ԿարևորՏնտեսական

2019-ին վարկային պորտֆելի 65 տոկոսն ուղղվել է տնտեսությանը

Պաշտոնական տվյալներով՝  Հայաստանում բնակչության 80–85 տոկոսը բանկային համակարգում հաշիվ ունի, իսկ վարկերի ծավալները տարեցտարի ավելանում են։

Ոլորտի ներկայացուցիչները  սպառողական  վարկերի  ծավալի ավելացումը պայմանավորում են  ոչ թե տնտեսության վիճակով  կամ  մարդկանց  սոցիալական պայմաններով, այլ՝  համակարգի կայացմամբ։ 

2019–ին շուրջ 10 տոկոսով ավելացել է բիզնես վարկերի ծավալը։  Ընդհանրապես վարկային պորտֆելի  65 տոկոսն ուղղվում է տնտեսությանը։

Ծավալների ավելացմանը զուգահեռ նվազում են վարկային տոկոսադրույքները՝ արձանագրում են բանկային մասնագետները ու կանխատեսում, որ միտումը կշարունակվի նաև 2020-ին։

Սպառողական ու հիպոթեքային վարկերի աննախադեպ աճ․  Հայաստանի բանկերի միությունում 2019 թվականը բնութագրում են դրական ու բարենպաստ։ Նշում են՝ այս  պահին անհանգստանալու պատճառներ չկան։  Բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը արձանագրում  է՝ սպառողական վարկերն ավելացել են դրական սպասումների,   իսկ հիպոթեքային վարկերը՝  հիմնականում եկամտային հարկի վերադարձի  պատճառով։

«Տուրիզմի էական աճը նույնպես նպաստել է  այդ աճին։ Զբոսաշրջության աճը կարևոր ու դրական է տնտեսության համար, քանի որ հավասարապես բաշխվում է բոլոր ոլորտներում»։

«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող  Հրանտ Միքայելյանը վստահ է՝ վարկերի ավելացումը խնդրահարույց չէ բանկային համակարգի համար։

«Կարևոր է, թե եկամուտները որքանով են աճել։ Եթե նայենք ազգային հաշիվները, կտեսնենք, որ վերջնական սպառումը ավելացել  է 10–11 տոկոսով, որտեղ նաև ստվերից դուրս բերված շրջանառությունն է։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ սպառումն իսկապես աճել է»։

Զրուցակիցս ընդգծում է՝ ավելացել են նաև տրանսֆերտները, բայց  քաղաքացիների եկամուտների ավելացումն ընդհանուր առմամբ կապված է տնտեսության աշխուժացման հետ։

Սպառողական վարկերի պահանջարկն ավելացել է․ ծավալների աճը  նկատելի է, բայց կտրուկ չէ ՝ արձանագրում են Կենտրոնական բանկում։  ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ֆինանսական համակարգը կայուն  ու կապիտալիզացված է որակում, բայց նշում է, որ որոշ մտահոգություններ ԿԲ–ում ունեն։

Ավելին՝ քննարկում են մեխանիզմներ, թե ինչպես զսպել վարկերի  ծավալների աճը։  ԿԲ ներկայացուցիչը հիշեցնում է՝   ԱՄՆ–ում 2005–2007թթ․՝  նախաճգնաժամային շրջանում,  հնարավոր էր վարկային միջոցներ վերցնել՝ առանց գրավի բավարար մակարդակի։ Ամերիկյան տնտեսությունը ճգնաժամի մեջ հայտնվեց նաև այդ պատճառով։

«Գրավի բարձր մակարդակը վարկն  ապահով է  դարձնում։ Փորձում ենք հասկանալ, թե եկամտի որ մասը կարող է ուղղվել վարկի մարմանը ու խնդիրներ չառաջացնել։ Օրինակ՝ 300 հազար դրամ եկամուտ ունեցողի  վարկային պարտավորությունը  120 հազար դրամը պետք է չգերազանցի, որպեսզի նա 120 հազար դրամ վարկ վճարելով՝ կարողանա 180 հազար դրամով ապրել»։

Բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը  կարծում է, որ զսպող գործիքակազմ կիրառելու անհարաժեշտություն կծագի լրացուցիչ ռիսկերի դեպքում, առայժմ դրանք չկան ։ Բանկերի միության  գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն  այլ հարց է կարևորում։

«Եթե մենք սահմանափակումներ կիրառենք, ապա դա սահմանափակելու է հաճախորդների որոշակի խմբի ֆինանսական հասանելիությունը։ Մյուս կողմից՝ ունենալու է զսպող նշանակություն, որ քաղաքացիները, որոնք ճիշտ հաշվարկներ չեն անի, լրացուցիչ վարկային բեռի տակ չընկնեն»։

Բանկերի շահույթը 2019 թվականին  ավելացել է  25․4, իսկ   վարկային ներդրումները՝  10 տոկոսով։  Վարկային պորտֆելի 65 տոկոսը ուղղվել է տնտեսությանը։ Պորտֆելն աճում է  հենց այս վարկերի հաշվին՝ ասում է  Բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Հիպոթեքն ու սպառողականը շատ ավելի բարձր աճի տեմպ են ունեցել մյուս ոլորտների համեմատ, բայց  բիզնես վարկերի առումով  նույնպես էական առաջընթաց կա՝ մոտ 10 տոկոս»։ 

2019 թվականին գյուղոլորտին տրամադրվող վարկերն ավելացել են մոտ 10 տոկոսով։  Մեծացել է նաև մյուս ճյուղերին ուղղվող վարկային միջոցների ծավալը։ Արձագանքը  տնտեսության աշխուժացումն է։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close