ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ է ակտիվացել անշարժ գույքի շուկան

Առանձնատների նկատմամբ պահանջարկը 2019 թվականին  ավելացել է 17 տոկոսով, բնակարանների նկատմամբ՝ նվազել 4․5 տոկոսով։  Աննախադեպ հետաքրքրություն կա հողերի ու առանձնատների  նկատմամբ` «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է անշարժ գույքի բորսայի տնօրեն  Արտյոմ  Պրիբիլսկին։

Ամբերդ հետազոտական կենտրոնի  փորձագետ Նարեկ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ հետազոտել են ու  պարզել, թե  որ գործոններն են ամենաշատն  ազդում անշարժ գույքի շուկայի ակտիվացման  վրա։

Իրարամերժ, հետաքրքիր. անշարժ գույքի բորսայի տնօրեն  Արտյոմ  Պրիբիլսկին այսպես է բնութագրում անշարժ գույքի շուկան 2019 թվականին։

Պարզաբանում է՝  մի կողմից գույքի գները բարձրանում են, մյուս կողմից՝ վաճառվող գույքն է պակասում.

«Ունենք սահմանափակ քանակով գույք։ Անշարժ գույքը միանգամից չի ավելանում։  Եթե գները բարձրանում են` քանակը պակասում է։ Երևանում այդպես էլ եղավ։ Երկնիշ  ցուցանիշներ կան բնակարանի արժեքի հետ կապված։ Ամենաարագ վաճառվող գույքը բնակարաններ են»,– ասում է Պրիբիլսկին։

Զրուցակիցս ընդգծում է՝  բնակարանների գները երկնիշ  թվով  են աճել՝ 10–17 տոկոս, բացառությամբ՝  Ավան վարչական շրջանից, որտեղ գներն ավելացել են 6․5 տոկսով, սակայն, բնակարանների քանակն է նվազել.

«11 212 բնակարան վաճառվել է 2019թվականին, 11 700 բնակարան՝ 2018 թվականին։ Սրանով է պատկերը հետաքրքիր»։ 

 Անշարժ գույքի շուկան  ակտիվ է ոչ միայն Երևանում, ակտիվ են հատկապես Արարատը, Արմավիրը, Կոտայքը։  2019 թ. դեկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել 7000- ից ավելի (7 197) օտարման գործարք: Ամենաշատ գույք վաճառվել է Երևանում, ապա Կոտայքում, Արարատում, Արմավիրում։ Ամենաքիչը՝ Վայոց Ձորում։

Ամենաշատը վաճառվել են  բնակարաններ եւ արտադրական նշանակության տարածքներ։ Մեկ ամսում՝  2019-ի  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Երևանում անշարժ գույքի գները մեկ քառակուսի մետրի հաշվարկով բարձրացել են  միջինը 10 հազար դրամով։

Եթե 2019 թվականի նոյեմբերին կենտրոն վարչական շրջանում հնարավոր էր բնակարան ձեռք բերել մեկ քառակուսու համար վճարելով, օրինակ, 644 100 դրամ, ապա դեկտեմբերին՝ 655 500 դրամով։ ԱՎԿ տվյալներով, մեկ տարվա ընթացքում կենտրոն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրի գինը միջինում  բարձրացել է 86 500 դրամով։

65 հազար դրամով թանկացել է Արաբկիր,46 հազար դրամով Քանաքեռ Զեյթուն,  մոտ  40 հազար դրամով Նոր Նորք, Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա,  35 հազար դրամով էլ Ավան վարչական շրջաններում վաճառվող բնակարաններ գները։  Մեկ տարվա ընթացքում բնակարանների գները մոտ 50 հազար դրամով բարձրացել են Աջափնյակ, 45 հազար  դրամով էլ Շենգավիթ  վարչական շրջաններում։  Էրեբունի վարչական շրջանում մեկ քառակուսւ մետր բնակարանի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է մոտ 30 հազար դրամով։

Մոտ 15 հազար դրամով  բարձրացել է Նուբարաշենում վաճառվող տների գները։

 Զրուցակիցս ընգդծում է՝ բարձրացել են նաև հողերի գները ու վաճառքի ծավալները։ Պրիբիլսկին նկատում է՝  հետաքրքրությունը մեծ է հատկապես առանձնատներ կառուցելու նկատմամբ

«1400 հողակտոր է Երևանում վաճառվել, բնակելի տների գները  17 տոկոսով ավելացել է։ Սա աննախադեպ է։ Քաղաքացին տրամաբանում է՝ լավ կլինի, որ հող գնեմ, տուն կառուցեմ»։

2019 թվականին  ՌԴ քաղաքացիները  1500  բնակարան են վաճառել, հայաստանում՝  բնակարան գնել   600 –ը՝ 2․5 անգամ շատ վաճառվել է, քան գնվել է։ Հակառակ պատկերն է ԱՄՆ–ի դեպքում՝ 147 գույք գնել են,  115 –ը՝ վաճառել։  

«Ամբերդ»  հետազոտական կենտրոնի  փորձագետ Նարեկ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ հետազոտել են ու  պարզել, թե  որ գործոններն են  ամենաշատն  ազդում անշարժ գույքի շուկայի վրա։ Իսկ ազդում են տնտեսական աճի տեմպն  ու դրական սպասումները։

«Տվյալ դեպքում 2010 թվականից հետո 2019 թվականին ամենաբարձր տնտեսական աճն ենք արձանագրել։ Տարին շուրջ 8 տոկոս աճ կունենանք։ Այս դեպքում անշարժ գույքի շուկայի ակտիվացումը  սպասելի է։ Դրական սպասումներ ու բարձր տնտեսական աճ»։

Անշարժ գույքի   շուկան ակտիվացել է նաև  հիփոթեքային վարկավորման շնորհիվ։ Նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ ավելացել է այս վարկավորման ծավալը։  Զրուցակիցս կարծում է, որ ակտիվացման միտումները կշարունակվեն։  Ռիսկեր՝ նկատում է, սակայն նշում է՝ բանկային համակարգը կայուն է, ուստի առաջիկայում կկարողանան կլանեն վարկավորման հետ կապված ռիսկերը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close