Ծովահայեր

Ստորջրյա բուսաբանությունը՝ Հայաստանում նոր զարգացող ուղղություն. «Ծովահայեր»

«Ծովահայեր»-ի այս թողարկումը մեր երկրում զարգազող նոր ուղղության՝ ստորջրյա բուսաբանության մասին է։ 2019թ.-ին գրանցվեց առաջին հայտնությունը՝ ռուպացիան։ Ստորջրյա բուսաբանության և անվտանգ սուզվելու կարևորության  մասին պատմում են Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ էլմասակյանը։ 

Հայաստանում նոր ուղղություն է զարգանում՝ «ստորջրյա բուսաբանություն»

Ամռանը Սևանը նոր հնարավորություններ է ստեղծում և՛ ջրային սպորտի սիրահարների, և՛ գիտնականների համար։

2019թ.-ի ամառն էլ, ավանդույթի համաձայն, Սևանը սուզում,  նոր զգացողություններ ու, գոնե ինձ համար, նոր բացահայտումներ էր խոստանում։ Առաջին հայացքից ջուրը պարզ է թվում. որպեսզի թթվածինս բավարարի, ափից լողալով հեռանում եմ մոտ 100 մետր և սուզվում այն հատվածում, որտեղ լճի հատակից պղպջակները բարձրանում են՝ անհամաչափ ճեմելով։ 

Որքան խորանում եմ, այնքան թանձրանում է լճի գույնը, և կապտականաչ ջրիմուռները գրեթե զրոյացնում են տեսանելիությունը։ Այնպիսի տպավորություն է, որ լողում եմ կանաչ ու մի քիչ էլ մածուցիկ զանգվածում դեպի անորոշություն։ Հանկարծ դիմացս հայտնվում է հսկայական բույս, մի պահ սարսափում եմ, քանի որ բույսը պատված է ինչ-որ սպիտակ, լորձանման նյութով։

Հիշում եմ՝ չորս տարի առաջ այս կողմերում ընկերներով սուզվում էինք մինչև 20 մետր խեցգետին որսալու, բույսերին էլ գրեթե ուշադրություն չէինք դարձնում, եթե նույիսկ դարձնում էինք, ապա միայն չխճճվելու համար։

 Հաճելի հիշողութուններից սթափվում եմ ու վերադառնում տխուր կամ, որ ավելի բնորոշ է, զարհուրելի իրականություն. տեսարանից շնչահեղձ լինելով՝ դուրս եմ գալիս ու ցավով գիտակցում, որ այս տարվա պլաններն անիրագործելի են։

Պարզվոււմ է՝ այդ ընթացքում Սևանի մեկ այլ հատվածում նույն բույսը, բայց ավելի մաքուր ու առանց լորձանման փառի, հետազոտում է բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության խումբը։ Պարզվում է՝  այս բուսատեսակը նորույթ է։

Հայաստանում հայտնաբերված  նոր ընտանիքի նոր ցեղի նոր տեսակի ջրային բույսը 196156-րդն է մատյանում  և առաջին հայտնությունը 80-ականներից ի վեր։  ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանը՝ Իվան Գաբրիելյանը,  հերբարիումի նորույթը՝ ռուպացիան է գրանցում մեր երկրի ֆլորայի հիմնական պահոցում։

 «Սա ոչ միայն նոր տեսակ է Հայաստանի համար,այլ նաև նոր ցեղի՝ ռուպիա: Ցեղըն ու ընտանիքը, որոնց պատկանում է այս տեսակը, առաջին անգամ են հայտնաբերվել Հայաստանում»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը:

Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի հնէաբուսաբանության խումբը երկար սպասված նորույթը հայտնաբերել էր Սևանա լճի Ծովինար գյուղի հատվածում՝ յոթ մետր խորությոան վրա։ Ի դեպ, ռուպացիան, կարելի է ասել, երկկենցաղ բույս է։

«Կարող ենք լրացուցիչ ասել, որ սա ոչ միայն ջրամերձ բույս է, այլ նաև ջրային և նույնիսկ հատակային»,- ասում է Գաբրիելյանը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ և ռուս գիտնականները  համատեղ ծրագրի շրջանակում ուսումնասիրում են Կովկասի բարձրլեռնային լճերը: Հայ մասնագետներն ուսումնասիրում են Արագածի Քարի և Ումրոյ լճերը, Ակնա լիճն ու Սև Լիճը,  Սևանի ուսումնասիրությունն էլ խմբի կամավոր նախաձեռնությունն է։ Երկու տարվա հետազոտությունների ժամանակ խումբն ամենաշատը  հանդիպել է աղբի՝ նույնիսկ բարձրլեռնային լճերում։ Մասնագետներն ահազանգում են։

«Մարդածին աղետի եզրին ենք կանգնած, ամենաբարձրլեռնային՝ Արագածի Քարե լճում կային անվադողեր ու պանելներ, շինարարական կիսակառույցի մնացորդներ»,- ասում է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը:  

 Հայաստանի ջրային ավազանները բազմակողմանի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։

Ցուցադրել ավելի
Back to top button