ԿարևորՔաղաքական

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել

լրացված 17.30

ԿԸՀ-ն այսօր ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նախ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան է գրառում կատարել։

Ավելի ուշ պարզ դարձավ նաեւ, որ «ոչ»-ի քարոզչական կողմ գրանցելու նախաձեռնությունը «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանինն է, ինչի մասին ավելի վաղ նա գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Ավելի ուշ նիստ է անցկացրել ԿԸՀ-ը, որում ընդունվել է նաեւ որոշում «ոչ»-ի քարոզչական կողմի եւ նրա ներկայացուցչի գրանցման մասին։

«Ոչ»-ի խումբ ձեւավորելու համար ԿԸՀ փաստաթղթերը ներկայացնելուց հետո Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խումբը բաղկացած է պետական համակարգից դուրս գործող 61  իրավաբանից։ Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, թե իրենք շարունակում են պնդել, որ գործընթացը հակասահմանադրական է։ Ասաց նաեւ, որ «Ոչ»-ի քարոզչություն են նախաձեռնել, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիներին հասու դարձնել՝ ինչպես «Այո»-ն հաստատող, այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները:

 «Մենք կարծում ենք, որ այս գործընթացն էլ ավելի մեծ վտանգներ կարող է ունենալ մեր պետականության համար, եթե ձձեւավորվի «Ոչ»-ի քարոզչության կողմ»։  

Արձագանքելով դիտարկմանը, որ ընդդիմադիր կուսակցությունները «ոչ»-ի շարժմանը չմասնակցելու քայլը հիմնավորում են գործընթացը չլեգիտիմացնելու ցանկությամբ՝ Ռուբեն Մելիքյանը շեշտեց, թե «լեգիտիմությունը» ընդհանրապես ոչ թե իրավական, այլ քաղաքական կատեգորիա է, իսկ իրենց նախաձեռնող խումբը կազմված է բացառապես իրավաբաններից, հետեւաբար՝ իրենք չեն կարող տեղավորվել այն համակարգում որտեղ «լեգիտիմության» կամ «ոչ լեգիտիմության» հարցեր կան։      

«Մեր երկընտրանքը ոչ թե «լեգիտիմության» կամ «ոչ լեգիտիմությունն» է, այլ՝  իրավաչափությունն է եւ ոչ իրավաչափությունը»։

«Ոչ»-ի քարոզչությունը, Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ, իրենք տանելու են իրավական կողմի մասին խոսելով։ Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը միտված է ի շահ Հայաստանի Հանրապետության: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից: Մենք ջանքեր ենք գործադրելու, որ այս ընթացքում բացառվեն հանրությանը գույների բաժանելու և ատելություն քարոզելու արատավոր երևույթները՝ հայտարարեց «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի հիմնադիր-անդամ Ռուբեն Մելիքյանը։ Վստահեցրեց, որ «ոչ»-ի կողմում հենց այդպես է լինելու եւ ակնկալում են նույնը «այո»-ի կողմից։

«Սա մենք շատ կարեւորում ենք, որովհետեւ հիմա մեր երկրում բացասական մթնոլորտ է առկա եւ մենք հույս ունենք, որ այս գործընթացը կբերի ոչ թե դրա շիկացման, այլ, ընդհակառակը, նվազման։ Իսկ մնացածի վերաբերյալ  մենք շատ ավելի հանգամանալից կկարողանանք խոսել այն բանից հետո, երբ  մեր կարգավիճակը հաստատվի»։

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավի մասին  «Այո»-ի շտաբն առաջիկայում մանրամասներ կներկայացնի։ Այս մասին երեկ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ Քաղացիական պայմանագիր կուսակցության վարչության շենքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ Անդրադառնալով փաստին, որ խորհրդարանական ուժերը չեն ձևավորելու «Ոչ»-ի շտաբեր, Սիմոնյանը նշեց, որ իրենք անհանգստանալու որևէ առիթ չեն տեսնում:

«Ես վստահ եմ, որ կձեւավորվի «ոչ»-ի շտաբ, բայց եթե նույնիսկ չձեւավորվի, ոչ մի մտահոգություն չունենք այդ ամենի կապակցությամբ։ Իսկ ի՞նչ ունենք անհանգստանալու»։

Խոսելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվելու մասին, Սիմոնյանն ասել էր, որ այստեղ օգտագործվում է նրա փորձը, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է նաև «Իմ քայլը» խմբակցության շտաբի պետը: Շատ վերլուծաբաններ նշում էին, որ Պապիկյանի նշանակմամբ կօգտագործվեն համայնքային ռեսուրսները: 

 «Չգիտեմ որ քաղաքագետն է նման բան ասել, բայց, կարծում եմ, դա  հին տրամաբանություն է։ Մենք որեւիցե ձեւով երբեք չենք օգտագործել։ Միգուցե, ինչ-որ սխալներ կարող է եղել են կամ կարող է լինեն, բայց երկու անցկացված մեծ ընտրությունները՝ Երեւան քաղաքի եւ համապետական ԱԺ ընտրությունները,  կարծում եմ, տեղ չեն թողնում, որ պարոն Պապիկյանի պես եւ մեր թիմի պես քաղաքացիների նկատմամբ նման մեղադրանքներ կամ կարծիքներ հնչեն»։

Ավելի ուշ ԿԸՀ-ը նիստ հրավիրեց՝ օրակարգային երեք հարցով։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը զեկուցեց «ոչ» քարոզչության կողմ եւ նրա լիազոր ներկայացուցիչ գրանցելու մասին հարցը, ապա նաեւ քվեարկության դրվեց որոշման նախագիծը։  

Այսօրվա նիստի օրակարգային երկրորդ հարցով ԿԸՀ-ը որոշեց Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն «այո» եւ «ոչ» քարոզչական կողմերի միջեւ սահմանելու մասին՝ 2008 տեղամասերում նախագահի եւ քարտուղարի տեղերը հավասարաչափ կբաշխվեն։  

«Այսպիսով, 1004-ական նախագահի եւ քարտուղարի տեղեր կստանա «Այո» քարոզչության կողմը եւ 1004-ական՝ «Ոչ» քարոզչության կողմը»։        

ԿԸՀ-ը սահմանեց նաեւ 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը «այո» եւ «ոչ» քարոզչական կողմերի միջեւ բաշխելու մասին։  

Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մտադրության մասին հայտնել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում Մելիքյանը ներկայացրել էր իրենց նախաձեռնող խմբի առաջին տասնյակը՝ Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան։

Back to top button