ԿարևորՀասարակություն

Բալային համակարգը կկիրառվի նաեւ ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարն այսօր ամփոփել է անցած տարին ու անդրադարձել ոլորտում առկա հարցերի լուծմանը։ Պարգեւավճարներ լինելու են, սակայն գործ չանող մարդը պարգեւավճար չի ստանա` ասել է նա։

Ֆելիքս Ցոլակյանը խոսել է իրենց մոտ գրանցված զանգերի ու հրդեհներին արագ արձագանքելու միջոցների մասին։

Նախորդ տարի Հայաստանում 55․2%–ով ավելի հրդեհ է արձանագրվել, քան` 2018–ին։ Քիչ չեն արձանագրվել նաեւ պայթյուններ, փլուզումներ ու պատահարներ` փաստում է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Հրդեհների ահազանգի դեպքում երեւանյան խցանումների հետեւանքով երբեմն չի ստացվում արագ տեղ հասնել։ Եթե հրշեջ ջոկատների թիվն ավելացվի 5 կամ 6–ով,  ապա ճանապարհի վրա ծախսած ժամանակը կկրճատվի` ասում է։ Այդ դեպքում կարիք կլինի նոր հրշեջ մեքենաների ու հաստիքների։

«Երեւանի դեպքում հաստիքներ ու մեքենաներ պետք է ավելացվեն։ Եթե 5-6 տեղ ում ունենանք շատ լավ կլինի»։

Ըստ ցուցակի` Գեղարքունիքում ու Վայոց ձորում տեխնիկայի տրամադրման հարցը կլուծեն ու նաեւ ուսուցում կապահովեն հրշեջների համար։ Վերջինները միջանկյալ օգնություն կտրամադրեն մինչեւ հրշեջ ջոկատների՝ դեպքի վայր հասնելը։ 

Ինչու ԱԻՆ- ը չի կիրառում ուղղաթիռներով մարդկանց տարհանելու պրակտիկան, այդպես եւ ավելի արագ կստացվի ահազանգերին հասնելը եւ արդյունավետ կլինի աշխատանքը։ Նախարարը համամիտ է ուղղաթիռի ընձեռած հնարավորությունների արդյունավետությանը, սակայն մի դիտարկում արեց. շենքերի տանիքները հարմարեցված չեն ուղղաթիռների վայրէջքի համար։

Հայաստանում սողանքների հարցը անհանգստացնողներից է։ Ինչ է արվում այս ուղղությամբ։ Ֆելիքս Ցոլակյանն ասում է, որ սողանքները հաշվառված են ու կոնկրետ միջոցառումներ են իրականացվում ոչ միայն սողանքների, այլեւ քարաթափումների դեպքերում։

«Նորություն ենք արել, ասում են, աշխարհում նման բան չի արվել։ Անցյալ տարի պայթեցման միջոցով են իջեցրել ու վտանգը վերացել։ Իհարկե` ամբողջությամբ չի իջել։ Քանի որ ունենք սակրավորներ` որոշեցինք, որ մենք անենք պայթեցումներ, ուրիշներին փող չենք տալու»։

Սողանքների թիվն անընդհատ փոխվում է, քանի որ առաջանում են նաեւ արհեստական սողանքներ։ Նման օրինակ է Սյունիքի մարզի Սատանի կամուրջում առկա սողանքը, որը նախկինում չի եղել։ Դա արհեստական պրոցեսի հետեւանք է։

Դալմա մոլի շենքում ցնցումների պատճառը ոչ երկրաշարժն էր, ոչ էլ հարակից ընթացող շինարարությունը։ Մոլի տնօրինության ներգրաված մասնագետները կարծում են, որ շենքի օդափոխման համակարգի աշխատանք հետեւանքով է ցնցում արձանագրվել, ասաց նախարարը։

ԱԻՆ մտադիր է մարտ ամսից աշխատել բալային համակարգով։ Նպատակն է կարգավորել պարգեւավճարների հարցը, դրանք տալ միայն գործ անողներին։  «Շատ աշխատողը շատ պարգևավճար կստանա, քիչ աշխատողը՝ քիչ, կամ էլ՝ չի ստանա առհասարակ»,- սկզբունքն է ներկայացնում Ֆելիքս Ցոլակյանը։

911 փրկարարական ծառայությունը նախորդ տարի մոտավորապես 1մլն․ 800 զանգ է ստացել, 16 հազար 400–ի դեպքում փրկարարները գնացել են կանչի հետքերով։ Քիչ չեն նաեւ տարօրինակ ու զվարճալի զանգեր։ Օրինակ, օգնություն են խնդրում կատվին ծառից իջեցնելու համար`  պատմում է նախարարը։

Back to top button