ԿարևորՎերլուծական

20 կմ է բաժանում Ասադի ուժերին Իդլիբից. սիրիական հարցի հանգուցալուծման վերջին բաստիոնը

Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարները Անկարայում շարունակում են քննարկել Սիրիայի հյուսիսային շրջանի և Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը, որը վայելում է Ռուսաստանի աջակցությունը, վերջերս հարձակողական գործողություններ էր իրականացրել Իդլիբ նահանգում, որտեղ տեղակայված են նաև թուրքական ստորաբաժանումներ:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան սիրիական հակամարտության հարցում հակադիր ճամբարների են պաշտպանում, եւ Իդլիբում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը՝ ըստ քաղաքագետների, ավելի քան խորքային է։

Մոսկվան սատարում է նախագահ Ասադին, Անկարան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին, արդյունքում հրթիռակոծվում է Իդլիբը, կան զոհեր, եւ բնակավայրը լքողներ։ Լարվարծությունը Սիրիայում ասել է թե շարունակվում է, չնայած, Անկարայի եւ Մոսկվայի հունվարին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը։

Ըստ ռուսական մամուլի տարբեր հրապարակումների, սա համարվում է Մոսկվայի տակտիկական քայլը, որը թուրքերին հնարավորություն չէր ընձեռի կենտրոնացնել ռազմական ներուժը խոցելի տարածքներում։ Այսօր Անկարայում շարունակվել են փետրվարի 8-ին ընդհատված թուրք-ռուսական բանակցությունները Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի եւ ռուսական կողմից նախագահ Պուտինի` Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի և փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի միջեւ:

Բանակցությունների հիմնական թեման Իդլիբում ստեղծված իրավիճակն է, որտեղ շարունակվում է Բաշար Ասադին հավատարիմ ուժերի լայնածավալ հարձակումը: Փորձենք հասկանալ, թե բանակցությունները ինչի շուրջ են ընթանում, եւ ինչու է կողմերի համար կարեւոր Իդլիբը։

«Իդլիբը վերջին բաստիոնն է մնացել սիրիական հակամարտության, որտեղ կան ուժեր, որոնք չեն ենթարկվում տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժային կենտրոններին։ Իդլիբ նահանգը վերահսկվում է զանազան ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից. եւ մարզկենտրոնը, ու նահանգի զգալի մասը։ Ներկայիս սիրիական հակամարտության տեսանկյունից այն շատ կարեւոր է կարգավորման ուժային կենտրոնների համար։ Իդլիբը ոսկոր է կոկորդում կանգնած։ Իդլիբի հարցի լուծմամբ է պայմանավորված սիրիական հակամարտության հետագա հանգուցալուծման ուղիները»։

Բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն, բայց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել, որ Անկարայում ընթացող բանակցությունների տապալման դեպքում հարցը կարող է տեղափոխվել ավելի բարձր մակարդակ, այսինքն՝ խնդրի կարգավորման համար հանդիպեն Էրդողանն եւ Պուտինը։ Ինչի՞ շուրջ են բանակցում։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ ինչի շուրջ էլ բանակցում են առայժմ ոչինչ չի հայտարարվել, բայց հարցերը կարգավորվում են ցամաքում։ Ինչքան էլ խոսենք ռուս-թուրքական պայմանավորվածությունների մասին, պետք է հստակ նշենք, որ Իդլիբը հենց այդ տարածքներից մեկն է՝ ասում է արաբագետը։

«­Բանակցություններ էին ժամանակին ընթանում, բայց Իդլիբը շարունակեց մնալ անվերահսկելի։ Կան ուժեր, որոնք անկանխատեսելի են Իդլիբում ու շատ հարցեր կախված կլինեն ցամաքից՝ չնայած բանակցություններին։ Երկու երկրների հարաբերությունների վրա Իդլիբում ստեղծված իրավիճակը ազդեցություն չի ունենա։ Քանի որ Թուրքիան այն ռազմական ներուժը չունի Իդլիբում»,– նշում է Սարգիս Գրիգորյանը։

Իդլիբի հետ կապված Թուրքիան այլ ծրագրեր ունի, պայմանավորվածությունները նույնպես այլ են։ «Չեմ կարծում, որ բախումներ կլինեն, եւ կխաթարվեն ռուս-թուրքական պայմանավորվածությունները՝ Սիրիայի հետ կապված։ Կա կարճաժամկետ տեսլական, որը կյանքի կկոչվի։ Այլ է իրավիճակը երկարաժամկետ պայմանավորվածությունների առումով, որտեղ հստակ կան տարբեր երկրների շահեր։ Սրանից ելնելով` հանրավոր չէ կանխատեսել հետագա ընթացքը, նշում է արաբագետը։

Իդլիբի շրջանում վերջին օրերի լարվածությունը մեկնաբանելով՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը նույնպես կարծում է, որ իդլիբյան զարգացումները երկու երկրների հարաբերությունների վրա ազդեցություն չեն ունենա։

«Որոշակի հանգրվանում կողմերը կպայմանավորվեն։ Միգուցե սա դավադրությունների տեսությունից է, բայց անգամ հիմա Թուրքիայի գործողությունների բեմականացումը, կարծում եմ, համաձայնեցված է երկու կողմերի միջև։ Երբ որ արդեն «պատին դեմ կտան» հակակառավարական հիմնական խմբավորումներին՝ Իդլիբում կսկսվի բանակցությունների գործընթաց, որում Թուրքիան միջնորդի դերակատարություն կստանձնի»,– ասում է Արմեն Պետրոսյանը։

Այսօր սիրիական բանակը բավականին առաջխաղացում ունի, 20 կմ է բաժանում սիրիական կառավարական ուժերին Իդլիբի մարզկենտրոնից։ Սիրիական կառավարական ուժերի վերահսկողության  ներքո են նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները։

Back to top button