ԿարևորՄիջազգային

Ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանության բանաձևը Իդլիբի սրացման հետ

Սիրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Խորհրդարանի նիստի օրակարգում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող փաստաթուղթը։ Պատգամավորները դրա օգտին քվեարկել են միաձայն՝ հոտնկայս ծափահարություններով։

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին՝ 2015 թվականին Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք  էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը, տեղեկացնելով, որ փաստաթուղթը ներառվել է խորհրդարանի օրակարգ, այսօր նշել է, որ թեև Սիրիայի խորհրդարանում տարիներ առաջ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նաև նման բանաձև:

«Ռադիոլուրի» հետ զրույցում սիրիահայ հասարակական գործիչ, հայ–արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար և փաստաթղթի նախաձեռնողներից Վահե Մահշիկյանը փոխանցեց, որ վերջին տարիներին անընդհատ փորձ էր արվում Սիրիայի խորհրդարանում առաջ մղել Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևը։ Այժմ, երբ այն ընդունվել է միաձայն, իրենք մեծ ոգևորություն են ապրում և մտադիր են նախաձեռնել Հայոց ցեղասպանության ճանաչման հետագա իրավական գործընթացը։

«Չի լինի, որ միայն Ազգային ժողովը ընդունի բանաձևը։ Պետք է նախագահի առաջ բարձրացվի հարցը, որպեսզի նախագահը վավերացնի և օրենքի ուժ ստանա։ Այսինքն՝ միայն բարոյական շահ քաղելը չէ այս քայլի հետևում։ Մենք ցանկանում ենք իրավական գործընթաց, մեր արդար և ամբողջական իրավունքները, որոնք գտնվում են նեկայիս Թուրքիայի իշխանությունների ձեռքում»,-նշում է նա։

Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր երկրի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն է որակել Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմը։ Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը», — ասել է նա: Դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմի խոսքով՝  Սիրիայի Ժողովրդական ժողովը կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

Թուրքիայի իշխանությունները բանաձևի ընդունումից հետո դեռևս լուռ են դատապարտող հայտարարություն, ինչպես սովորաբար լինում է տարբեր երկների կողմից նմանատիպ փաստաթղթերի ընդունման դեպքում, չկա։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը կանխատեսում է, որ հնարավոր է՝ նույնիսկ չլինի, և Անկարան քամահրական վերաբերմունք ցուցաբերի այսօրվա իրադարձությանը։

Ինը տարի առաջ Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի ընթացքում Դամասկոսն ու Անկարան դարձել են հակամարտող կողմեր։ Թուրքիան, ինչպես հայտնի է, աջակցում է Բաշար Ասադի ռեժիմին ընդդիմացող զինված խմբավորումներին: Իսկ վերջին շաբաթներին կտրուկ սրվել է իրավիճակը ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Սիրիայի միակ՝ Իդլիբի շրջանում։

«Ներկայում նման գործընթացի նախաձեռնումը պետք է պայմանավորել Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք-սիրիական հարաբերությունների աննախադեպ լարումով։Հակամարտության ողջ ընթացքում Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև հարաբերությունները եղել են ոչ բարեկամական, անգամ թշնամական։ Բայց նման գործընթաց չի նախաձեռնվել երկու պատճառով։ Լարվածությունը այս աստիճանի երբեք չի հասել, բացյ այդ՝  եղել են միջնորդ երկներ, մասնավորապես Ռուսաստանը, Իրանը, որոնք փորձել են մեղմել սրված հարաբերությունները»,- պատասխանելով մեր հարցին՝ ինչու հիմա ընդունվեց բանաձևը, նշում է Արմեն Պետրոսյանը։

Արաբագետը ցավով է փաստում, որ ոչ միայն Սիրիան, այլ նման բանաձևեր ընդունող  բոլոր պետությունները պատմական իրողությունն օգտագործում են որպես մահակ Թուրքիայի դեմ։ «Սիրիան նույնպես պահել էր այս գործոնը իր զինանոցում և օգտագործում է այն թուրք-սիրիական աննախադեպ լարվածության պայմաններում, երբ միջնորդ դերակատարներն էլ չեն փորձում մեղնել այդ լարվածությունը»,-նշում է նա։

Արմեն Պետրոսյանը նաև կարևոր է համարում ճանաչմանն ուղղված  հետագա քայլերը։

«Շատ կարևոր է, որպեսզի խորհրդարանից բացի գործընթացը հասնի նախագահական մակարդակի և ճանաչումն ամրապնդվի նախագահի ստորագրությամբ, քանի որ Սիրիան նախագահական պետություն է և այս բանաձևի իրավական ուժը բարոյականից ավելի ազդեցիկ կլինի»։

Արաբագետը ճանաչմանն ուղղված հետագա գործընթացի հաջողումը պայմանավորում է Իդլիբում իրավիճակով․ եթե թուրք-սիրիական սրացումը շարունակվի և բախումները ավելի հաճախակի դառնան։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այն առաջնորդներից է, որոնք այցելել են Երևան, բայց, չնայած արարողակարգին, չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ։ Ասադի պատոնական այցը  Հայաստան տեղի էր ունեցել 2009թվականին, երբ Դանասկոսն ու Անկարան ունեին ջերմ բարեկամական հարաբերություններ։ Ջերմ էին նաև Ասադի ու Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի անձնական հարաբերությունները։

Թեև տարբեր երկների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում միշտ քաղաքական ենթատեքստը առկա է, սակայն Սիրիայի բարեկամ պետության կողմից այսօրվա պատմական բանաձևի ընդունման նշանակությունը չի կարելի թերագնահատել։

Արմեն Պետրոսյանը հեցնում է․ Հայաստանը սիրիական հակամարտության 9 տարիների ընթացքում պահպանել և խորացրել է հարաբերությունները Սիրիայի հետ։ Բացի այդ՝ արդեն մեկ տարուց ավելի է Սիրայում գործում է հայկական հումանիտար առաքելությունը։ Հայկական  համայնքային կառույնցերի, եկեղեցու, և հայ պատգամավորների դերակատարությունը նույնպես թերագնահատել չի լինի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close