ԿարևորՄիջազգային

Իդլիբում ռուս–թուրքական առճակատումն ու հումանիտար աղետը

Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբի շրջանում, ըստ սիրական պաշտոնական և ռուսական աղբյուրների, Բաշար Ասադի ուժերը առավելություն են գրանցում։ Մարտերն այստեղ, ինչպես հայտնի է, ընթանում են արդեն մի քանի շաբաթ, և Դամասկոսը, և Անկարան հաղորդում են երկուստեք զոհերի մասին։

Սիրիայի նախագահն այսօր հայտարարել է, որ սիրիական բանակը կշարունակի առաջխաղացումը և  գրոհայիններից կազատագրի  Հալեպը եւ Իդլիբը՝ չնայած հյուսիսի ճնշմանը: Ըստ Ասադի, չնայած նրան, որ ծայրամասերի ազատագրումը դեռ չի նշանակում պատերազմի լիակատար ավարտ կամ ահաբեկչության լիակատար վերացում, այն կլինի ահաբեկիչների պարտության սկիզբը:

Մեկնաբանելով կառավարական ուժերի առաջխաղացումը Իդլիբում և ռազմական գործողությունները սկսելու համար ընտրված ժամանակահատվածը՝ թուրքագետ  Հայկ Գաբրիելյանը Իդլիբում սիրիական կառավարական ուժերի գրոհի մի քանի պատճառ է նշում։  Փաստորեն, Մոսկվան սխալվում էր, կարծելով,  թե Անկարան պետք է որ բավարարված լինի բոլոր ձեռքբերումներով (նաև տարածքային), որ վերջին տարիներին ունեցել է Սիրիայում` այդ թվում՝  հենց Ռուսաստանի աջակցությամբ և, գոնե, Իդլիբի նահանգը հանձնի Բաշար Ասադին։ Բայց Թուրքիայի ախորժակն ուտելիս է բացվել։

«Ռուսաստանը պատժում է Թուրքիային Իդլիբից չհեռանալու համար և նաև Լիբիայում ռազմական միջամտություն սկսելու համար, որտեղ նորից կողմերը հակադիր բևեռներում են։ Բաշար Ասադի բանակի հարձակման ժամանակահատվածն էլ ընտրվել է նրա համար, որ Թուրքիան զինյալներին տեղափոխել է Սիրիայից Լիբիա, և Ռուսաստանը, Իրանը Սիրիան  կարծում են, որ հարմար պահ է գրոհը սկսելու համար»։

Ռազմական գործողություններին զուգահեռ՝ Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ Մոսկվան ու Անկարան վարում են բանակցություններ։ Այսօր  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն չի բացառել մոտ օրերս Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման հնարավորությունը։ Ինչպես հայտնի է, ՌԴ և Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայում բանակցություններ են վարել Իդլիբի շուրջ, կարծիքներ են փոխանակել կրակի փոխադարձ դադարեցման ռեժիմի սահմանման, Սոչիի հուշագրի պայմանների կատարման, ինչպես նաեւ համատեղ պարեկությանը վերադառնալու շուրջ:

Թուրքական պատվիրակությունը, որը գլխավորում Է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, փետրվարի 17-ից գտնվում Է Մոսկվայում եւ ռուս գործընկերների հետ քննարկում Է սիրիական Իդլիբի իրադրությունը: Փետրվարի 18-ին թուրք եւ ռուս պաշտոնատար անձինք անցկացրել են բանակցությունների երկրորդ փուլը, որը, «Անադոլու» գործակալության տվյալներով, արդեն ավարտվել Է:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ Թուրքիան այդ բանակցություններում ձգտելու է հնարավորինս պահել Իդլիբի շրջանում իր ունեցած ռազմական հենակետերը և, եթե իրավիճակը էլ ավելի սրվի, կարող է հրաժարվել դրանց մի մասից։ Թուրքագետը նշում է․ Անկարայի  գերնպատակը Իդլիբի այն շրջանների պահպանումն է, որոնք սահմանակից են իր Հաթայ նահանգին և Սիրիայի Աֆրին շրջանին, որը Թուրքիան օկուպացրել է 2018 թվականին։ Բացի այդ, Թուրքիան դժգոհ է  Ասադի առաջխաղացումից, քանի որ մեծ թվով փախստականներ շարժվում են ոչ թե Թուրքիա, այլ Աֆրինի շրջան, որտեղ Անկարան զբաղված է տեղի ժողովրդագրական պատկերի փոփոխմամբ և փախստականների հոսքը խառնում է նրա ծրագրերը։

 «Իմ կարծիքով, բանակցություններում  կփորձեն քաղել առավելագույնը Ռուսաստանից։ Խնդիրն այն է, թե  ինչպիսի համաձայնության կգան Ռուսաստանի հետ։ Այսինքն, որքան հնարավորություն կտա Վլադիմիր Պուտինը, այդքան ձեռքբերումներ կունենա Թուրքիան։ Իմ կարծիքով՝ մինիմալ նպատակը այն շրջաններն են, որ  սահմանակից են Հաթայ նահանգին և Աֆրինի շրջանին, որը Թուրքիայի վերահսկողության տակ է։  Կարծում եմ՝ կողմերը համաձայնության կգան, որ որոշակի հատված Իդլիբի նահանգից մնա Թուրքիայի վերահսկողության տակ, իսկ նահանգի մեծ մասը անցնի Բաշար Ասադի վերահսկողության տակ»,–նշում է նա։

Իդլիբում կառավարական ուժերի առաջխաղացումը, ըստ Հայկ Գաբրիելյանի, Թուրքիայի պարտություն չի կարելի համարել։ 2016–ից սկսած Անկարան շարունակում է մեծացնել  Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը։ Նրա խոսքով՝ գլոբալ առումով սիրիական հակամարտության հետևանքով թուրքական կողմն ավելի քան 8 հազար կիլոմետր տարածք է վերահսկում, և Անկարայի հեռահար նպատակն է այդ տարածքները կամ իր վերահսկողության տակ պահել կամ  համապատասխան ներկայություն ապահովել լոյալ տրամադրված բնակչության միջոցով, որպեսզի հնարավորության դեպքում հանրաքվեով տարածքները միացնեն իրեն։ 

Մինչ տերությունները բանակցում են երրորդ պետության տարածքում իրենց ազդեցության գոտիների սահմանները հստակեցնելու շուրջ, միջազգային կազմակերպությունները կրկին բարձրաձայնում են հումանիտար աղետի մասին։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարն այսօր հայտարարել է․ Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը սարսափազդու է, մանրամասնելով՝ այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում միայն տեղում շուրջ 300 խաղաղ բնակիչ է զոհվել է:

«Անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունն ու մարդասիրական միջանցք բացել»,- նշել է հանձնակատար Միշել Բաչելետը:

Back to top button