ԿարևորՀասարակություն

Ասֆալտապատված անորակ ճանապարհը չի ընդունվել

2019 թ-ին  Արմավիրի մարզում  իրականացված սուբվենցիոն ծրագրերից Մրգաշատ համայնքում կառուցված ճանապարհահատվածն  անորակության պատճառով չի ընդունվել և չի վճարվել կառուցապատող ընկերությանը: Փորձագետները բացասական եզրակացություն են տվել և ակտավորել են աշխատանքը:  Իսկ Մրգաստանում սուբվենցիոն ծրագիր չի իրականացել: 2019թ հաստատված 35 ծրագրից իրականացվել է 32-ը, որոնց պայմանագրային արժեքը կազմել է 770 մլն, 230 հազար դրամ:

Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ  Արմավիրի մարզի համայնքներում  փոփոխություններ նկատվեցին, որտեղ համայնքի  խնդիրները լուծվեցին  պետական բյուջեի  համաֆինանսավորմամբ: Աշխատանքերն որակական քննություն անցնելուց հետո հիմնականում ընդունվել են, իսկ որտեղ թերություններ են եղել՝ շտկվել են, հետո շահագործվել: Բայց  Արմավիրի տարածքի  Մրգաշատ գյուղում սուբվենցիայով ասֆալտապատված ճանապարհը չի ընդունվել ո՛չ համայնքի, ո՛չ էլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից.

«Առանց ձութ լցնելու, բերին փոշու վրա ասֆալտ արին: Սկզբից պետք է շեբեն լցնեին, դզեին, առանց դզելու, բերեցին միանգամից ասֆալտ արեցին»:

Կապալառու ընկերությունը չի շեղվել նախագծից, լայնությունն ու երկարությունը պահպանել է, բայց անորակ աշխատանք  արել, զրուզակցիս խոսքերով՝  վառած ասֆալտ են լցրել:

Մրգաշատի գերեզմանատան ճանապարհի ասֆալտապատման արժեքը 22 մլն դրամ է եղել:  Մրցույթը կապալառու ընկերությունը շահել էր 13 մլն 680 հազար դրամով, որի 55 տոկոսը վճարելու էր համայնքը, 45 տոկոսը՝ կառավարությունը:  Աշխատանքի  անորակության համար կապալառու ընկերությանը  չի վճարվել:  Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանն ասում է, որ ասֆալտապատման որակը ստուգելու համար 2 փորձագիտական հետազոտություն է իրականացվել.

«Հատուկ փորձագետներ կային, պայմանագիր կնքեցինք, եկան հանեցին տարան,  ո՛չ չափն էր բռնում, ո՛չ որակը: Մի հատ էլ տարածքային նախարարությունից ուղարկեցին, եկան, տարան, էլի նույն ակտերը տվեցին, որ անորակ է: Էդ ակտերից մեկը տվել եմ իրան, մեկը՝ մարզպետարան, մի հատ էլ իմ մոտ կա»:

Չափեր ասելով համայնքի ղեկավարը նկատի ունի ասֆալտի  հաստությունը, որը սահմանված է եղել 5 սմ, բայց տեղ-տեղ ասֆալտի հաստությունը մինչև 1 սմ է եղել, որը նույնիսկ ձեռքով է քանդվել: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բացասաբար գնահատելով կառուցապատողի վերաբերմունքը աշխատանքին նշեց, որ նրան առաջարկվել է վերացնել թերությունը և որակյալ աշխատանք հանձնել, բայց չի արվել.

«Ասֆալտապատման աշխատանքը թերի էր կատարված և մեր գործընկեր  շինարարը լավ չպատկերացնելով այսօրվա կառավարության քաղաքականությունը, կարծիք էր հայտնել, թե այդ ճանապարհը ընդունելի է, բայց փաստը ցույց տվեց, որ ճանապարհի որակը չի համապատասխանում մեր ակնկալիքներին, հետևաբար մենք չենք պատրաստվում որևիցէ գումար վճարել շինարարին»:

Սուբվենցիայով նախատեսվել էին նաև մրգաշատցի զոհված ազատամարտիկների համար առանձնացված պանթեոնի բարեկարգման աշխատանքները:  Նույն կապալառուն այս աշխատանքը որակով էր կատարել և ստացել  1 մլն 710 հազար դրամ:

Նախորդ տարի աշխատանքներ չեն իրականացվել նաև Վաղարշապատի տարածքի  Մրգաստան գյուղում: Համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանն ասում է, որ համայնքը չի կարողացել ապահովել իր մասնաբաժինը, որը ընդհանուր գումարի 45 տոկոսն էր կազմել, իր խոսքով՝ փողը պակաս էր:

Անցած տարվա նախատեսված աշխատանքներն իրականացնելու են այս տարի: Ասֆալտապատվելու է համայնքի մուտքի ճանապարհը մինչև  մշակույթի տուն, որի ընդհանուր երկարությունը 1կմ 750մ  է. «Սաղ ասֆալտը կարկտաններ ա, տրասից մինչև գյուղապետարան սաղ կարկատաններ ա, մի միլոն հատ կարկտան կա»:

Անցած տարի սուբվենցիոն ծրագիր չիրականացրած համայնքի ղեկավարն ասում է, որ հիմա ունեն անհրաժեշտ գումարը:

«Իմ տնտեսած փողերը սա՜ղ ունեմ, ահագին փող ունեմ, 12 միլիոն մենակ ասֆալտին եմ տալու»:

Համայնքի բյուջեն 26 մլն դրամ է, համայնքի ղեկավարի խոսքերով՝  անցած տարի հողի հարկի գծով գանձումներն իրականացրել են  130 տոկոսով: Սուբվենցիայի ծրագրերով 2019-ին չիրականացված 3 ծրագիրը կարվի այս տարի:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close