ԿարևորՏնտեսական

Ձվի գնանկումը՝ որակի հնարավոր խնդիր

Հունվարի 15- ից սկսած հանրապետութունում ձվի գնի նվազում է գրանցվել, սպառողների համար՝ շահեկան, արտադրող ընկերությունների համար՝ վնասակար միտումով։ Փորձել ենք պարզել գնանկման պատճառները, վերջինից բխող հնարավոր ռիսկերը, եւ վերջապես` շուկայում հայտնված էժան հավկիթը որքանով է որակական առումով անվնաս։

Այսօր մեծ սուպերմարկետներ եւ փոքր խանութներ կատարած շրջայցի ընթացքում արձանագրեցինք, որ հավկիթի գնանկում է գրանցվել։ Խոշոր թռչնաֆաբրիկաների արտադրության հավկիթը, կրկին՝ ըստ սորտավորման, էժանացել է 15-20 դրամով, 70 դրամանոց հավկիթը դարձել է 50 դրամ։ Փոքր ֆերմաների արտադրած հավկիթը վաճառվում է 25-30 դրամով։ Ինչո՞վ է պայմանավորված նման գնանկումը։ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր բացատրությունն ունի։

«Հանրապետությունում սննդային ձվի գերարտադրություն է գրանցվել։  Այսինքն, արտադրվել է ավելին, քան անհրաժեշտ է բնակչությանը,–պարզաբանում է Ստեփանյանը,–գնանկումը սկսվել է հունվարի 15–ից։ Երկու տարի է ձվի արտադրության եւ սպառման տեսանկյունից դարձել ենք ինքնաբավ։ 2019 թվականին ունեցանք ձվի արտադրանքի ավելցուկ, որը պայմանավորված է խոշոր եւ մանր արտադրողների քանակի ավելացմամբ։ Ըստ մեր ծրագրի, նախատեսվում էր նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ձվի իրացման սպառողական աճ արձանագրել, որը տեղի չունեցավ։ Ավելին՝ 2018 թվականի հետ համեմատած գրանցվեց իրացման նվազում»։

Ձվի կուտակման պատճառը ներկայացելով՝ Սերգեյ Ստեփանյանը արձանագրում է, որ սպառողի տեսանկյունից վիճակը շահեկան է, իսկ արտադրողի համար՝ վնասակար։ Ձվի կուտակումից խուսափելու համար արտադրողը արագ փչացող սննդի գինը՝ նվազեցնելով  ֆինանսական կորուստը եւ ապահովելով ընթացիկ ծախսեր։ Ստեփանյանը նշում է, որ թռչնարտադրությունն այսօր շահութաբեր բիզնես է, եւ վերջին երկու տարվա ընթացքում շուկայում ավելացել է գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների թիվը, որի արդյունքում մեկ տարվա կտրվածքով պահանջվող եւ իրացվող հավկիթի 50 տոկոսն արդեն իսկ արտադրվել է։

«Աննախադեպ գերարտադրված իրավիճակ, որը երբեք չի արձանագրվել շուկայում»,–ասում է Թռչնաբույծների միության նախագահը։

«Մասնագիտացված խոշոր, միջին տնտեսություններ ունենք, եւ ֆերմերային տնտեսություններ, որոնք վերջին մեկ տարում եռապատկվեցին։ Շահութաբեր բիզնես է, որը գրավիչ է եղել ֆերմերների համար։ Գործարարը ստեղծված վիճակից վնաս է կրելու։ Հավկիթը արագ փչացող է եւ երկար ճանապարհ չես կարող փոխադրել։ Արտահանման տեսանկյունից ինքնաթիռով տեղափոխումը թանկ է, իսկ մեքենայի պարագայում՝ ըստ չափանիշների, չի խրախուսվում։ Պետք է իրացվի մեր շուկայում։  Այսօր մանրածախ վաճառքի գինը իջել է մինչեւ 30 դրամով»։

Ո՞րն է ձվի արտադրված ավելցուկի հնարավոր ռիսկը սպառողի տեսանկյունից։ Ստեփանյանը փաստում է, որ պահեստավորված հավկիթը ժամկետանց չէ, բայց ամեն դեպքում հորդորում է՝ գնելուց ուշադիր լինել․

«Մասնագիտացված տնտեսությունները կարողանում են պահպանման անհրաժեշտ միջավայրում պահել պահեստավորված ձուն, իսկ փոքր տնտեսություններում չկան համապատասխան պայմաններ՝ երկար պահելու համար ժամկետի մեջ։ Դիետիկ ձուն պահպանվում է 8 օր, սեղանի ձուն 24 օր, որից հետո պահպանվող ձվի համար պետք է ստեղծել պահեստային հատուկ պայմաններ՝ մինչեւ + 5 աստիճան, խոնավությունը՝ 80-85 տոկոս»։

Այս տարի արտադրվել է 794 մլն ձու, այն դեպքում, երբ ֆիզիոլոգիական պահանջի համաձայն տարեկան մեկ շնչին բաժին է ընկնում 210-215 ձու։ Ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայասատանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում։ Ստեփանյանի ներկայացրած վիճակագրության համաձայն էլ, ձվի գնի նվազում է եղել վերջին երկու տարիներին՝ ձվի արտադրության հետ զուգահեռ։ Եթե մինչեւ 2018 թվականը ձվի միջին մանրածախ գինը կազմել է մոտավորապես 70 դրամ, ապա նույն տեսակի հավկիթի գինը երկու տարվա ընթաքցում դարձել է 60-65 դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close