ԿարևորՀասարակություն

Հայ գիտնականի աշխատությունը՝ Բելգիայի համալսարանի ուսումնական ծրագրում

Ժամանակին միջազգային համբավ ունեցող  ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Ֆիզիկական քիմիայի  ինստիտուտի նախկին գիտաշխատող, ներկայումս՝ ֆրանսաբնակ քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի աշխատությունն ընդգրկվել է բելգիական համալսարանի ուսումնական ծրագրում։ Աշխատությունը գիտնականի շուրջ երեք տասնյակ տարիների գիտական պրպտումների արդյունքն է։

Ռոբերտ Բախչաջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմել է ոչ միայն հիշյալ աշխատության, այլև երևանյան ինստիտուտի հետ համագործակցության մասին, արտահայտել իր մտահոգությունները ոլորտի խնդիրների վերաբերյալ:

Ֆրանսաբնակ  քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» անգլերեն ծավալուն աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի համալսարանի ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում։ 2019-ի տարեվերջին գիրքը հրատարակել է բնագիտական և ճարտարագիտական գրականության ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝  «ՍիԱրՍի պրես Թեյլոր ընդ Ֆրանսիս գրուպը», Բոկա Ռատոնում (Ֆլորիդա), Լոնդոնում և Նյու Յորքում։

«Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում գիտնականը տեղեկացրեց, որ գիրքը հասցեագրված է հատկապես ֆիզիկական քիմիայի բնագավառի գիտնականներին, ճարտարագետներին, ուսանողներին, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս բնագավառի հիմնախնդիրներով։

«Աշխատությունը վերաբերում  է ֆիզիկական քիմիայի բնագավառին, վերջին մի քանի տասնամյակների միակ ծավալուն աշխատությունն է այդ բնագավառում, ուրիշը չի եղել։ Եղել են առանձին հոդվածներ, անդրադարձներ։ Գրքի մասին գրախոսական է գրել  Բելգիայի համալսարանի պրոֆեսոր Ժորես Տիբոն»։

Վերջինի առաջարկությամբ էլ Բախչաջյանի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի համալսարանի ուսումնական ծրագրում։ Եթե ներկայացնենք հնարավորինս պարզ, ապա գիրքը նվիրված է քիմիական ռեակցիաների ընթացքի մեխանիզմին։ Գիտնականը խոստովանում է, որ աշխատությունն իր համար նախ՝ հնարավորություն էր ամփոփելու 30 տարիների աշխատանքի արդյունքը, այդ թվում  նաև այն հետազոտությունների, որոնք իրականացրել է Հայաստանում 90-ականներին։

«Մութ ու ցուրտ տարիներին հնարավոր չէր շատ բան  հրատարակել, շատ բան պարզապես կորչում էր։ Այդ ամենը ևս ամփոփեցի այս գրքում։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ գիտության այս ճյուղին մինչ այժմ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել։ Ես աշխատեցի այդ բացը լրացնել»։

Ռոբերտ Բախչաջյանը ծնվել է Գյումրիում, 1957 թվականին, ավարտել է ԵՊՀ-ի  Քիմիական ֆակուլտետը։ Այնուհետև գիտական աշխատանքով զբաղվել  ԳԱԱ Ֆիզիկական քիմիայի  ինստիտուտում։  1995 թվականին Հայաստանից տեղափոխվել է Ֆրանսիա։ Նույն թվականին Լոնդոնում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։  Ռոբերտ Բախչաջյանը գիտական գործունեությունը շարունակել է Ֆրանսիայի  գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, Էքս Մարսելի համալսարանում։ Կապը Երևանի Ֆիզիկական քիմիայի  ինստիտուտի հետ, ասում է,  չի ընդհատվել, համագործակցության հնարավոր առիթը երբեք բաց չի թողել։

 «Համագործակցում եմ  Ֆիզիկական քիմիայի ինստիտուտի հետ, որտեղ  աշխատել  ու իմ գիտական առաջին կոչումն եմ ստացել։  Այսօր էլ  շարունակում եմ համագործակցել և ուժերիս ներածին չափով օգնել։ Համատեղ հրատարակություններ ունենք։ 2009-2012 թվականներին ղեկավարել եմ  հայ-ֆրանսիական համատեղ գիտական խումբը՝ երկու երկրների միջև գիտական համագործակցության ծրագրի շրջանակում»։

Ըստ Բախչաջյանի, այս ծրագիրը, ցավոք, հնարավոր չեղավ շարունակել նյութական խնդիրների պատճառով։ Գիտնականին, ընդհանրապես, խիստ մտահոգում է Երևանի Ֆիզիկական քիմիայի  ինստիտուտի ներկա վիճակը, ինստիտուտ, որը, ինչպես ասում է, միջազգային մեծ համբավ ուներ խորհրդային տարիներին։

 «Խորհրդային տարիներից մնացած սարքավորումների վրա տեղի գիտնականները որքան հնարավոր է աշխատում են, որպեսզի գոնե եղածը պահեն։ Բայց չափազանց դժվար է պահպանել գիտության այս ճյուղը առանց պետության լուրջ օժանդակության։  Խղճալի աշխատավարձով երիտասարդները չեն կարող անգամ գոյատևել»։

Սեյրան Մինասյանը Արամ Նալբանդյանի անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտը ղեկավարում է  2019-ի փետրվարից։ Ինստիտուտի հետ Ռոբերտ Բախչաջյանի համագործակցության մասին ասաց՝ շատ բան չի կարող պատմել, փոխարենը նրա հետ խոսեցինք գիտնականի մտահոգությունների մասին։ Վստահեցրեց, որ ինստիտուտն այս պահին զարգացման լուրջ հեռանկար ունի։ Միջազգային գիտական դրամաշնորհներով ներկայումս  մի քանի ծրագիր են իրականացնում։ Ֆիզիկական քիմիայի ինստիտուտին նաև մի քանի պետական ծրագիր է հանձնարարվել ։

«Սկսել է կազմը երիտասարդանալ, և՛ ֆինանսավորումն է ավելացել, և՛ նոր սարքավորումներ ենք ձեռք բերել անցած տարի։ Այս տարի նոր լաբորատորիա է ձևավորվելու, նոր սարքավորումներ են գալու։ Կարծում եմ՝ զարգացման լուրջ հեռանկարներ  ունենք և ընթացքի մեջ ենք»։

Ինստիտուտի գիտական արդյունքն այս պահին  կիրառվում է ինովացիոն երկու ծրագրերում։ Փորձնական արտադրամասում արդեն ախտահանիչ նյութեր են արտադրում, մյուս ծրագրի նյութը ժանգի փոխարկիչն է, որը կարող է  օգտագործվել մետաղական կոնստրուկցիաների  պաշտպանիչ շերտի ստեղծման նպատակով։  Մի քանի տասնյակ լիտր արդեն իրացվել է։ Ըստ տնօրենի, Երևանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտի ստեղծած գիտական արդյունքով հետաքրքրված են միջազգային լուրջ ընկերություններ։

«Բոլորովին վերջերս «Ֆիլիպ մորիս» հայտնի ընկերության դրամաշնորհն ստացավ մեր լաբորատորիաներից մեկը։ Եվրոպացիների հետ ջրերի ուսումնասիրման ծրագիր ենք իրականացնում»։

Արամ Նալբանդյանի անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները եվրոպացիների հետ ուսումնասիրում են հատկապես Սևանի, Հրազդան ու Ախուրյան գետերի  ավազանների քաղցրահամ ջրերը։ Համագործակցությունը շարունակական է լինելու։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close