ԿարևորՎերլուծական

Վեց թեկնածու՝ ավանդական երկու տեղի համար․ Իրանի ընտրությունները՝ սոցիալական լարվածության ֆոնին

Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Դրանք տեղի են ունենում երկու փուլով։ Ընտրությունների առաջին փուլում բավարար թվով ձայներ ստացած թեկնածուները պայքարը կշարունակեն մայիսին կայանալիք երկրորդ փուլում:Իսլամական հեղափոխությունից հետո սա Իրանի թվով 11-րդ խորհրդարանական ընտրություններն են։

Հատված Ռադիոլուրի 18.00–ի եթերից

Իրանի Մեջլիսն ունի 290 անդամ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: Հայ համայնքին խորհրդարանում ավանդաբար հատկացված է երկու տեղ՝  մեկը հարավային, մյուսը՝ հյուսիսային իրանահայության համար է:

Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը։ Նրանցից Ռոբերտ Բեգլարյանն է իրանական խորհրդարանի պատգամավոր եղել՝ 2012–16 թվականներին։

«Իհարկե, մեծ է մրցակցությունը, բայց, ինչպես միշտ, այդ մրցակցությունը օրենքի սահմաններում է և քաղաքակիրթ մեթոդներով։ Իրանահայությունը ամեն չորս տարին մեկ մասնակցում է ընտրություններին՝ Իրանի տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության սկզբունքի և  համայնքի սահմանադրական իրավունքի պահպանման համար»,– «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Իրանի դեռևս գործող խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը։ Նա 2012–ից է օրենսդիր գործունեություն ծավալում, 2016–ին վերընտրվել է այդ պաշտոնում։

Նա, ինչպես նաև գործող խորհրդարանի մյուս հայ պատգամավորը՝ Ժորժիկ Աբրահամյանը, այս ընտրապայքարին չեն մասնակցում։ Խանլարյանը պատմեց, որ այս ընթացքում հայ թեկնածուները հանդիպել են ընտրողների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը: Շեշտադրումները հետևյալն են՝ համայնքային կառույցների պահպանում, իրավունքների պաշտպանություն, համայնքային խնդիրների լուծում, Հայոց ցեղասպանության ճանաչում և այլն:

Ունենք վեց թեկնածու՝ երկու պատգամավորական մանդատի համար․ ի՞նչ խնդիրներ պետք է բարձրացնեն հայազգի պատգամավորները հաջորդ գումարման խորհրդարանում, որո՞նք են հայ համայնքին այս պահին հուզող հարցերը, հարցրել է «Ռադիոլուրը» իրանագետ Արմեն Իսրայելյանին։

«Հայկական օրակարգին առնչվող հարցեր են բարձրացնում ՝ հիմնականում Հայոց ցեղասպանությանը առնչվող ։ Բայց, մեծ հաշվով լինելով Իրանի քաղաքացիներ և Իրանի խորհրդարանի անդամներ, առաջնորդվում են Իրանի օրակարգով։ Այդ տեսանկյունից անձերի փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա։ Երկրի Սահմանադրությամբ կան իրանահայությանը տրված իրավունքներ, լիազորություններ և պարտականություններ, ցանկացած թեկնածու այդ լիազորությունների շրջանակներում է գործելու»։    

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ընտրություններին, ապա 290 պատգամավորական տեղի համար պայքարում է մոտ 7500 թեկնածու, որոնց թեկնածությունները հաստատել է Սահմանադրության հսկողության խորհուրդը: Այն երկրի հոգևոր առաջնորդին ենթարկվող մարմին է և  իրավունք ունի կասեցնելու, չթույլատրելու անցանկալի մարդկանց թեկնածու առաջադրվելը: Այսինքն՝ թեկնածուների առաջադրման գործընթացում կանոններ են սահմանված, որոնք սահմանափակել են բազմաթիվ թեկնածուների առաջադրվելու հնարավորությունները: Մասնավորապես՝ հայտեր ներկայացրած ավելի քան 15 հազար հավակնորդների մոտավորապես կեսի՝ 7 հազարի, այդ թվում՝ ներկայիս խորհրդարանի տասնյակ անդամների գրանցումը խորհուրդը մերժել է, նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին:

Վերլուծաբանների կարծիքով՝ հաջորդ գումարման խորհրդարանում կուժեղանա այաթոլա Ալի Խամենեիի կոշտ քաղաքականության կողմնակիցների վերահսկողությունը. ավելի մեծ շանսեր ունեն հենց պահպանողականները: Իսկ բարեփոխականները, որոնք համարվում են նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, կկազմեն փոքրամասնություն։

Արմեն Իսրայելյան․«Դատելով մինչ այժմ տեղի ունեցող գործընթացներից և ելնելով Իրանի ընտրական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունից՝ ակտիվությունը նկատվում էր թեկնածուների գրանցման ընթացքում։ Ինտրիգային պահը հենց Սահմանադրության հսկողության խորհրդի կողմից թեկնածուների գրանցումն էր։  Մինչ այժմ գրանցված թեկնածուների մեծամասնությունը կազմում էին պահպանողականները․ 7500 թեկնածուների ընդամենը մեկ երրորդն են բարեփոխականները։ 208 ընտրատեղամասերից 150–ում մրցակցությունը տեղի է ունենալու պահպանողականների միջև։ Այդ տեսանկյունից ելքը կարելի է կանխատեսելի համարել»։

Ընտրություններն անցկացվում են ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների ժամանակահատվածում և Վաշինգտոն–Թեհրան լարվածությունը մեծապես ազդել են ընտրական գործընթացների վրա։  Արմեն Իսրայելյանի խոսքով, շարժառիթները, որոնց հիման վրա մերժում էին բարեփոխական թեկնածուներին,  պայմանավորված էին Միացյալ Նահանգների հետ հնարավոր երկխոսության, միջուկային համաձայնագրի և այլ հարցերի վերաբերյալ պահպանողականների և բարեփոխականների տարաձայնություններով՝ չնայած հայտարարվող այլ պատճառներին։

 «Սոցիալ–տնտեսական ծանր իրավիճակում, որում այս պահին գտնվում է  Իրանը, քաղաքացիները որևէ ակնկալիք չունեն այս գործընթացներից և բավականին մշուշոտ է ապագան»,- նշում է իրանագետը։  

2016–ին, փորձագետի խոսքով,  ևս դժգոհություններ կային, բայց մարդիկ հույս ունեին, որ միջուկային համաձայնությունը կկարողանա փոքր- ինչ մեղմել սոցիալ–տնտեսական իրավիճակը, իսկ այժմ անորոշ իրավիճակ է,  և շեշտը դրվում է անվտանգության, արտաքին խնդիրների վրա։  Անվտանգությունն էլ ավելի կարևորվեց գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close