Արցախում մեկնարկել է նախագահական և խորհրդարանական ընտրություններում առաջադրման փուլը


Արցախում համապետական ընտրություններից առաջ 27 գրանցված կուսակցություն կա, նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ, ընդ որում` և կուսակցական աջակցությամբ, և ինքնառաջադրմամբ:
Վերջին հայտարարությունը հնչեց առաջադրումների փուլի մեկնարկից մեկ օր առաջ: Նախագահական հավակնությունների մասին հայտարարել է լրագրող Բելլա Լալայանը:
Ի դեպ` նա երկրորդ կին թեկնածուն է այս նախագահական ընտրություններում: Չի թաքցնում, որ առաջադրվելու պատճառը Հայաստանում տիրող վիճակն ու դրա կրկնությունը Արցախում բացառելն է: Թեկնածուն ինքնառաջադրվում է:Կուսակցական աջակցություն չունի և չի ակնկալում:
Անկուսակցական է նաև մյուս կին թեկանծուն` Քրիստին Բալայանը:
Կուսակցական աջակցություն ունի անկուսակցական Մասիս Մայիլյանը: Արցախի արտգործնախարարի շուրջ ձևավորվել է Մայիլյան-Նոր Արցախ դաշինքր, որում միավորվել են նորաստեղծ «Վաղվա Արցախ», «Ինքնություն և միասնություն» կուսակցությունները, Արցախի ռամկավարները, որոնք ևս քաղաքական պայքարի փորձ չունեն: Մասիս Մայիլյանը իր քաղաքական աջակիցների մասին:
Երեկ Մայիլյան- Նոր Արցախ դաշինքին է միացել նորաստեղծ «Հզոր միասնական հայրենիք» կուսակցությունը: Մեկ այլ դաշինք ձևավորվել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի շուրջ: Արցախի ամենամեծ քաղաքական ուժին են միացել «Արցախի հանրապետական», «Քաղաքացիական միացյալ դաշինք» և «Արցախի ազատություն» կուսակցությունները:


Առանց դաշինքի, բայց կուսակցական առաջադրումով նախագահական ընտրություններին մասնակցելու է ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը, որը 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո դուրս եկավ «Ազատ հայրենիք» խորհրդարանական խմբակցությունից ու նոր` «Անկախության սերունդ» կուսակցությունն ստեղծեց:
Կուսակցական աջակցությամբ են ընտրություններին գնալու Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի Կենտրոնի ներկայացուցիչ՝ Դավիթ Իշխանյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարել է Վիտալի Բալասանյանի թեկնածությունը առաջադրելու մասին: Արցախի պահպանողական կուսակցությունը առաջադրել է իր առաջնորդի` ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի թեկնածությունը: Փետրվարի 9-ին կկայանա Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության համագումարը, որից հետո մամուլի ասուլիս է նախատեսվում։
Ըստ ասուլիսի հրավերի` դրա ընթացքում «կուսակցության հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը և նույն կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն հանդես կգան համատեղ հայտարարությամբ»։
Հրավերից պարզ է դառնում, որ ԱՀ առաջին ատյանի դատարանի՝ փետրվարի 11-ին սպասվող որոշումից հետո Սամվել Բաբայանն իր թեկնածությունը Արցախի նախագահի պաշտոնում չի առաջադրի: