ԾովահայերՀաղորդումներ

Արծկե. հայկական խաչքար, ծովային բերդ՝ Վանա լճի հատակին. «Ծովահայեր»

 

Ուղիղ 1000 տարի անց Մեծ Հայքի սրտում՝ Արծկեում, Հայոց բերդը դարձյալ  ընդունեց  հայերին,  բայց՝ Վանա լճի հատակում:  2019թ.-ին հայ սուզորդները Վանա լճում էին: 

 «Ծովահայեր»-ի տաղավարում հիշողություններով կիսվում են  «Արմդայվինգ» ի  ղեկավար Տիգրան Ազիզբեկյանը և սուզորդ Դավիդ Սիրունյանը:

Արծկեի ծովային բերդը, տառեխն ու «քարե անտառը» Վանա լճում

Հայկական հին ու կորուսյալ բնակավայրերի հետքերով հայ սուզորդները 2019թ.-ին  սուզարշավ էին կազմակերպել Վանա լճում:

 Մեր խումբը թուրք զբոսավարի ուղեկցությամբ  նախ  սուզվեց  Գևաշում,  որտեղ բնակավայրերից էլ հին երկրաբանական գոյացություններ կան, կոչվում են միկրոբիոլիտներ: Առաջին հայացքից ավազաքարային մամռակալած հսկայական սյուներից մի քանիսը նույնիսկ ճյուղավորված տեսք ունեն: 

Միկոբիոլիտներից ամենահզորների  բարձրությունը մինչև 50 մետր է: Դրանց կազմավորումը տասնյակ հազարավոր տարիների պատմություն ունի: Հետաքրքրությունից դրդված հսկայական միկրոբիոլիտից մի աննշան, փոքրիկ հատված կոտրեցի՝ տեսնելու, թե ինչ կառուցվածք ունի, պարզվեց՝ ամենապարսավելի արարքներից մեկն եմ գործել, վնասել եմ  բնության ստորջրյա հուշարձանը:

Վանա լճի այս ափին ջրասույզ բնակավայրեր չփնտրեցինք, մեր թիրախը լճի հյուսիսային հատվածում էր՝  Արծկեում, որտեղ 2017թ.-ին թուրք սուզորդները ջրի տակ, իրենց բնութագրմամբ, ուրարտական կառույցի պատեր էին հայտնաբերել:

Պատրաստվեցինք ուղևորվերվել Արծկե կամ ներկայիս անվամբ՝ Ադիլջևազ: Սակայն մի բան պակաս կլիներ, եթե չհամտեսեինք վանա տառեխը: Թուրք խոհարարը՝ ձկան համը գովելով, մեծ ոգևորությամբ պատրաստում էր, իրենց բնորոշմամբ, «գյոզալը»:

 Վանա տառեխի առաքելությունն ավարտված է, ուղևորվեցինք Արծկե:

 Նախքան  սուզվելը թուրք ուղեկցորդը՝ Սերկան, պատմում է, թե կարող ենք տեսնել. և՛ ուրարտական ժամանակներից պահպանված ամրոցի պատեր, և՛ սելջուկյան մշակույթի հետքեր:

«Այս կողմերում գտել ենք տապանաքարեր, որոնք, մասնագետների բնորոշմամբ, սելջուկների տապանաքարեր են. հետևաբար այս կողմերում սելջուկներ են ապրել ու իրենց հետքը թողել», — ասում է Սերկա Սագան:

 Մեր թուրք ուղեկցորդը չեր լսել, որ այստեղ հայեր են ապրել, և իմացավ միայն հայ զբոսավարից:

Արծկեին է նվիրված հուշարձանագետ Սամվել Կարապետյանի « Հայաստանի պատմություն»  36-հատորյա շարքի երրորդ հատորը:

«Արծկե գավառը, եթե քարտեզի վրա նայենք, մեր պատմական հայրենիքի, մասնավորապես Մեծ Հայքի կենտրոնում է, Հայոց օրրանի սիրտն է և հայաբնակ է եղել այն ժամանակվանից, երբ տարածաշրջանում ծնունդ առած ցեղերի միավորումից գոյացել է հայ ազգը: Քաղաքը՝ ինչպես Կոռիկոսը Կիլիկիայում, երկու բերդ ուներ՝ ծովային և ցամաքային: Ծովային բերդը ժամանակի ընթացքում ջրասույզ է եղել, ինչպես Վանա լճի առափնյա շատ հնավայրեր»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Երկու բերդերն էլ, ըստ նրա, առնվազն վաղ միջնադար են, ծովային բերդը՝ ուրարտական հիմքով:

«Ցամաքային բերդը, որը հիմա հստակ տեսանելի է, Արծկեի նվաճումից հետո սելջուկների կողմից ամրացված, ավելի ընդարձակված, բայց՝ հին հայոց բերդի պարիսպների վրա է: Այնտեղ շատ հստակ նկատելի է, որ մասերն էին, որ կային մինչև սելջուկների մուտքը, և որ մասերն էին ավելացվել: Այնտեղ ժամանակների խզում կա», — ասում է Կարապետյանը:

 Արծկեի ծովային բերդի մոտակայքում ևս մեկ սուզում կատարեցինք, ավելի խորը: Սերկան պատմում էր, որ ավելի խորը հատվածում մի աշտարակ է տեսել և մենք առաջին խումբն էինք, որ սուզվելու էինք այդ աշտարակի մոտ: Չնայած ալիքները բարձրանում էին և սուզվելը դառնում էր ավելի վտանգավոր, սակայն հետաքրքրությունը հաղթեց։ Բարձր ալիքներն անտեսելով՝ սուզվեցինք մեր կորուսյալ պատմության հետքերով:  Այստեղ արդեն տեսանք ու տեսագրեցինք հայկական խաչքար ու գրեր:

 Իմ տեսախցիկն ինձ դավաճանեց, սակայն բախտի բերմամբ հայ սուզորդներից Արթուր Շահինյանը կարողացել էր տեսագրել:

«Փոշով պատված ժամանակ ավելի պարզ էին երևում գրերը, ես մաքրեցի փոշին և փորձեցի լուսանկարել, նկարահանել», — ասում է Արթուր Շահինյանը

Թե այդ գրերն ինչ էին նշանակում՝ կարդաց ու մեզ պատմեց Սամվել Կարապետյանը:

Խաչքաչի վրա գրված էր «Հիշեցեք ի Քրիստոս»։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ սա ավելի զարգացած միջնադարի տառատեսակ է՝ 12-13-րդ դարերի:

Այն, ինչ տեսանք ու տեսագրեցինք լճի հատակին, կարելի է ասել, նախերգանքն է մեր պատմական ժառանգության, ինչը բախտի բերմամբ հայտնվել է ջրի հատակին և չի ավերվել՝ քարերն այլ շինության մեջ օգտագործելու նպատակով:  Վանա լճի ջրասույզ հուշարջանների ուսումնասիրությունը համամարդկային նշանակություն ունի:

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close