ԿարևորՀասարակություն

Փաշինյանը ճիշտ է՝ հայերն ու վրացիներն են հինավուրց ազգերը․ Սանիկիձե

Վրաստանում անհանգստանում են Ալիևի «հինավուրց Ադրբեջանի» մասին հայտարարությամբ՝ ասելով, որ հարևանը դրանով ցույց է տալիս՝ չի հրաժարվի նաև Դավիթ Գարեջիի նկատմամբ նկրտումներից։ Վրաստանում նշում են, որ Ադրբեջանին պետք է դուրս հանել իր մտացածին պատմությունից, բերել իրականություն, քանի որ բոլոր պատմական փաստերն առկա են վրացական, հայկական, պարսկական, արաբական ու հունական աղբյուրներում։

Ալիևը Մյունխենում կոպիտ սխալ թույլ տվեց՝ անցնելով պատմական փաստերի հարթություն, ասում է վրացի քաղաքագետ Դավիթ Ակուբարդիան՝ կոչ անելով վրաց հասարակությանը մտածել հարցի շուրջ։  

«Նրանք աղավաղում են պատմությունը այնպես, ինչպես Թուրքիայում են դա անում։ Դավիթ Գարեջին վրացական  տարածքում է, եկեղեցիներն ու հուշարձաններն այնտեղ մերն են։ Բազմաթիվ փաստեր կան այդ մասին»։

Վրացի գործիչը նշում է, որ Կովկասը լեցուն է իրական փաստերով, որոնք պետք է օգտագործել՝ ապացուցելու ի վերջո հարևանին՝ հրաժարվել մտացածին միֆերից։ Ակուբարդիան ասում է, որ հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղարի հետ, որն ասել է, թե Գարեջին ալբանական վանական համալիր է։

«Հիմա էլ հավակնում են, թե ալբանցիներն իրենց նախնիներն են։ Փաստն այն է, որ ալբանացիները ադրբեջանցիներ չեն։ Ես կարծում եմ Փաշինյանն ակադեմիական պատասխաններ տվեց, իսկ ընկեր Ալիևը լավ պատրաստված չէր․ նա շփոթվել էր մտացածին փաստերում»։

Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք՝ վրաց-ադրբեջանական սահմանի վրա գտնվող, երկու երկրների միջև տասնամյակներ շարունակ կռվախնձոր դարձած Դավիթ Գարեջիի համալիրի շուրջ իրավիճակը պարբերաբար սրվում է։ Վերջին անգամ հազարավոր քաղաքացիներ պատ էին կազմել սահմանին, այն  բանից հետո, երբ ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել զբոսաշրջիկներին ու վրացի հոգևորականներին մուտք գործել համալիրի տարածք։

«Հասկանալի է, որ Ադրբեջանն այժմ փորձում է իր պատմությունը կերտել մեր պատմության հաշվին։ Եւ այդ երկիրը համարվում է մեր ռազմավարական գործընկերը։ Վրաստանի ռազմավարական գործընկերները պետք է լինեն ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող։ Ռազմավարական գործընկերոջը արժեքներով են ընտրում, ոչ թե տնտեսական հանգամանքներով»,-ասում է Գարեջիի ակցիայի կազմակերպիչներից Իրակլի Կակաբաձեն։

Այսօր, երբ վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը բողոքի ակցիաներից,  երկարատև ընդմիջումից հետո վերսկսել է սահմանազատման հարցով աշխատանքները, վրացի պատմաբաններն ուշադրություն են բևեռում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Ալիևի հնչեցրած կեղծ հայտարարությունների վրա։ Պատմաբան, ընդդիմադիր գործիչ Գուբազ Սանիկիձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ Վրաստանում դժվար գտնվի մեկը, որ կարող է հավատալ Ալիևի հնչեցրած տեսակետներին․ 

«Պատմությունը քարի է նման, որը հնարավոր չէ ոչնչացնել։ Փաշինյանը ճիշտ էր՝ հայերն ու վրացիները հինավուրց ազգեր են, նվազագույնը 3000 տարվա պատմություն ունենք։ Մենք հնուց լինելով այստեղ, աշխարհագրորեն են միմյանց անվանել՝ Հայաստան ու Վրաստան՝ այսինքն հյուսիս-հարավ»։ 

Սանիկիձեն նշում է՝ «Բոլշևիկներն են ստեղծել Ադրբեջանը, իսկ հիմա նկրտումներ ունեն Կովկասի ամենահին ազգը համարվելու»։   

Ցուցադրել ավելի
Back to top button
Close