ԿարևորՀասարակություն

Ուղղորդվա՞ծ են եղել Ազատեկի հանրային լսումները, թե՞ ոչ

Վայոց ձորի Ազատեկ  համայնքում օրերս տեղի ունեցավ հերթական  հանրային լսումը՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի  հնարավոր շահագործման վերաբերյալ։ Նախաձեռնողը ՝ «Վայկ ինվեստ» ՍՊԸ-ն էր։ 44 կողմ, 42 դեմ ձայների համամասնությամբ հանրային լսումը համարվեց կայացած։ Սակայն հանրային լսումների ընթացքն ուղղորդվել է  միջադեպով։

Վայոց ձորի Ազատեկ  համայնքում օրերս տեղի ունեցավ հերթական  հանրային լսումը՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի  հնարավոր շահագործման շուրջ։ Նախաձեռնողը «Վայկ ինվեստ ՍՊԸ-ն էր։ Վայքի  «Աշխատանք և հայրենիք »  ՀԿ նախագահ, հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանն, որը ևս մասնակցել է քննարկմանը, մեզ պատմեց` այն տեղի ունեցել գյուղապետարանի դահլիճում ։

«Ոտքի վրա քննարկումը տեղի ունեցավ։  Ազատեկ գյուղից  մասնակցել է շուրջ 100 բնակիչ։ Ինչ- որ ուղղորդվածություն  ես նկատում էի։ Համայնքի ղեկավարի ազդեցության դաշտում գտնվող մարդիկ էին, որոնք  կողմ էին շահագործմանը»,– ասաց  Ռուզան Ղազարյանը:

Ազատեկում 44 կողմ, 42 դեմ ձայների համամասնությամբ հանրային լսումը համարվել է կայացած: Ռուզան Ղազարյանի կարծիքով` ընկերության համար ոչ այնքան էական է, թե քանի հոգի է կողմ կամ դեմ, այլ հանրային լսումների անցկացման փաստը։

Իսկ ահա Ազատեկ  համայնքի ղեկավար Սիսակ Հովսեփյանն, մեզ հետ զրույցում նշում էր` ուղղորդվածություն չի եղել․ «Սխալ հայտարարություններ այդ ժամանակ էլ են արել, որ ուղղորդված է եղել։ Մարդիկ հավաքվել  եկել են, իրենց կարծիքն են ասել։   Բա «դեմ»–երի՞ն  ով ա ուղղորդել»։   

Գյուղապետը նաև տեղյակ չէր, թե ինչու են համագյուղացիների  մի  մասը կողմ, մյուս մասը՝ դեմ։ Բոլոր դեպքերում գյուղն  ունի շուրջ  600 բնակիչ: Ազատեկը խոշորացված Վայք համայնքի ամենախոշոր գյուղերից է:  «Վայկ ինվեստ ՍՊԸ –ից առաջ նույն հանքավայրի շահագործման համար հայտ էր ներկայացրել «Վայքգոլդ» ՍՊԸ-ն։ Երկու անգամ Վայքում լսումները տապալվելուց հետո ընկերության  լիազորությունները դադարեցվել են: Հատկանշական է, որ  այս հանրային լսումներին մասնակցել է նաև նախկին ընկերության ներկայացուցիչը։ Ներկաները կարծել են, որ դրանց հետևում  փաստորեն  նույն մարդիկ են ՝ տարբեր անուններով։

Սակայն, ինչպես պարզաբանեց Ղազարյանը, քննարկման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ․

«Քննարկման ժամանակ «Վայքգոլդ» -ի ներկայացուցիչը հարց ուղղեց «Վայկ-ինվեստ»-ին, թե ինքն աշխատե՞լ է իրենց մոտ: Պատասխանը եղավ դրական: Հետո  «Վայքգոլդ»-ի  ներկայացուցիչը ասաց, որ դուք աշխատել եք մեր մոտ,  գողացել եք մեր փաստաթղթերը  և  մեր բիզնեսի գաղտնիքները  փոխանցել եք «Վայկ-ինվեստ»-ին, հիմա որպես տնօրեն եկել եք ներկայանում եք: Նա ասաց նաև, որ գործը ավարտուն չի և իրենք  դիմել ենք դատարան: Բացի այդ, այս քննարկումը, որ դուք սկսել եք, լրիվ անօրինական է»։

ՀԿ ներկայացուցչի խոսքով՝ երկու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են  բանավիճել: Բոլոր դեպքերում`  դեռևս  հանրային լսումներ առաջիկայում սպասվում են: Իսկ թե դատական գործընթացները կլինե՞ն շրջադարձային նորաստեղծ ընկերության համար, թե՞`ոչ , ցույց կտան հետագա  զարգացումները:

Back to top button