ԿարևորՀասարակություն

Ծրագրային բյուջետավորումը արդարադատության ոլորտում. փորձագետների գնահատականը

2019-ից Հայաստանն անցել է ծրագրային բյուջետավորման։ Ծրագրային բյուջետավորումը ենթադրում է ավելի լուրջ ուշադրություն դարձնել արդյունաքային ցուցանիշների վրա եւ ոչ քանակական։ Այսինքն՝ կարեւորել որակը, թե ի՞նչ որակի ծառայություն է մատուցվել հատկացված գումարներով եւ ի՞նչ արդյունք է տվել այն։

Հենց այս տեսանկյունից «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր առաջին վերլուծությունների արդյունքներն է այսօր ներկայացրել, որոնք վերաբերում են ՀՀ  արդարադատության նախարարության 2019 թ. առաջին ինն ամիսների կատարողականին և 2020 թ. պետական բյուջեի արդյունքային ցուցանիշներին։ Փորձագետների գնահատմամբ՝ դեռեւս կան խնդիրներ մինչեւ ձեւով ծրագրային բյուջետավորումը բովանդակությամբ այդպիսին դարձնելը։

«Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը խոշորացույցի տակ է վերցրել արդարադատության ոլորտի հատկացումներն ու ծախսերը։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, որ իրենց վերլուծությունների հիմնական նպատակն այն է, որ իսկապես հնարավոր լինի գալ մի հանգրվանի, երբ ծրագրային բյուջեն իրապես դառնա ծրագրային նաեւ բովանդակությամբ։ Այսինքն, բոլորին տեսանելի լինի, թե միջոցներն ինչի համար ծախսվեցին, ի՞նչ արդյունք, եւ ի՞նչ որակի արդյունք տվեցին.  

«Այսինքն, արդյոք այդ գումարը, որը ծախսվեց իսկապես պետք էր, որ այդքան ծախսվեր։ Այսպիսի հարցերը նախկին բյուջետային պրակտիկայում հնարավոր չէր տալ։ Դա կարող էին ուղղակի տալ ՀԿ-ները, լրատվամիջոցները, քաղաքական գործիչները կարող էին ասել, որ սա այսպես չէ եւ այլն, բայց երբ այդ ամենը ամրապնդվում է արդեն գումարային առումով, դա շատ ավելի լուրջ է»։   

19 թ.-ի արդարադատության ոլորտի ծրագրային ֆինանսավորման կատարողականին անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ հանրային ֆինանսների գծով փորձագետ Սարգիս Նասիբյանն ասաց, որ այս պահին կա միայն 9 ամիսների ցուցանիշները։

Դրանց վերլուծություններով էլ փորձագետը այսպիսի եզրահանգման է եկել. «Ըստ էության, 19 թվականի պետական բյուջեի ընդունումից հետո Արդարադատության նախարարության զգալի միջոցառումներում նշված արդյունքային ցուցանիշները չեն արտացոլում տվյալ միջոցառման նպատակը։ 9 ամիսների կատարողական հաշվետվությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ արդյունքային ցուցանիշների որակը բավարար չէ պատկերացում կազմելու տվյալ միջոցառման որակի եւ արդյունավետության մասին։ Բացակայում են այն հիմնական որակական ցուցանիշները, որոնց շնորհիվ հնարավոր է գնահատել միջոցառման որակը եւ արդյունավետությունը»։   

Որպես օրինակ բերվեց անհատական տվյալների պաշտպանության վերաբերյալ անցկացված միջոցառումները։ Նշված է, թե քանի միջոցառում է պլանավորված եղել, քանիսն է անցկացվել, քանիսը չի անցկացվել եւ ինչո՞ւ չի անցկացվել։ Փորձագետը, սակայն, կարծում է, որ քանակական ցուցանիշները գուցե շատ լավ են հաշվետվություն տալու համար, բայց դա չի կարող պատկերացում տալ տվյալ ծրագրի որակի ու արդյունավետության մասին, ինչը ընկած է ծրագրային բյուջետավորման գաղափարի հիմքում։ Հետեւաբար փորձագետներն առաջարկում են այլ ցուցանիշ վերցնել, որոնք այդպիսի պատկերացում կտան ծրագրի մասին։

Ծրագրային բյուջետավորման ներդրման հարցում մեծ ազդեցություն կարող է ունենալ նաեւ քաղհասարակությունը՝ ասում է Սարգիս Նասիբյանը.

«Հասարակությունը լինի այնքան կրթված բյուջեի առումով, լինի մտահոգ եւ հետեւողական լինի այդ գումարների ծախսման ուղղություններին, ծրագրերին եւ էֆեկտիվությանը»։

Հասարակությունը պետք է պահանջատեր լինի ԱԺ-ի միջոցով։ Այդ դեպքում, ըստ փորձագետի, ծրագրային բյուջետավորման ձեւից բովանդակության անցնելու  գործընթացը կարող է լիարժեք ավելի արագ տեղի ունենալ եւ տալ ակնկալվող արդյունքը։  

Back to top button