ԿարևորՀասարակություն

Հայաստանի քաղաքացիներին տարհանում են միայն Հուբեյ նահանգից

Չինաստանում գտնվող  Հայաստանի շատ քաղաքացիներ  նամակով դիմել են  Հայաստանի ԱԳՆ–ին և ԱՆ–ին՝  հայրենիք վերադառնալու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու խնդրանքով ։ Ոմանք  պատրաստ են  իրենց գումարներով դա կազմակերպել, ոմանք էլ  ակնկալում են պետական աջակցություն։ ԱԳՆ–ն տեղյակ է խնդրին  և զբաղվում է այդ հարցերը կարգավորելով։ Սակայն նրանք, ովքեր էլ վերադարձել են  Հայաստան, դժգոհել են  կորոնավիրուսի  հետազտությունն անցնելու  գործընթացից։

Գայանե Ապրունցն օրեր առաջ է վերադարձել  Չինաստանի Տիանժին քաղաքից։ «Զվարթնոց» օդանավակայանում վերջինիս հորդորել են  հանգիստ գնալ տուն  և երկու շաբաթ զգուշանալ այլ անձանց հետ շփումներից։ Հաջորդ օրը  բժիշկը նախ հեռախոսով ճշտել է քաղաքացու առողջական վիճակը ու այնուհետև  այցելել նրան։ Այդ ժամանակ պարզվել է, որ  Գայանեի հետ Չինաստանից վերադարձած մայրը ջերմում է։ Բժշկի հորդորով գնացել են « Նորքի» ինֆեկցիոն։

«Մեզ վրդովեցրեց այն, որ  6 հիվանդներ, որոնք բոլորը ևս Չինաստանից էին եկել, հավաքվել էին միևնույն պալատում, քանի որ մտածում էին, որ  մենք իրար համար վնաս չեն ներկայացնում»։

Հիվանդանոցում Հայաստանի քաղաքացիները պարզել են, որ  կորոնավիրուսի թեստեր են  անցնելու նրանք, ովքեր  ունեն մի քանի նախանշաններ միասին  և ծանր վիճակում են։ Մոր ախտանշանները` ջերմություն, հազ, հարբուխ, բավարար չեն եղել այդ հետազոտությունն անցնելու համար։ Սակայն դրա փոխարեն այդ նույն թեստն անցել են  արտաքինից ավելի առողջները, ասում է զրուցակիցս։

«Երեկ ընդհանուր ստուգման ժամանակ եկել են  առողջապահության նախարարության ներկայացուցիչները  և  փոխնախարարը։ Այդ ժամանակ հաշվի առնելով այն, որ  մայրս 60 անց է, իսկ ես նախկինում տարել եմ թոքի վիրահատություն,   մտածեցին, որ մենք ռիսկային խմբում ենք  և մեզնից ևս վերցրեցին կորոնավիրուսի անալիզ։ Արդյունքները բացասական են»։

Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը քաղաքացու  դժգոհությանը տեղեկացել ֆեյսբուքյան էջից և արձագանքել, որ նյութում նշված բոլոր անձինք դիմելու պահին չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ, մասնավորապես ջերմություն՝ հազի կամ այլ ախտանշանի հետ համատեղ։ Բոլոր անձանց տրամադրվել են դիմակներ, ինչն ուղիղ ցուցված է վարակի առկայության դեպքում։

Գայանեն  Հայաստան ժամանելու հետ կապված  խնդիրների չի առնչվել։  Հայաստանի ԱԳՆ–ն էլ  արդեն երկու քաղաքացու տարհանումն իրականացրել է։

Ռուսաստանի հետ համագործակցության  արդյունքում  Չինաստանի Ուհան  քաղաքում գտնվող  և տարհանման  ցանկություն  հայտնած  մյուս  քաղաքացին՝ Լյուդմիլա Բաղդասարյանը,  տեղափոխվել է Ռուսաստան։  ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, «Ռադիոլուրին» ասում է ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Չինաստանի մի խումբ հայեր  նամակ- խնդրանքով դիմել են Հայաստանի  արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Չինաստանից  թռիչքներ կատարող ավիաընկերությունների  թիվը կրճատվել է, ուստի նրանք խնդրում են աջակցել հայրենիք վերադառնալու համար։ Այս քաղաքացիներից ոմանք  պատրաստ են իրենց գումարներով  վերադառնալ, ոմանք էլ  տեղափոխման համար ակնկալում են ֆինանսական աջակցություն պետությունից։ Նամակի տակ ստորագրել  է Հայաստանի 37 քաղաքացի։ Արտաքին  գործերի  նախարարության մամուլի խոսնակը  «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձավ  դիմումին։

«Քաղաքացիների դիմումը մենք ստացել ենք։ Դիմումը մտնում է այն բոլոր հարցերի մեջ, որ անդրադարձ է կատարվում  բոլոր քաղաքացիների առջև ծառացած խնդիրներին, որոնք հիմա իրենք առնչվում են և ուղենշվում են այն քայլերը, որոնք պետք է  ձեռնարկվեն  դրանց հասցեագրման ուղղությամբ։ Այդ ամբողջությանն անդրադարձ կատարվում է»։

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ տարհանում իրականացվում է  միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից։ Աննա Նաղդալյանը, սակայն, նշեց, որ  Չինաստանի այլ քաղաքներում գտնվող մեր քաղաքացիներ բախվում է տեղափոխման  խնդիրների հետ, որոնց  մասին նախարարությունը տեղեկացված է և քայլեր է ձեռնարկում հնարավորինս  արագ դրանք լուծելու համար։

Back to top button