ԿարևորՀասարակություն

Ինչպես ձմռանը կրճատել կոմունալ ծախսերը

2020 թվականը հայտարարել է էներգախնայողության տարի․ առաջարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։ Կառավարության նիստում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հորդորել է այս տարի հայտարարել  էներգախնայողության մեկնարկի տարի։

էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմել է, թե ինչպես կարելի է մինչև 50 տոկոս նվազեցնել բնակարանների տաքացման համար վճարվող գումարները։  

Հայաստանում բնակչության մինչև 15 տոկոսը էներգետիկ  չքավոր է. ի՞նչ է սա նշանակում։ «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանն է բացատրում՝ երբ ձմռանը համախառն եկամտի 10–15 տոկոսն ուղղվում է կոմունալ ծախսերին։ Պարզվում է ՝ նման ծախսերը նվազեցնելու հնարավորություն կա։ Նախ` պետք է պարզել տան կամ հանրային շենքի հատկապես որ հատվածից է էներգիան կորում․

«Երբ բնակիչներին հարցնում ես, եթե գումար ունենայիր, ինչը կնորոգեիր բնակարանում, անմիջապես ասում են՝ պատուհանները կփոխեի։ Իրականում` պատուհանները ամենամեծ պրոբլեմը չեն»։

Պարզվում է՝ պատուհանի այսպես ասենք  մեղքը շատ քիչ է, ջերմության կորստի մոտ 15 տոկոսն է միայն բաժին հասնում պատուհանին․

«Իրականում 30–35 տոկոսը կորում է արտաքին պատերից, մինչև 30 տոկոսը կորում է տանիքից կամ ծածկից (եթե  վերևը մարդ չի ապրում, բազմաբնակարան շենքում), նույնը նաև ներքևի տան դեպքում, եթե մարդ չի ապրում, կամ թերջեռուցվում է։ Նույնը՝ առաջին հարկի դեպքում է ջերմության մոտ 15 տոկոսը կորում։ Ընդհանուր առմամբ` մեր պրոբլեմը պատերն ու տանիքն են»։

Էներգախնայողությունը  Հայաստանում  դարձնել է ռազմավարական թեմա․ հանձնարարական հորդորը Հայաստանի վարչապետինն է։

«Մենք պետք է խնդիր դնենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու համար ձգտի դառնա մաքսիմալ արդյունավետ։ Սա տնտեսական ու էներգետիկ արդյունավետության խնդիր է»։

Հայաստանի քաղաքացիներին էներգախնայողությանն անցնելու համար մատչելի վարկեր կտրամադրվեն։ ԵՄ-ն 3,7 մլն եվրո կտրամադրվի էներգոարդյունավետության բարձրացման համար։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ, այժմ էլ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի հետ  քննարկել ու  որոշել են  սուբվենցիոն ծրագրերի  համատեքստում համայնքներին գումար տրամադրել։ 115 շենքի առաջարկ արդեն ունեն։

Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեց՝ կարող ենք  2020թվականը հայտարարել էներգախնայողության տարի։ Սուրեն Պապիկյանն առաջարկեց  էներգախնայողության մեկնարկի տարի հայտարարել։

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանն առանց վարկային միջոցների, համեմատաբար նվազ ծախսերով ու սեփական ուժերով  առաջարկում  է․

«Ես,  լինելով իգական սեռի ներկայացուցիչ, մեր տան մեկուսացումը ես ինքս իմ ձեռքերով եմ շատ բաներ արել։ Դժվար չէ։ Եթե կարող ես ձեռք վերցնել թեթև դռել, ուրեմն կարող ես անել։ Ջերմամեկուսիչ նյութերը կարելի է փակցնել ներսից, որը անցանկալի է, բայց լուծում է,  կարելի է դրսից փակցնել»,– ասում է զրուցակիցս։

Արդյունաբերական ալպինիստները կօգնեն բարձրահարկ շենքերի բնակիչներին` ասում է Պասոյանն ու նշում՝ անգամ բնակելի տարածքների ջերմամեկուսացման ուղեցույց  ու շտեմարան կա, որտեղից կարելի է վերցնել օգտակար տեղեկատվություն, թե ՀՀ որ տարածքում ինչ սմ հաստությամբ ջերմամեկուսիչ նյութեր են պետք օգտագործել։ 

«Մենք խոսում ենք 35–50 տոկոս  ջեռուցման ծախսերի նվազման մասին։ Ջեռուցման ծախսերը կտրուկ նվազելու են, լավանալում է ներքին ջերմային հարմարավետությունը»։

Աստղինե Պասոյանը նաև տնտեսական արդյունավետությունն է կարևորում։ Նշում է՝ Հայաստան մտնող էներգիայի 32–36 տոկոսը սպառում է բնակֆոնդը։ Եթե բնակարաններում խնայողություն լինի, սա նաև  ներկրվող գազի  ծավալները կնվազեցնի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close