ԿարևորՀասարակություն

Քաղցկեղից բուժվում է 100 երեխայից 70- ը

Փետրվարի 4–ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։  Այսօր կխոսենք հիմնականում մանկական քաղցկեղի բուժման առանձնահատկության, բուժման տեմպերի, որակավորված եւ մասնագիտացված բուժանձնակազմի մասին, ինչպես նաեւ  մանկական ուռուցքաբանի կողմից կլսենք խորհուրդ–ցուցումներ, թե ի՞նչ աշխատանշանների դեպքում է հարկավոր դիմել բժշկի։

Հայաստանում տարեկան 80-100 երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ՝ տարբեր աստիճանների, եւ վերջին տասնամյակում բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի, հոգատարության արդյունքում երեխաների շուրջ 70 տոկոսը բուժվում է։ Բուժման դինամիկան «Ռադիոլուրին» փոխանցել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը.

«Քաղցկեղի որոշ տարատեսականեր կան, որ երեխաների մինչեւ 90 տոկոսը առողջանում են։ Օրինակ՝ Հոջկինի լիմֆոմայի դեպքում 10 երեխայից 9–ը կամ 8–ը բուժվում է, սուր լիմֆոբլաստային լեյկեմիան  բավականին բարձր արդյունքներ ունի՝ 70-80 տոկոսի կարող է հասնել։ Կան, ցավոք, դեպքեր, որ անհաջողություններ ենք ունենում, որովհետեւ բժշկական գիտությունը անզոր է։ Բայց եթե համեմատենք առաջատար երկրների հետ, որտեղ մեծ ռեսուրսներ են ծախսվում բժշկության վրա, ապա տոկոսային առումով 10-15 տոկոս տարբերություններ ունենք՝ կապված հիվանդության տարատեսակից»։ 

Մասնագիտական կարծիքների համաձայն, մեծահասակների շրջանում քաղցկեղի բուժումը հիվանդությունների տարբեր աստիճաններով եւ տեսակներով պայմանավորված ավելի երկարատեւ եւ դժվար բուժվող է համարվում` ի տարբերություն մանկական քաղցկեղի։ Ըստ մանկական ուռուցքաբան -արյունաբանի` երեխան դա փոքր մեծահասակը չէ։ Ներկայումս տարբեր բուժական մեթոդների համակցությամբ՝ քիմիաթերապիա, ճառագայթային բուժում, վիրահատություն, նորագույն դեղային միջոցներով բուժում,  հնարավոր է լինում բուժման բավականին բարձր արդյունք գրանցել։

«Մեծահասակների քաղցկեղի դեպքում թվերը եւ արդյունքները ավելի  ցածր են։ Ինչու, քանի որ երեխաների օրգանիզմը ավելի հեշտ է ենթարկվում բուժման, եւ քաղցկեղի տեսակները ավելի ագրեսիվ են լինում, եւ քիմիաթերապիան ավելի ագրեսիվ ուռուցքների վրա ավելի հեշտ է ազդում, երկրորդը՝ տարիքի ընթացքում ուռուցքային բջիջներում մուտացիաները ավելի շատ են առաջանում, քանի որ պրոցեսը գնում է գենային մակարդակում, եւ մարդը ենթարկվում է արտաքին ազդակներին՝ սկսում է ծխել, վատ սնունդ ընդունել, նստակյաց ապրելակերպ, այս ամենը ազդում է հիվանդանալու հավանականության վրա»։

Այսօր՝ ըստ Թամամյանի, մանկական քաղցկեղի դեպքում ամբողջ ջանքերը պետք է ուղղվեն հիվանդության վաղ ախտորոշմանը, մեծահասակների դեպքում արդյունավետ կարող են լինել սքրինինգային մեթոդները։ «Քաղցկեղը պետք է որպես դատավճիռ չընկալել, այլ հակառակը՝ բուժման ելք ունեցող հիվանդություն»,– ասում է մանկական ուռուցքաբանը  եւ հավելում, որ այսօր գործում է մեկ միասնական կենտրոն՝ միջազգային որակավորում ունեցող բժիշկներով, հոգատար բուժանձակազմով, որոնք մասնագիտական  նորօրյա բուժման չափորոշիչներով մանկական կյանքեր են փրկում։

Ի՞նչ ախտանշանների դեպքում դիմել մասնագետ–բժշիկներին։ Գեւորգ Թամամյանը խորհուրդ է տալիս ծնողներին՝ ուշադիր լինել երեխաների վարքագծին, քաշին, գույնին, ախորժակին, չխուսափել բուժզննումներից, իսկ ցանկացած այտուցի պարագայում անպայման դիմել մասնագետ–բժիշկների։

Back to top button