ԿարևորՀասարակություն

ԿԸՀ–ն պատրաստվում է հանրաքվեին

ԱԺ–ը փետրվարի 6-ին 88 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծ։ Դրան հաջորդեց նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրամանագրի ստորագրումը, որով պարզ դարձավ, որ ապրիլի 5-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։

Գործընթացի հետ կապված տարակարծությունները չեն դադարում տարբեր շրջանակներում։ Ամեն դեպքում, դրանց զուգահեռ ԿԸՀ-ում ընթանալու են նաեւ հանրաքվեին նախապատրաստվելու աշխատանքները։ 

Ի՞նչ նախապատրաստական փուլ է հաջորդում սրան եւ ի՞նչ ժամկետներում։

Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին ընդառաջ ինչ նախապատրաստական աշխատանքներ է սկսել տանել հանձնաժողովը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ հանձնաժողովում արդեն խորհրդակցություններ են անցկացվել՝ անելիքների վերաբերյալ հստակեցումներ արվել։

«Առաջին հերթին ԿԸՀ-ն կգումարի նիստ եւ կհաստատի միջոցառումների ժամանակացույց։ Դա ԿԸՀ-ն կանի վաղը՝ փետրվարի 11-ին, ժամը 9։30-ին արդեն իսկ հրավիրված նիստում։ Դրանից հետո արդեն ամեն մի պետական մարմին, ինչպես նաեւ ԿԸՀ-ն ձեռնամուխ կլինի իր գործառույթների իրականացմանը»։

Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։  

Այս գործընթացը տարակարծությունների տեղիք է տվել տարբեր շրջանակներում։ Իրավաբան Կարապետ Բադալյանը կարծում է, որ իշխանությունն այսպիսով գնում է մեծագույն ռիսկային քայլի, որը, սակայն, կարեւոր է ժողովրդավարության կայացման համար։

«Իշխող քաղաքական ուժը կարող էր ԱԺ-ով այդ որոշումն ընդունել եւ ավարտել։ Դա բոլորն են ընդունում եւ բոլորն էլ գիտեն, որ այդ իրավունքը Սահմանադրությունը տալիս է, բայց դա մեծ գայթակղություն է իշխանությունը իրացնելու եւ իրենք էդ գայթակղությանը չտրվեցին եւ ընտրեցին շատ ավելի ռիսկային, բայց շատ ավելի ժողովրդավարական ընթացքը»։  

Փաստաբան Տիգրան Սարգսյանն ասում է, որ ինքը կգերադասեր, որ հանրաքվեն ներառեր Սահմանադրական փոփոխությունների առավել ընդգրկուն փաթեթ, քանի որ, նրա ձեւակերպմամբ, 2015-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ ստեղծվեց արհեստական փաստաթուղթ։ Փաստաբանի գնահատմամբ, գործող իշխանությունների կողմից ընտրված տարբերակով փոփոխությունների գնալը նույնպես տարբերակ է, բայց հարց է մնում.   

«Միայն այս կազմի փոփոխությունը արդյո՞ք կբերի այդ ինստիտուտի արդյունավետ գործունեության»։

Ինչ վերաբերում է միայն մեկ հարցի համար հանրաքվե անցկացնելուն, փաստաբան Տիգրան Սարգսյանը կարծում է, որ լավ մշակույթ է ձեւավորվում։

«Մինչեւ հեղափոխությունը իշխանությունը երբեք իր հույսը ժողովրդի վրա չի դրել։ Իր խնդիրները լուծել է քրեաօլիգարխիկ համակարգի միջոցով։ Սա լավ մշակույթ է, որ երկրի ղեկավարն ամեն ինչում իր հենարանը տեսնում է երկրի ժողովրդին։ Նախկինում, երբ քննադատություն էր իշխանությունների հասցեին ուղղվում, իշխանություններն այդ քննադատություններին չէին պատասխանում, արհամարհում էին։ Այսօրվա մեր իշխանությունն ամեն մի քննադատության հետ կապված փորձում է արդարանալ։ Սա նշանակում է, որ իրենք ժողովրդից կախված են եւ սա հաճելի է եւ նաեւ ժողովրդավարության համար շատ կարեւոր նշանակություն ունի»։

Ըստ փաստաբանի, սակայն, որոշ հարցեր կան կապված նշանակված հանրաքվեի հետ։ Օրինակ, նա նկատում է, որ ապրիլի 5-ի հանրաքվեն էլ կարող է բողոքարկվել, որը պետք է քննի նույն Սահմանադրական դատարանը, մինչդեռ, կա խնդիր.

«Այսօրվա դրված նախագծով եթե «այո»-ն ընդունվում է եւ դրա հրապարակման հաջորդ օրը ՍԴ անդամներն իրենց լիազորությունները դադարեցնում են։ Այսինքն, եթե հանրաքվեի հետ կապված բողոք լինի, բա ո՞վ է քննելու։ Նման բազմաթիվ հարցեր կան»։

Այս առումով հանրաքվեի սահմանադրականության խնդիրը վիճելի է եւ տարբեր կողմեր տարբեր կերպ են մեկնաբանում։ Իրավաբան Կարապետ Բադալյանը, սակայն, կարծում է, որ հարցերի պատասխանները սպառիչ տրված են Սահմանադրության մեջ։ Նա, մասնավորապես, չի կիսում այն դիտարկումները, թե Սահմանադրության խախտում է, երբ առանց ՍԴ եզրակացության սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկվեց նախագահին։

«Սահմանադրության 202 հոդվածով հստակ նախատեսված է Սահմանադրության էն նորմերը, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով եւ նշված են նաեւ այն նորմերը, որոնք կարող են փոխվել նաեւ ԱԺ որոշմամբ։ 203 հոդվածը սահմանադրության անցումային նորմերից է եւ դա այն նորմերից է, որ կարող է փոխվել նաեւ ԱԺ որոշմամբ։ Այն կարգավորումը, որը կա 202 հոդվածի 3-րդ մասով, սահմանում է, որ եթե փոփոխության նախագիծը  մերժվում է կամ չի ընդունվում, ապա այն ուղարկվում է նախագահին եւ դրվում է հանրաքվեի։ Շատ սպառիչ կարգավորված է դա։ Այսինքն եւ՝ մնացած բոլոր տեսակի մեկնաբանությունները, որ Սահմանադրության խախտմամբ է դրվում հանրաքվեի եւ այլն, իմ կարծիքով, անհիմն են»։

Այսինքն, ձեւն առումով նման մեկնաբանություններն անհիմն են,  բովանդակային առումով էլ իմաստազուրկ, քանի որ խնդիրը վերաբերում  է ՍԴ դատավորների պաշտոնավարմանը, իսկ դատավորն ինքն իր վերաբերյալ գործ իրավունք չունի քննելու՝  եզրափակեց Կարապետ Բադալյանը։ Նա համոզված է, որ հանրաքվեով վերջակետ կդրվի խնդրին։     

Back to top button