ԿարևորՀասարակություն

Հավկիթի գնի «առեղծվածը» շուտով կբացահայտվի

Էժան հավկիթն առաջին հայացքից ձեռնտու է շարքային սպառողին, բայց իր մեջ լուրջ տնտեսական վտանգներ է պարունակում։ Այսօր խնդիրը փորձել են հասկանալ ԱԺ-ում, ուր հրավիրել էին ՏՄՊՀ նախագահին՝ բացատրություններ ստանալու համար։

Քննարկման ընթացքից պարզ է, որ նույն թեմայով պատգամավորները դեռ կհավաքվեն՝ սպառիչ վերլուծություններն ու պատասխանները ստանալու համար։ Այս պահին միայն հստակ է, որ քայլերը շատ արագ պետք է արվեն, քանի որ ուշացման դեպքում բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ կսնանկանան։  

Պետական մարմինները դեռ չեն կարողանում բացատրել, թե ինչն է հավկիթի աննախադեպ ցածր գնի իրական պատճառը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն արձանագրում է՝ վերջին 30 տարվա ընթացքում այսպիսի գին երբևէ չի եղել։

Այս պահին ՏՄՊՀ–ում սպասում են պատասխանների՝  հարցումներ են ուղարկել խոշոր ընկերություններ, փորձում են հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ձվի քաշի, գերարտադրության և իրավիճակի հնարավոր ժամկետները։ Մասնագետները չեն շտապում հայտարարել, բայց չեն բացառում, որ հնարավոր է գործ ունենք հասարակ «դեմպինգի», այսինքն՝ տնտեսական հետին մտքերով արհետստական գնանկման հետ։ Համենայնդեպս` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը բարձրաձայնեց այդ վարկածը․

«Մեր նախնական վարկածը դա է, որ մեծերը կփորձեն շուկայից դուրս մղել փոքրերին, որովհտև փոքրերը սկսում են գնալով ավելի ու ավելի մեծ հատված շուկայից վերցնել։ Տարբեր ազդակներ կան ոլորտից եկող, որոնք մատնանշում են դեմպինգի հնարավորության մասին»,- ասաց Կարապետյանը։

Առաջիկայում խորհրդարան կհրավիրվեն նաև ձու արտադրող ընկերությունները՝ մեծից փոքր։ Վերջին 1.5 տարվա ընթացքում այս շուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Պետական աջակցության ծրագրերով բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ են հիմնվել։ Մինչ այդ պահը` գերիշխող դիրք զբաղեցնող 4 արտադրող ունեինք շուկայում, 2019–ին արտադրողների թիվն այնքան է ավելացել, որ հստակ հաշվարկ այս պահին ՏՄՊՀ–ն չունի։

Հաշվարկվող արտադրողների մեջ, ի դեպ, չի մտնում տնային պայմաններում ստացված գյուղատնտեսական արտադրանքը, որն իր հերթին լուրջ թիվ է կազմում շուկայում։ Սա է պատճառը, որ ՏՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հերքում է ամենաշատ տարածված վարկածներից մեկը։ Ձվի գնանկումը կապված չէ մեծաքանակ ներմուծման հետ, քանի որ վերջին շրջանում այդ շուկայում Հայաստանը ինքնաբավ է և 2–3 տարի է, ինչ ձու այլևս չի ներկրում։  

«Ես կլինեմ լիովին անկեղծ․ շուկայում խնդիրների բացահայտումը առանց տնտեսվարողների աջակցության և տրամադրված տեղեկատվության բավականին դժվար է։ Տեղեկատվություն տրամադրողը կարող է երաշխավորված լինել, որ իր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվելու է միայն մեր կողմից և նպատակային նշանակությամբ։ Եվ մի փոքր դրույթ էլ մեր օրենքում գոյություն ունի․եթե նույնիսկ գործողություններ են արել, որոնք հասկանում են, որ վնասել է այլ տնտեսվարող սուբյեկտներին, միևնույնն է մենք բացահայտելու ենք այդ գործողությունները, բայց եթե իրենք աջակցեն, աջակցողները՝ առաջին, երկրորդ, երրորդ աջակցողը հնարավորություն կունենան մեղմ պատժի կամ նույնիսկ պատժից ազատման, կամ նախազգուշացման գնալ»,–ասաց Գեղամ Գևորգյանը։

Մասնագետները կանխատեսում են, որ եթե ձվի շուկայում իրավիճակը այսպես տևի 6–7 ամիս, ապա դա կբերի մի շարք ընկերությունների սնանկացման։ Պատճառները պետք է շուտ գտնվեն և տրվեն արագ լուծումներ։ Պատգամավոր Հայկ Գևորգյանի առաջարկով՝ միանգամից պետք է հասկանալ նաև գերարտադրանքի հետագա «ճակատագիրը»։  

Հայկ Գևորգյան․ «Մարդիկ ոգևորվել են, միանգամից այդքան տնտեսվարող մտել է շուկա, ու մենք հիմա կանգնած ենք մի խնդրի առջև, որ հզորությունները պետք է սահմանափակենք։ Շատ լավ բան է տեղի ունեցել, բայց ինչ–որ բացասական հետևանքներ են եղել։ Գուցե այն պոտենցիալը, որ կա թեկուզ վերամշակման, թեկուզ արտահանման, մտածենք դա օգտագործել, դա խթանել։ Օրինակ, ձվի փոշին աշխարհում շատ պահանջված ապրանք է ու գերարտադրության դեպքում դա կարելի է օգտագործել։ Չգիտեմ, հանկարծ չվնասենք»։

Գեղամ Գևորգյան․«Միանշանակ համաձայն եմ, ավելին՝ ինձ թվում է, ժամանակի ընթացքում շուկան պատասխանները կտա, կգտնվեն մեխանիզմներ, միջոցներ ձվի վերամշակման համար, և բնականաբար, ՀՀ–ն պետք է օգտագործի արտահանման իր պոտենցիալը»։

Գեղամ Գևորգյանի ներկայացմամբ՝ ՏՄՊՀ–ն ուսումնասիրությունների նույն գործն արել է շաքարավազի շուկայում և այդ ապրանքի գինը արդեն հաջողվել է կայունացնել։ Տնտեսական ճիշտ մրցակցության պատասխանատուն հավաստիացնում է՝  ձեւավորված խումբը մոտ օրերս ուսումնասիրությունների նախնական արդյունքը արդեն կունենա։ Ձվի շուկային զուգահեռ, ի դեպ, պատգամավորները նախատեսում են հաջորդ շաբաթ «խոշորացույցի» տակ առնել նաև բենզինի և դիզվառելիքի շուկան։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close