ԿարևորՀասարակություն

Թբիլիսահայ երիտասարդը՝ վրացական սև խինկալիի հեղինակ (տեսանյութ)

Թբիլիսահայ Միքայել Նազարյանի նորամուծությունը վրացական խոհանոցում՝ սև խինկալին, դառնում է ռեստորանների ճաշացանկի կարևոր ուտեստը։ Նազարյանը վրացական «Մաստերշեֆ» խոհարարական շոուի ընթացում բացահայտելով սև խինկալիի պատրաստման գաղտնիքը, այն դարձրել է բոլորինը՝ նշելով, որ խոհանոցը պետք է զարգացնել, նորովի մատուցել։

Երիտասարդ խոհարարը, որ միևնույն ժամանակ պատրաստում է նաև մեգրելական ու հայկական ուտեստներ, մտածում է հայ-վրացական բարեկամության խորհրդանիշ ուտեստի ստեղծման մասին։ 

Նկարչական ու երաժշտական կրթությունն են թբիլիսահայ 20-ամյա Միքայել Նազարյանին օգնում ստեղծագործել վրացական, մեգրելական ու հայկական խոհանոցներում։ Վրացական խոհանոցում նրա գլուխգործոցը համարվում է ծովամթերքով պատրաստված սև խինկալին․ 

«Իտալական խոհանոցը ևս ինձ մոտ է, դրա համար էլ սև խինկալին պատրաստեցի՝ փոխելով մի փոքր բաղադրությունը։ Այն, սակայն պարտադիր է մատուցել սոուսով, որը   ֆրանսիական է, սակայն համը դարձրած վրացականին մոտ։ 

Իտալական ռավիոլիի խմորի նմանությամբ պատրաստված սև խինկալիի միջուկը ծովամթերքից է՝ ծովախեցգետիններից։  

Վրացիները, որ իրենց ավանդական ուտեստները գրեթե չեն փոփոխում, հիացած են սև խինկալիով։ Նազարյանը նամակներ է ստանում՝ ինչպես եք պատրաստում, որ այդքան համեղ է․

«Վրացիները հավանեցին, ես չէի սպասում նման արձագանքի,  շատերը նույնիսկ չտարբերեցին էլ ավանդական խինկալիից՝ ասելով, թե գույնն է ուղղակի սև, համային շատ քիչ տարբերություն կար․․»

Նազարյանը սակայն միայն վրացական խոհանոցում չի ստեղծագործում։ Երեք տարի ուսումնասիրելով տարբեր երկրների խոհանոցը զարգացնում է նաև մեգրելականն ու հայկականը։ Ասում է՝

«Հայկականի պատրաստական տեխնոլոգիան ավելի բարդ է, օրինակ՝ մթերքի պահելը, նաև կոլորիաներն են շատ՝ յուղ, կարագ, որը հագեցնում է։ Հարիսան ու քյուֆթան ավելի շատ աշխատանք են պահանջում։ Բայց վրացականն էլ հեշտ չէ, մեգրելականը ևս, որը ես շատ եմ սիրում, հավանաբար այն պատճառով, որ մեգրելական արյուն ևս ունեմ»։

Եւ այս ամենը Միքայելն անում է երգելով․ սովորում է Թբիլիսիի կոնսերվատորիայի երաժշտական ուսումնարանում, երգում նաև հայկական սուրբ Գևորգ եկեղեցում, ձայնային տվյալներն ասում է տատիկից է փոխանցվել․

«Մեծ տատիկս՝ Ղարսից գաղթած, օպերային ձայն ուներ, երբ հավաքվում էին ընտանիքով, երգում էր․․․»

Ասում է՝ վրացական ուտեստներ պատրաստելիս էլ վրացական է երգում։ 

Միքայելը հատկապես սիրում է դեսերտ պատրաստել։ Իր խոհարարական էջում տարբեր երկրների խմորեղենները ներկայացված են նոր ձևով, դրանք ամբողջովին այլ են, ուստի համարում է իրենը։

Ապագայում նպատակ ունի հայ-վրացական ռեստորան բացել, որտեղ կներկայացվեն երկու հարևանների ուտեստները, նաև մտածում է հորինել մի նորը, որը կլինի հայ-վրացական բարեկամության խորհրդանիշ ուտեստը։

Back to top button