ԿարևորՀասարակություն

Աղբը տեսակավորելուց հետո Հայաստանում երկու տարում փրկվեց 2200 ծառ

Կախիչ, դույլ, արձանիկներ և  այլ իրեր` պատրաստված  երկրորդային հումքից։ Այսինքն ՝ այն պլաստիկե շշից, որը նետում ենք աղբաման, կամ թղթե ու ապակե թափոններից։ Մի խումբ երիտասարդներ կոչ են անում տեսակավորել աղբը և  մասնակցել «Աղբ չէ»  ակցիային, որը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Մեր հանրապետության զգալի մասն աղտոտված է կենցաղային աղբով։ Պատճառը մեր համաքաղաքացիների անփույթ վերաբերմունք է։ Հետեւանքը` ունենք անհաշվելի քանակության  աղբավայրեր ու աղբակույտեր։ Ավելին,  շատ գետեր  ու ձորեր  և ս  պատված են աղբով, օրինակ Գեռատը, որն այժմ դարձել է ուղղակի աղբատեղի։

Եթե սնունդը ժամանակի ընթացքում քայքայվում է, ապա պլաստիկե թափոնն այդպես էլ մնում է բնության մեջ։ Թերևս  սա է պատճառը, որ զարգացած շատ երկրներում վաղուց արդեն տեսակավորում են աղբն ու հանձնում երկրորդային մշակման։

Հայաստանում մի խումբ կամավորներ երկու տարի առաջ սկսեցին ակցիա իրականացնել և  որպես առաջին քայլ հայտարարեցին ՝ «թուղթը աղբ չէ»։ Այսպես շատերն սկսեցին հավաքել թուղթն ու տալ կամավորներին։ Նրանք էլ իրենց հերթին փոխանցում էին վերամշակող ընկերություններին։ Իսկ ավելի ուշ , երբ սկսվեց նկատվել մարդկանց ակտիվություն, արդեն  տեսակավորման շրջանակն ընդլայնվեց։

Երևանի տասը համայնքներում  բնակիչները սկսել են տեսակավորել պլաստիկն ու ապակե   թափոնները նույնպես։ «Աղբ չէ» ակցիային արդեն մասնակցում է ավելի քան 2000 բնակիչ՝ Երևանում։

Նախաձեռնության հիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանը պատմեց, որ յուրաքանչյուր ամիս երկու անգամ մեքենաները մոտենում են Երևանի տասը վարչական շրջաններ և հավաքում  են տեսակավորված աղբը․

«Մենք ամեն համայնքում հայտարարում ենք  կետեր, որտեղ կամավորները 30 րոպե կանգնում են։ Մարդիկ այդ ընթացքում մոտեցնում են իրենց թափոնները։ Կամավորների օգնությամբ տեղավորվում է բեռնատարի մեջ ։ Եթե բեռնատարը լցվում է, ապա կամ շարժվում է դեպի վերամշակող գործարան , կամ էլ գալիս է Դավիթաշեն համայնք, որտեղ ունենք կամավորների խումբ ՝  տեսակավորված աղբը կրկին տեսակավորելու համար»։

Նախաձեռնողը ուրախությամբ նաև նշեց, որ բնակիչների օգնությամբ   արդեն փրկել են շուրջ 2200 ծառ։ 

« Հետաքրքիր է, երբ բնակիչը գիտակցում է, որ  գուցե զբաղվածության պատճառով չկարողանա  երբևէ  ծառ տնկել, բայց  առօրյայում  թուղթը փրկելով աղբամանից, նա հատումից  փրկում է ծառերը։ Արդեն 2267 ծառ փրկել ենք հատումից։  Այսինքն ՝ վերամշակելով թուղթը՝ փրկում ենք ծառերը հատումից։  Յուրաքանչյուր  58 կգ թղթին համապատասխանում է 1 հատ 11 մետրանոց ծառ։ Նաև պլաստիկը, ավելի քան 9 տոննա փրկել ենք աղբամանից»։

Բացի այդ` հավաքված թափոնն ուղարկում են վերամշակող ընկերություններ, որտեղ երկրորդային հումքից  ստանում են կենցաղում օգտագործելու համար պիտանի  կարևոր իրեր․

«Երևի  ոչ ոք չի էլ կռահում, որ իր գցած պլաստիկ իրը դառնում է օրինակ ՝ դույլ, կախիչ։ Թուղթը տարանջատվում է սպիտակ և ստվարաթղթի ։ Սպիտակ թղթից ստացվում է զուգարանի թուղթ,  ավելի քան 15 արտադրամաս ունենք։ Իսկ ստվարաթղթից  նորից վերամշակվում և  ստվարաթղթե տուփ է դառնում։ Ապակե թափոնը ևս տարանջատվում է ։ Գունավոր ապակուց կրկին շշեր են պատրաստվում, իսկ  սպիտակ ապակուց՝ արձանիկներ կամ խմիչքի համար տարրաներ, որոնք ևս արտահանվում են»։

Փետրվարի 22-ին տեղի է ունենալու հերթական ակցիան, սակայն այս անգամ մեծ մասշտաբով, քանի որ նախաձեռնությունը նշում է նաև իր երկամյակը։ Ավելի շատ կամավորներ և ավելի շատ մեքենաներ կմոտենան բնակավայրերին։ Առավոտյան ժամը 10-ից կսկսեն տեսակավորված թափոնները հավաքել Նոր–Նորք վարչական շրջանում, այնուհետև կանցնեն բոլոր համայնքներով։ Կամավոր Գայանե Խաչատրյանն արդեն իր գործում վարպետ է, լավ գիտի, թե ինչպես փոքրացնել, օրինակ, պլաստիկ շշերի ծավալները, որպեսզի ավելի շատ քանակության թափոն տեղավորեն մեքենաներում։ Մարդկանց հետ շփումը հեշտ է , ասում է նա․

«Ամենակարևորը, որ բոլորին բացատրում ենք, թե ինչով է կարևոր թափոնները աղբամանը չնետել, այն հավաքել։   Շատ ընտանիքների ենք այցելում, հաճախ լինում է, որ մեզ կոնֆետ են հյուրասիրում և ջերմ զրույցներ ենք ունենում»։

Ֆիզիկայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողը նախագծել է պլաստիկե շշերը հավաքելու սարք։ Այն արդեն փորձարկվել է, և որոշ  տեխնիկական զննում  անցնելուց հետո կտեղադրվի առաջին սարքը՝ նախնական տվյալներով Դավիթաշեն համայնքում։

« Դժվար է մեծ ծավալներով պլաստիկը , այդքան շատ  կգ–ներով ուղարկել վերամշակման։ Մտածեցինք ինչ անենք, որ  ծավալները փոքր լինեն , նաև այնպես անել, որ մարդկանց խրախուսենք։ Այդպես նախագծեցինք  մեխանիկական սարք, որը հավաքելու է պլաստիկ շշերը։  Առաջին պայմանն այն է, որ շիշը պետք է փոքրացնել, սարքի վրա կա հատուկ գործիք այդ գործողության համար։ Սարքի մեջ պլաստիկ շիշը գցելուց ստանում են մետաղադրամ»։

Եթե գործը հաջողությամբ պսակվի, ապա նախատեսում են բոլոր վարչական շրջաններում տեղադրել այն։ Այս հարցում կա նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը։ Այսուհանդերձ,  կամավորների ծրագրերը ՝ Հայաստանը թափոնից մաքրելու մասով, մեծ են։ Նրանք պատրաստվում են ակտիվ գործունեությունը շարունակել  մարզերում։

Back to top button