ԿարևորՄիջազգային

Թալիշներ. Ադրբեջանում հերթական անգամ ոտնահարվեցին ազգային փոքրամասնությունների իրավունքները

Ադրբեջանում  հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաների  միջոցով վիճարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Միջազգային շատ դիտորդների կարծիքով նույնպես, փետրվարի 9–ին կայացած արտահերթ ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին։

Կարծես թե միջազգային հանրությանը շոյելու նպատակով իշխանությունները արդեն իսկ մեկ քայլ կատարել են՝ ընտրությունների արդյունքները չեղարկել են միանգամից չորս ընտրատարածքներում, բայց սրանից ավելին չեն պատրաստվում գնալ՝ հանդուրժել ընդդիմության բողոքները, եւ ընտրել են գործող, պահպանվող եւ արդեն իսկ վերարտադարված իշխանությանը փոխանցված՝ մահակով լռեցնելու տարբերակը։

Ադրբեջանի նախագահը Մյունխենում միջազգային հանրության աչքին նայելով՝ ի պատասխան Ղարաբաղի հարցի վերաբերյալ միջանկյալ լուծում հանրավո՞ր է, մինչ կարգավիճակի վերաբերյալ հարցի քննարկումը, ասաց, որ իրենք փուլային տարբերակով են տեսնում խնդրի լուծումը՝ տարածքների ազատագրում՝ տեղահանվածների վերադարձ, վերաբնակեցում, որից հետո, «երբ պատրաստ կլինեն», սա Ալիեւի ուղիղ խոսքն է, Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկում։ 

«Կարգավիճակը չպետք է խաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որտեղ փոքրամասնությունները խաղաղության մեջ են ապրում, եւ հայերը կարող են օգտվել նույն արտոնություններից»,– ասել էր Ադրբեջանի նախագահը։

Խոսքեր, որոնք, ինչպես վերլուծաբաններն են արձանագրում, ասված են ներքին լսարանի համար, քանի որ այս օրերին երկրում հետընտրական կրքերը ոչ միայն տեղաբնակ ազգային փոքրամասնություններին են փոքրամասնություն դարձել, այլ՝ իշխանության ցանկացած կարծիք չկիսող անձանց։

«Ազատ ընտրություններ» կարգախոսի ներքո ընդդիմությունը կիրակի օրը փորձեց բողոքի ակցիա անցկացնել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` հերթական անգամ բախվելով ոստիկանության հակազդեցությանը։ 

Ընտրությունների արդյունքները բողոքարկող անձինք՝ ինչպես փաստում են միջազգային ԶԼՄ- ները եւ հրապարակված տեսակադրերը, ոստիկանական բիրտ գործողությունների արդյունքում լքեցին ԿԸՀ տարածքը՝ հայտնվելով Բաքվից դուրս։ Եթե պատկերավոր ներկայացնենք` ոստիկանները  շղթայել էին ողջ տարածքը, մասնակիցներից շատերին ձերբակալել նրանց հայտնվելուն պես, ոմանց շքամուտքերի մոտ, և ավտոբուսներով հանել քաղաքից ու որոշակի հեռավորության վրա իջեցրել։

Ըստ նախնական տվյալների՝ ձերբակալվել էր 50 մարդ։ Ավելին՝ մինչ Ադրբեջանի նախագահը վստահաբար հայտարարում էր, որ երկրում ազգային փոքրամասնությունները խաղաղությամբ ապրում են, շինծու մեղադրանքով եւ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ 16 տարվա ազատազրկման է դատապարտվում թալիշների առաջնորդներից Ֆահրադին Աբասովը։

Ադրբեջանական Հանրապետության տեղաբնիկներն այսօր  զրկված են բոլոր կարգի իրավունքներից՝ ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը` հակադարձելով Ալիեւի մյունխենյան խաղաղասիրական հայտարարությանը։

«Ադրբեջանական Հանրապետությունը ստեղծված է  որպես էթնոկրատիկ պետության դասական օրինակ, որտեղ ոչ միայն չեն պահպանվում տեղաբնակների իրավունքները, այլ ընթանում է բռնի ուծացման քաղաքականություն։ Արդյունքում,  տեղաբնիկ ժողովուրդները դիտարկվում են բիոզանգված ադրբեջանական էթնիկական միավորի կերտման համար։ Արձագանք Իլհամ Ալիեւի հայտարարության վերաբերյալ դեռ չկա, բայց կլինի, քանի որ այսօր թալիշական շարժումը բավականին ակտիվ զարգանում է, եւ ադրբեջանական քաղաքականությանը հակահարված է տալիս»,– ասում է Ոսկանյանը։

Թալիշ ժողովրդի ներկայացուցիչ Իսմայիլ Շաբանովը, որն այժմ բնակվում է Ռուսաստանում եւ «Թալիշական սփյուռք» հ/կ նախագահն է, նույնպես հաստատում է, որ Բաքվի վարվող պետական ուծացման քաղաքականությունը սպառալիք է թալիշների համար։ Ադրբեջանցիներն այսօր յուրացրել են բնիկ ժողովուրդների, մասնավորապես թալիշների մշակույթը, գիտական ձեռքբերումները` ասում է Շաբանովը։  

«Այսօր նրանք արգելում են մեզ ամեն ինչ, անգամ օրենքով արգելված է թալիշ բառի օգտագործումը։ Նրանք մեզանից վերցնում են մեր պապերի ժառանգությունը՝ մեր հողերը։ Մեր ժողովուրդը դա գիտակցում է։ Այսօրվա երիտասարդները մեզ ապագայում չեն ների։ Կասեն, ո՞ւր էիք դուք, երբ եկվորները եկել էին եւ զավթել մեր հողերը, ու դուք դա թույլ եք տվել։ Ինչ կլինի վաղը մեր հետ։ Մենք փոքր ժողովուրդ ենք, ու մեզ ոչնչացնել են ուզում։ Ինչո՞ւ։ Մենք ձեզ վնասո՞ւմ ենք։ Մեր ժողովուրդը չի կարողանում հաղորդակցվել անգամ թալիշերենով, չի կարողանում առանց միջադեպերի մասնակցել ընտրությունների»։

Ադրբեջանում խաղաղ պայմաններում չենք ապրում, Ադրբեջանը բացահայտ թշնամանքով է վերաբերվում տեղաբնիկ թալիշներին, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ, Աշխարհաքաղաքական հետազոտությունների «Թալիշ» կենտրոնի փորձագետ, թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զահիրադդին Իբրահիմին։ Պաշտոնական Բաքուն միջազգային հանրության առջեւ կարծես թե հաշվետու է լինում, որ ազգային փոքրամասնությունների համար հավասար պայմաններ են ապահովվել։ «Կեղծիք, որը չի համապատասխանում իրականությանը»,– ասում է Զահիրադդին Իբրահիմին։

«Սակայն Ադրբեջանում չկա մեկ դպրոց, որտեղ թույլատրվի թալիշերեն դասավանդել։ Ես պաշտոնապես, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանը Եվրոպային խաբում է, թե ունի թալիշական դպրոցներ, ունի թալիշերեն հեռուստատեսություն, ռադիո, մամուլ։ Դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում, թալիշները հալածանքի են ենթարկվում»։   

Պետական բարձր մակարդակով կեղծվում է նաեւ Ադրբեջանում բնակվող թալիշների թիվը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, այսօր բնակվում է  120 հազար թալիշ։ Ըստ Աշխարհաքաղաքական հետազոտությունների «Թալիշ» կենտրոնի փորձագետի` թալիշների թիվն Ադրբեջանում կես միլիոն է։ Հստակ տվյալներ չկան։  

Back to top button