ԿարևորՀասարակություն

Խոշորացմանը դեմ համայնքներն ուշացել են տեղական հանրաքվեից

Տեղական հանրաքվե անցկացնելու միջոցով կառավարությունը համայնքների  բնակիչներին կարծիք հայտնելու հնարավորություն է տվել։ Տավուշի մարզի Դիտավան համայնքում, սակայն, ժամկետները խախտել են։

Նրանց վերաբերմունքը  միավորմանը բացասական է, սակայն որևէ նախաձեռնությամբ հանդես գալ  չեն կարող։  Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցել են` սահմանված բոլոր ժամկետները պահպանել են, ծանուցումներն էլ արված են։

Օրենսդրական փաթեթը կառավարությունը հաստատել է փետրվարի 6–ին, սակայն այն կքննարկվի նաև խորհրդարանում։

Տավուշի մարզի Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը համայնքների միավորման հետ կապված անձնական կարծիքը չի հայտնում։ Ասում է՝ սուբյեկտիվ կլինի, սակայն փոխանցում է բնակիչների դիրքորոշումը

«Ընդհանուր առմամբ`բացասական վերաբերմունք է հասարակության մոտ խոշորացման վերաբերյալ։ Քանի որ ես պաշտոնատար անձ եմ, իմ շահերին է կպնում, ընդունենք, որ իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել։

Փետրվարի վեցին կառավարությունը վարչատարածքային բաժանման մասին օրենսդրական մի ամբողջ փաթեթ հաստատեց, որով  Իջևանի 19 գյուղ (Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն)   պետք է միավորվեն  ու   ստեղծեն   Իջևան խոշորացված համայնքը։ Եվս մեկ խոշորացված համայնք կձևավորվի Լոռիում՝  Լերմոնտովոյին կմիանա  Անտառաշենը։  Նույն այդ օրը վարչապետը հայտարարեց՝ դժգոհ գյուղացիները կարող  են սեփական նախաձեռնությամբ տեղական հանրաքվե անցկացնել.

«Մենք հստակ հայտարարել  ենք, որ առանց համայնքի բնակիչների համաձայնության խոշորացումը տեղի չի ունենալու։ Մենք խոսել էինք տեղական հանրաքվեի ինստիտուտի խոշորացման մասին։ Քանի որ հանրաքվեն որոշակի բեռ է տեղական բյուջեի վրա, հարց առաջացավ՝ իսկ ինչու ենք մենք պարտադրում հանրաքվե, եթե կարող է դեպք լինել, երբ համայնքը դեմ չէ»։

Դիտավանի ղեկավարին հարցնում եմ՝ ինչու հանրաքվե չեն նախաձեռնում, պարզվեց՝ ուշացել են․ «Տեղական հանրաքվեի մասին»  օրենքով, արդեն ուշ է, քանի որ ժամանակացույց է սահմանվել։ Լիազոր մարմնի կողմից մեզ տեղեկացրել են, բայց մեզ համար արդեն ուշ է»,– ասաց Հակոբ Սարիբեկյանը։

Տարածքային կառավարման ու  ենթակառուցվածքների նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ սահմանված բոլոր ժամկետները պահպանել են, ծանուցումներն էլ արված են։

Տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց՝ 2019 թվականի դեկտեմբերի 10–ին  ԱԺ- ն ընդունեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով իրավական հնարավորություն է տրվել  բնակիչներին, սակայն տեղական հանրաքվե  անցկացնելու համար որոշակի կարգ ու ժամկետներ կան․

«Երբ որ կառավարության նիստով ընդունվել է, ծանուցել են համայնքների ղեկավարների, որ նման որոշում է առկա։ Համայնքի ղեկավարը փետրվարի վեցից սկսած եռօրյա ժամկետում բնակչությանը ծանուցում է բոլոր միջոցներով, հետո՝  հնգօրյա ժամկետում, նախաձեռնող խումբը կարող է գնալ ու գրանցվել։ Հնարավորություն եղել է, սակայն նախաձեռնող խումբը ժամկետների մեջ չի տեղավորվել»։

Աճարկուտը նույնպես միանալու է Իջևանին։ Համայնքի ղեկավարը կողմ է միավորմանը։

Մանվել Ավետիքյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ պատրաստ է թողնել գյուղապետի պաշտոնը, միայն թե գյուղի համար լավ լինի։ 250 բնակիչ ունեցող համայնքի տարեկան բյուջեն մոտ 5 մլն դրամ է կազմում։ Սա էլ միայն պահպանման ծախսերն են հոգում ու աշխատավարձ վճարում․

«Հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներն են՝ խմելու ջրագծերը պետք է փոխենք, գյուղը չունի բուժկետ համայնքի շենք, ճանապարհները շատ վատ վիճակում են։ Ակնկալում ենք, որ այդ հարցերը կլուծվեն»։

Լոռու մարզի Անտառաշեն համայնքը միանալու է Լերմոնտովոյին։ Մոտ 280 բնակիչ ունեցող Անտառաշենի ղեկավար Ռաֆիկ Խառատյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց՝ միավորումը դրական կազդի համայնքի վրա.

«Ես բյուջե չունեմ, 3․5 մլն դրամ բյուջե է, ոչ մի բան չեն կարողանում անել։ Լերմոնտովոյին, որ միացնում են, լավ էլ բյուջե ունեն, ամեն ինչ ունեն։ Իրենց փողերով մեզ լավություն կանեն»։

Օրենսդրական  փաթեթը դեռ  կքննարկվի խորհրդարանում։

Back to top button