Միջազգային

Այն, ինչ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ․ կօգնի՞ իմպիչմենթը Թրամփին վերընտրվելու հարցում

Երեկվանից աշխարհն ուշի ուշով հետևում էր Միացյալ Նահանգների նախագահի ճակատագրին՝ սպասելով․ արդյո՞ք կմա Թրամփը ամերիկյան պատմության մեջ որպես  իմպիչմենթի ենթարկված նախագահ։ Երկրի գործող ղեկավարին իշխանությունից հեռացնելու՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ թվով երրորդ փորձը ձախողվեց։ Ամիսներ շարունակված քննարկումներից, թեժ բանավեճերից հետո ամերիկյան Սենատն ի վերջո արդարացրեց Դոնալդ Թրամփին։

Ընդդիմադիր դեմոկատները միաձայն պնդեցին` նախագահը մեղավոր է լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, մինչդեռ ձայների մեծամասնությանը տիրապետող հանրապետականները Թրամփին պաշտոնանկ անելու հիմքեր այդպես էլ չտեսան:

Որպեսզի իմպիչմենթը կայանար, անհրաժեշտ էր ձայների երկու երրորդը, բայց ձայները բաշխվեցին հետևյալ կերպ․սենատորները 52 կողմ 48 դեմ քվեների հարաբերակցությամբ Թրամփին անմեղ ճանաչեցին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, 53 կողմ 47 դեմ քվեների հարաբերակցությամբ՝ օրենսդիրների աշխատանքը խոչընդոտելու հոդվածով:

Թրամփի ընդամենը մեկ կուսակից կողմ քվեարկեց իմպիչմենթին՝ հանրապետական Միթ Ռոմնին։ Նա առաջին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը վերաբերող հոդվածին  կողմ արտահայտվեց։ 

Կատարվածը դեմոկրատների կանխատեսելի ձախողում էր։ Գրեթե  զրոյական էին Սենատում Թրամփի պարտության մասին կանխատեսումները։ Անցած տարվա սեպտեմբերից սկսված իմփիչմենթի ոդիսականն ավարտվեց, այնպես ինչպես ակնկալվում էր։  

Միացյալ Նահանգների նախագահը այսօր երեկոյան կխոսի։ Նա հայտարարությամբ է հանդես գալու  իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ։ Բայց մինչ այդ աշխարհի հետ հաղորդակցման արդեն ավանդական դարձած ճանապարհով՝ Թվիթերի միջոցով քվեարկության արդյունքները Դոնալդ Թրամփը որակել է որպես երկրի հաղթանակ։ Նա նաև երկու տեսանյութ է տարածել․ մեկում հիշեցրել է, որ իր դեմ քվեարկած միակ հանրապետականը` Միթ Ռոմնին, տարիներ առաջ չէր ստացել կուսակիցների հավանությունը նախագահական ընտրություններում առաջադրվելու համար:

Դեմոկրատները նույնպես մեկնաբանել են տեղի ունեցածը՝ խոսելով բարոյական հաղթանակի մասին։ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել է․ «Մենք գլուխներս բարձր ենք դուրս գալիս Սենատից, քանի որ պայքարեցինք հանուն ճշմարտության»։ Դեմոկրատները կարծում են, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ Թրամփը պատմության մեջ կմնա որպես նախագահ, որին  իմպիչմենթ է հայտարարվել։

Փաստացի՝ Դոնալդ Թրամփն արդեն իսկ մտել է պատմության մեջ որպես Ամերիկայի երրորդ նախագահը, որին ընդդիմադիրները փորձեցին վաղաժամ պաշտոնանկ անել, բայց հաջողության չհասան: Եվ դա միակ պատմական իրողություն չէ․ Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, որը այդ փորձից ամիսներ անց կպայքարի նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու համար:

Դեռևս զգուշավոր են կանխատեսումները իմպիչմենթից հետո՝ ընտրություններին ընդառաջ  Թրամփի դիրքերի ուժեղացման վերաբերյալ։ Բայց փորձագետները նշում են, որ ինքը Թրամփը Սենատի որոշումը կգնատատի որպես իր քայլերի ճշմարտացիության ապացույց։

Թրամփի հաղթական տրամադրությունը երեկ երեկոյան արդեն ակներև էր։ Երկու տեսահոլովակներից մեկում, որ  հրապարակել էր նախագահը Թվիթերում, Սպիտակ տան գործող ղեկավարը պատկերված է այս տարվա նախընտրական քարոզարշավի պաստառում, հետո`2024-ի, 2028-ի, և այդպես շարունակ. հոլովակն ավարտվում է «Հավերժ Թրամփ» կարգախոսով: Փորձագետները համոզված են, Սենատի քվեարկության արդյունքները Դոնակդ Թրամփը կօգտագործի նոր նախագահական ընտրապայքարում։ 

Back to top button