ԿարևորՀասարակություն

Հայտնի է Լոռիում խոզերի անկման պատճառը

Հայտնի է, թե ինչից են սատկել Լոռու մարզի Աքորի գյուղի խոզերը։ Միայն թե պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալները չեն համընկնում։ Սննդամթերքի տեսչական մարմնից «Ռադիոլուրին» փոխանցել են, որ ախտաբանական նմուշներում հայտնաբերվել է անաերոբային և կոկաին ինֆեկցիայի հարուցիչներ, իսկ կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային  խմբի մանրէներ ու բորբոսասնկեր։ Գյուղացիները, սակայն, «Ռադիոլուրին» հայտնել են, որ խոզերը սատկել են ժանտախտի որևէ տեսակից։

Կարեն Ավետյանը բնակվում է  Լոռու մարզի Աքորի գյուղում։ Համայնքը  խոշորացված է, միացել է Ալավերդուն։ Ավետյանը խոզաբուծությամբ է զբաղվում, ուներ  մոտ 150 գլուխ  խոզ։ Արդեն երկու ամիս է ՝ գրեթե ամեն օր առավոտյան հինգ կամ տասը սատկած խոզ է տեսնում անասնագոմ մտնելիս:

Ավետյանն ասում է՝  իր նման ևս երկու գյուղացի կա։ Պնդում  է՝ մասնագետները գիտեն՝ խոզերը սատկում են ժանտախտից՝ աֆրիկյան կամ սովորական։ Նմուշները  վերցրել են,– ասում է Կարեն Ավետյանը, միաժամանակ վստահեցնում՝

«Տարել են լաբորատորիա, բայց ժանտախտի դեմ ստուգում ընդհանրապես չեն իրականացրել։ Փաստաթուղթն իմ մոտ է։ Նշված է, որ համապատասխան ախտորոշիչ  նյութերի բացակայության պատճառով չեն կարողանում ստուգել»։

Ավետյանը փաստում է՝ դեպքեր եղել են, որ խոզերը սատկել են, սակայն գյուղացիները չեն  բարձրաձայնել։

Աֆրիկյան ժանտախտը միակ հիվանդությունն է, որի դեպքում փոխհատուցում է  նախատեսվում։ Զրուցակիցս վստահեցնում է՝ նոր է իմացել, որ փոխհատուցում կա, տեղյակ չեն եղել․

«Նման բան չկա, ես շահագրգռված եմ, որ ոլորտը կարգի բերվի։ Մենք գյուղացի ենք, մենք հարյուր տարի անասուն ենք պահում, լավ տարբերում ենք՝ որն է  ժանտախտ, որը՝ չէ։ Մենք չէին ուզի, որ մեր անասունը սատկի, որ հնարավորություն լիներ, մենք կբուժեինք։ Մենք տեղյակ ենք, որ ժանտախտ է, նշանները ժանտախտի են։ Միանգամից չեն սատկել, արդեն մեկ ամիս է։

ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրեց՝ կենդանիների համար նախատեսված կերն ու կենդանիներից վերցված նմուշներն են քննել։

«Կենդանիներից վերցված ախտաբանական նմուշներում հայտնաբերվել է անաերոբային և կոկաին ինֆեկցիայի հարուցիչներ, իսկ կերի նմուշներում  հայտնաբերվել են աղիքային  խմբի մանրէներ ու բորոբսասնկեր։ Մանրէները օրգանիզմում բնական խմբով առկա են և  քանակության տատանումից հնարավոր է, որ անկում լինի։ Կերում շեղումներ ունենք, որը հավանական է, որ անկման պատճառ լինեն»։

Զրուցակիցս ընդգծեց՝ պահպանման պայմանները, ազատ պահվածքը նույնպես կարող են կենդանիների անկման պատճառ դառնալ։

«Որևէ  հիվանդության մասին չենք կարող խոսել, քանի որ լաբորատոր փորձաքննությամբ որևիցե հիվանդություն ախտորոշված չէ»։

ՍԱՏՄ ներկայացուցչին փոխանցեցինք նաև գյուղացիների կասկածները, որ խոզերը ժանտախտից են սատկել։

«Երբ անկած կենդանուց նմուշառում ենք անցկացնում, մենք գրում ենք, որ ստուգեն ընդհանուր հիվանդությունները՝ պարզելու համար հիվանդություն կա՞, թե՞ ոչ, որն է  անկման պատճառը։ Փորձաքննության արդյունքներում հիվանդություն չի ախտորոշվել։ Իսկ խոսելը մասնագիտորեն ոչ ճիշտ մոտեցում է, քանի որ հիվանդությունը հաստատվում է միայն լաբորատոր ախտորոշմամբ։

Գյուղացիները շարունակում են պնդել, տեսչական մարմնից էլ հերքում են՝ աֆրիկյան ժանտախտ չեն հայտնաբերել։

Back to top button