ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայում թուրքական օրենքները չեն գործի․ Մակրոնի կոշտ պատասխանը՝ Անկարային

Ֆրանսիան փակում է դռները իսլամական ծայրահեղական քարոզչության առաջ։ Նախագահ Էմանուել Մակրոնը  կոշտ հայտարարությամբ է  հանդես եկել  իսլամի ծայրահեղական դրսևորումների հարցով՝ նշելով, որ Թուրքիայից և Ալժիրից իմամների մուտքը Ֆրանսիա կարգելվի։

Ըստ Ֆրանսիայի նախագահի` ծայրահեղական իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային են Ֆրանսիայում։ Մակրոնը, նմանատիպ երևույթների դեմ գործնական քայլերի մասին խոսելիս, ասել է, որ նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում Ռամադանի ժամանակ։

Հատված Ռադիոլուրի 18.00–ի եթերից

Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է նաև, որ իրեն անհանգստացնում են տեղի դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու պետությունը դրանք չի վերահսկում:

«Ամբողջ Ֆրանսիայում 2020-ի սեպտեմբերից դպրոցներում օտար լեզուների ու մշակույթի դասավանդման ծրագրերը չեղարկվելու են»,- ասել է Մակրոնը և ավելացրել.

«Եթե Թուրքիայի հետ համաձայնության չգանք, և եթե Թուրքիան չընդունի նոր համակարգը, ապա բոլոր դասերը կչեղարկենք»:

Ֆրանսիայի նախագահը հստակեցրել է, որ ինքը չի թիրախավորում կրոնը, այլ խոսում է ծայրահեղական գաղափարների մասին:

«Մեր թշնամին անջատողական գաղափարներն են և օրինազանցությունը»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Մեկնաբանելով Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը նշում է, որ ֆրանսիական պետության ղեկավարի անհանգստությունը գնալով աճում է․ Փարիզն այլևս չի կարող հանդուրժել ծայրահեղականության դրսևորումները երկրի տարածքում․ մահմեդական համայնքներում կան ուժեր, որոնք փորձում են քաղաքականացնել համայնքի մահմեդական ինքնությունը՝ շեշտը դնելով կրոնի և ոչ թե քաղաքացիություն վրա։

Քաղաքագետի խոսքով՝ նման ուժերն այլ պետության օրակարգ են բերում Ֆրանսիայի տարածք, իսկ Ֆրանսիան  չի  կարող ընդունել թուրքական օրենքների իր երկրի տարածքում։ Մինասյանի համոզմամբ՝ Անկարան հետապնդում է հստակ նպատակ․

«Կարևոր է իմանալ Թուրքիայի քաղաքականությունը դեպի Եվրոպա և դեպի այն պետությունները, որտեղ թուրքական փոքրամասնություն գոյություն ունի։ Թուրքիայում նախկին կայսերական գաղափարները գոյություն ունեն՝ ինչպես քեմալականների, այնպես էլ ներկայիս իշխանությունների իսլակաման ուժերի մեջ։ Դրանք տարածվում են ոչ միայն Սիրիայի, Լիբիայի, Բալկանյան պետությունների, ոչ միան Նախիջևանում, այլ թուրքական սփյուռքի մեջ։ Փորձում են կազմակերպել իրենց սփյուռքը Ամերիկայից մինչև Միջին Արևելք, Ռուսաստան և գլխավորապես Եվրոպա»։

Փափուկ ուժի քաղաքականությամբ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել եվրոպական երկների կառավարություների վրա և բանակցությունների  մեջ մտնել այն երկրների կառավարությունների հետ, որտեղ կա մեծ թուրքական համայնք՝ ծառայեցնելով այդ փաստը Թուրքիայի շահերին։ Կայծ Մինասյանի խոսքով՝ Թուրքիայի հանրապետության 100–ամյակի տոնակատարություններին՝ 2023 թվականին, երկրի ներկայիս իշխանությունները ցանկանում են տոնել նաև  նեոօսմանիզմի հաղթանակը։

«Երբ Ֆրանսիայի կառավարությունը արգելում է թուրքական ծրագրերի  իրականացումը, իմամների մուտքը՝ ընդգծելով, որ թուրքական օրենքները չեն կարող գործել Ֆրանսիայի տարածքում, ուզում է ասել․ Անկարա, ձեր փափուկ ուժի քաղաքականությունը հասկանում ենք, մենք միամիտ չենք և գիտենք ձեր հեռահար նպատակները։ Թուրքիան իր շուրջ տարածքները կամաց–կամաց կուլ է տալիս՝ հունական կղզիներ, Կիպրոս, Սիրիա, հյուսիսային Իրաք, նաև Նախիջևան։ Եթե դա նեոօսմանական քաղաքականություն չէ, ապա ի՞նչ է»,– նշում է Կայծ Մինասյանը։

Թուրքիան կոշտ  է արձագանքել Մակրոնի հայտարարությանը։ Փարիզ –Անկարա հարաբերություններում, Սիրիային, Հայոց ցեղասպանությանն առնչվող հակասություններին ավելացավ ևս մեկը։

Back to top button