամության մեջ՝ կոռւպցիայի դեմ պայքարելու առումով։ Մարդկանց մեծ զանգված հիմա կարծում է, որ ինքը դերակատարում ունի եւ կարող է ինչ-որ բան փոխել։ Ամենամեծ վստահությունը կա Վարչապետի եւ նախագահի ինստիտուտների ու նրանց  աշխատակազմերի նկատմամբ։

Հարցվածների 49 տոկոսը այն կարծիքին է, որ Հայաստանում ամենակոռումպացվածը դատարաններն ու դատախազությունն են։ «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի փոխանցմամբ՝  հասարակության մեջ կոռուպցիոն ընկալման առումով դատարանների եւ դատախազության մասով փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։

«Նույնիսկ, եթե դատախազությունը փորձում է փոխել իր աշխատելաոճը եւ, այսպես, հարմարեցնել հետհեղափոխական պահանջներին, այդուհանդերձ, կան այդ ընկալումները, որ դեռեւս իրավապահները զարգացում, փոփոխություն չեն ապրել։ Նույնը դատարաններին է վերաբերում։ Այսինքն, սա շատ լուրջ ազդակ է, ըստ էության, իշխանություններին»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նույնպես նման կարծիքի գոյությունն իրենց համար կարեւոր ազդակ համարեց։ Միաժամանակ, նրա  ձեւակերպմամբ, առկա ընկալումն ինքը, այսպես ասած, մի փոքր սխալ է համարում՝ հատկապես հաշվի առնելով այն ահռելի աշխատանքը, որ իրականացրել է դատախազությունը վերջին շրջանում։ 2018 թվականից քաղաքացիների կողմից դատախազություն դիմումների, ահազանգերի, հաղորդումների քանակը չի նվազում եւ 17-ի համեմատ 4-5 անգամ ավելացել է, ինչը նույնպես կարեւոր վստահության ազդակ է։

Անցած տարի գլխավոր դատախազության դատախազի հետ կապված մեկ կոռուպցիոն դեպք ունեցանք, որը շատ արագ ընթացակարգ ունեցավ եւ գործն այսօր գտնվում է դատարանում՝ հիշեցրեց գլխավոր դատախազի օգնականը։ Հարցվածների երկու երրորդը մեծապես եւ որոշ չափով կոռումպացված է համարել առողջապահության եւ ճանապարհային ոստիկանության ոլորտը։ Սոնա Այվազյանն ասում է, որ սա առհասարակ ընդհանուր բնույթի ուսումնասիրություն է եւ առանձին, թեմատիկ հարցեր լիարժեքորեն վեր չեն հանվում։ 

Հայաստանի փոխվարչապետի խորհրդական Արսեն Մանուկյանն ասաց, որ ծանոթացել է ուսումնասիրության տվյալներին, սակայն չցանկացավ մեկնաբանություններ անել թվերի հետ կապված։ Ասաց միայն, որ կարեւոր են՝ մարդկանց գնահատականները իմանալու առումով։

Արսեն Մանուկյանը հիշեցրեց, թե կառավարությունն ի՞նչ է արել 2019 թվականին եւ որոնք են պայքարի վերաբերյալ պատկերացումները։ Հիշեցրեց, որ վերջապես ստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդունվեց համապատասխան ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։ Այդ քայլերի արդյունքում՝ կոռուպցիոն ընկալման համաշխարհային համաթվում էական բարելավում ունեցանք, ինչը կարեւոր ձեռքբերում է։  

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն ասաց, թե ուրախ է տեսնել,  որ  Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում՝ հատկապես «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաշխարհային համաթվի առումով։

«Ուրախ էի տեսնել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել հակակոռուպցիոն օրակարգն առաջ տանելու եւ զարգացնելու ուղղությամբ։ ԱՄՆ-ն ոգեւորված է Հայաստանի ջանքերով եւ Հայաստանը միջազգային համայնքին ցույց կտա, որ բաց է բիզնեսի համար եւ այստեղ կա օրենքի գերակայություն։ Իհարկե, աշխատանք դեռ կա անելու եւ այս հարցում ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին»։

Back to top button