ԿարևորՀասարակություն

Փոքր թաղամասի մեծ սիրտը

Դավիթաշենում մի լավ տղա կա, թաղամասում բոլորը ճանաչում, սիրում են նրան։ Հայկոյի կրեատիվ փոխադրամիջոցը հեռվից հեռու գրավում է մարդկանց։ Կանաչ արկղերով, տաքսու տարբերանշանով  հեծանվով Հայկոն առաքում է իրականացնում, գումար վաստակում։  Իսկ երազանքի իրականացման համար նախատեսված գումարը գանձանակի մեջ է հավաքում։ Հայկոյի ամենամեծ հարստությունը, սակայն, հավաքված գումարը չէ, այլ նրա սիրտը՝ Երևանի փոքր թաղամասի մեծ սիրտը։

«Անցած տարի ոտքով էի անում, էս տարի սկսեցի հեծանվով անել։ Մարդկանց ձեռքից վերցնում էի տոպրակները, տանում իրեց շենքերը։ Առաջին թաղամաս 200 դրամով եմ տանում, չորրորդ թաղամասը 300 դրամ է, երկրորդը՝ 500-ով եմ տանում, որովհետև շատ է հեռու»։

Լուսանկարը՝ Ադամ Ադամյանի

Հայկն է, 18  տարեկան։ Դավիթաշենի «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց կայանած նրա հեծանիվը աչքի է ընկնում  միանգանմից։ Հեծանվին ամրացված կանաչ արկղերը հեռվից «հուշում են»՝  տերը հարուստ երևակայություն ունի։ Իսկ՝ «Տաքսի, առաքում՝ 200 դրամ ու տիրոջ հետախոսահամարով A4 ֆորմատի վրա հավաքած ու սյունին ամրացված  տեղեկատվական թերթիկն այլևս կասկածի տեղիք չի տալիս՝ գործ ունենք կրեատիվ մտածողությամբ սկսնակ, բայց խոստումնալից բիզնեսմենի հետ։ Հայկի հեծանիվ-տաքսի ծառայությունից օգտվողների թիվն օրվա ընթացքում մեծ չէ՝ միջինը երեք հոգի։ Եկամուտը 600 դրամը չի գերազանցում, բայց Հայկը գոհ է, գոհ են նաև հաճախորդները, և ոչ միայն նրանք»։

Լուսանկարը՝ Ադամ Ադամյանի

«Մարդ  բառի բուն իմաստով, մեծերի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր։ Հասնում է՝ ինչով կարողանում է»։

Հայկի բազմանդամ ընտանիքում գրեթե բոլորն աշխատում եմ, միայն մայրը, ինչպես ինքն է ասում, տան պահակն է, չի աշխատում։ Ենթադրում ենք, որ սոցիալական ծանր վիճակում  չէր, բայց դպրոցից հետո մեկ օր անգամ  առանց աշխատանքի չի մնացել։

«9-րդ դասարանից ասեցին պիտանի չես, ես էլ դուրս եկա դպրոցից։ Մտածեցի՝ տանը  նստելով բան դուրս չի գա, սկսեմ առաքում անել։ Ես իմ գլուխը կարող եմ պահել, հիմա կաս եմ սարքել, գումարս այնտեղ եմ հավաքում։ Հոսանքով մեքենա եմ ուզում առնել, տաքսավատ կանեմ»։

Մեքենայով  արդեն նույն կայանատեղիից Հայկը չի կարող օգտվել, տաքսիստները, ասում է, կդժգոհեն։ Հեծանվով ոչ միայն չեն դժգոհում, այլև ամեն կերպ օգնում ու խրախուսում են տղային։ Մեր զրույցի ընթացքում անցորդներից շատերն էին նայում  մեզ ու բարությամբ ժպտում, իսկ երբ հարցնում էի՝ ճանաչո՞ւմ եք Հայկին, զարմանքով պատասխանում էին՝ իսկ Դավիթաշենում նրան ո՞վ չի ճանաչում։

Լուսանկարը՝ Ալիսա Գևորգյանի

«Էդպիսի մարդ չկա այս տարածքում, որ Հայկոյին չսիրի»։

Երկու հեծանիվ ունի Հայկոն, մեկն աշխատանքի մեջ է օգտագործում, մյուսը՝ հանգստի ու հաճույքի նպատակով։  Վերջինով անգամ Խոր Վիրապ է հասել։ Բանակի տոնին Եռաբլուր ու Ծիծեռնակաբերդ է գնում։ Եռագույնը խփեցի հեծանիվիս ու բարձրացա, ասում է։ Շատ էր ուզում ծառայել բանակում, չստացվեց, առողջական խնդիրներ կային։ Չափազանց  գնահատում  է նրանց, ովքեր ծառայել ու ծառայում են։ «Բանակը չլիներ, մեր օրը ինչ կլիներ»,-ասում է։

«Հպարտանում եմ մեր բանակով, բոլոր տղաներով, անփորձանք ծառայություն իրենց»։

Հայկի հայրենասիրությանը մեկ վարկյան անգամ չենք կարող կասկածել, որովհետև հայրենասիրությունն անբաժան է մարդասիրությունից։ Իսկ Հայկն իր մարդասիրությամբ վաղուց դարձել է երևանյան փոքր թաղամասի մեծ սիրտը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close