ԿարևորՄիջազգային

ՆԱՏՕ–Ռուսաստան հանդիպումը Բաքվում Ալիևի ձեռբերումը չէ

Ադրբեջանում հյուրընկալել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ղեկավարած պատվիրակությանը։ ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական աղբյուրները, Գերասիմովը, որը նաև պաշտպանության փոխնախարարն է, այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո պաշտոնյան հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր է համարում Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը։

 «Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գոհացնում են: Մեր ռազմական կառույցների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնվում է», — Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Գերասիմովը՝ հավելելով, որ «Ռուսաստանն ապագայում կանի ամեն ինչ Ադրբեջանի հետ ռազմական կապերի սերտացման համար»:

Ռուսաստանը ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարևոր է համարում ռազմական համագործակցության ընդլայնումը, մեկնաբանելով Գերասիմովի հայտարարությունը «Ռադիոլուրին» փոխանցեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նա սակայն որևէ արտառոց բան Բաքվում Գերասիմովի հայտարարությունների տողատակում չի տեսնում։

«Պետք է իսկապես զգոն լինենք և նման հանդիպումների ընթացքում հնչեցվող մտքերին հետևողական լինենք՝ հասկանալու,  թե ուր են դրանք տանում և ինչ նատակ են հետապնդում։ Սակայն այս հանդիպումից հետո ինձ համար գոնե անհանգստանալու ոչինչ չկա որովհետև դրանք հերթապահ հանդիպումներ են, որոնք նախանշելու են ամբողջ տարվա ընթացում ռազմական փոխգործակցության շրջանակները։ Ռուսաստանը իր ստատուս–քվոն պահպանելու համար պետք է կատարի որոշակի քայլեր»։

Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի՝ Բաքու մեկնելու նպատակը Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան ներկայացուցչի հետ հանդիպումն էր։  Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել է ՌԴ ՊՆ փոխնախարարի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսի հանդիպումը։  Նման հանդիպումներ արդեն մի քանի տարի է կազմակերպվում են Ադրբեջանի մայրաքաղաքում։

Ռուսաստան–ՆԱՏՕ ձևաչափով նախորդ հանդիպումը Բաքվում կայացել էր 2019–ի նոյեմբերին։ Այն ժամանակ, ինչպես տեղեկացրել էր Ռուսաստանի ՊՆ–ն, Վալերի Գերազիմովն ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Պիչը քննարկել էին Հյուսիսատլանտյան դաշինք–Ռուսաստան շփման գծում հնարավոր բախումները կանխելու, ինչպես նաև ռազմական փորձագետների մակարդակով երկխոսությունը սկսելու հեռանկարները։

Մեկնաբանելով Ռուսաստան–ՆԱՏՕ լարված հարաբերություններում Բաքվի միջնորդությունը՝ Կարեն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ տվյալ պահին համընկնում են Բաքվում հանդիպելու Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի շահերը շահերը ։ Նրա խոսքով՝ հանդիպումը նույն հաջողությամբ կարող էր ընդունել նաև Թուրքիան։ Բաքվի հանդիպումները Ադրբեջանի իշխանությունների ձեռքբերումը չէ, այլ արարողակարգային բնույթի շփում։

«Այնպես չէ, որ Բաքուն ընտրվել է այն պատճառով, որ կարևոր ռազմավարաական գործընկեր է ՆԱՏՕ–ի կամ Ռուսաստանի համար։ Ընդամենը հարմար վայր է ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի ներկայացուցիչների համար՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։ Այս ամենը կարողանում է Բաքուն ճիշտ օգտագործել՝ գործի դնելով իր քարոզչամեքենան՝ ստեղծելով պատրանք, որ ինքը դարձել է միջնորդ համգործակցութւուն ստեղծելու համար»։

Փորձագետի խոսքով՝ Բաքվի դերը գերագնահատել պետք չէ, բայց թերագնահատել նույնպես պետք չէ ։

Հատված Ռադիոլուրի 18.00–ի եթերից
Back to top button