ԿարևորՏնտեսական

Տնտեսական ինչ միտումների մասին է խոսում 1000 խոշոր հարկատուների ցանկը

Հազար խոշոր հարկատուների ցանկն  ուղղակիորեն  արտացոլում է տնտեսության  կառուցվածքի փոփոխությունը։  Տարիներ շարունակ   այս ցուցակը գլխավորել են հանքահումքային արտադրանք ներկայացնող, ենթակառուցվածքային  կամ բնական մենաշնորհ ունեցող ընկերությունները։   2019–ին այն գլխավորում է «Գրանդ  Տոբակո» ընկերությունը։  

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ  Արմեն Քթոյանն ու ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  վերլուծել են 1000 խոշոր հարկատուների ցանկն ու կառուցվածքը։

Միջին  վիճակագրական  հարկատուն  Հայաստանում  տարեցտարի խոշորանում է , ավելի շատ հարկեր  է վճարում։ Սա  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ  Արմեն Քթոյանի առաջին դիտարկումն է ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս։  Իսկ եթե  հարկային բեռը չի ծանրացել, ապա կամ ստվերն է կրճատվել, կամ տնտեսական ակտիվությունն է ավելացել՝ ասում է փորձագետը։   

 «1000 հարկատուների ցանկում ներառված տնտեսվարողների կողմից հարկերի վճարման ավելացումը տնտեսությունում տեղի ունեցող դրական միտումների մասին է  խոսում։ Սա  նկատելի է , օրինակ,  վճարվող հարկերի մեծության առումով, հազար հարկատուների մեջ ավելացել են մեկ մլրդ դրամը գերազանցող  ընկերությունները»։ 

Այս տարի 191 ընկերություն 1 մլրդ դրամից ավելի հարկ է  վճարել, 2018–ին՝  166,  2017-ի ՝ 140 նման ընկերություն դիմաց։ 500  մլն դրամից ավելի հարկ վճարող ընկերությունների թիվը նույնպես ավելացել է։

«Հարկային պարտավորությունների ծավալի աճը  խոսում է  տնտեսվարողների տնտեսական գործունեության ակտիվացման ու ստվերի կրճատման մասին»։

Նվազել է փոքր տնտեսվարողների թիվը, ինչը, Արմեն Քթոյանի պարզաբանմամբ, ցանկի կազմման փոփոխության արդյունք է․   նախկինում հազար  խոշոր հակատուների ցանկում  ներառվում էին նաև  150 մլն դրամ հարկ վճարող տնտեսվարողները, այժմ նրանք ներառված չեն։ 

Տնտեսվարողների վճարած  հարկերի հարաբերակցության փոփոխությունը փաստում է նաև Արմեն Քթոյանը։ Նկատում է՝  եկամտային հարկն ու շահութահարկը բիզնեսը վճարում է իր շահույթից կամ եկամուտից, մինչդեռ տարիներ շարունակ անուղղակի հարկերն են ավելի հաճույքով վճարել։ Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը  շուրջ 36 տոկոս է, երկու տարի առաջ՝ 31 տոկոս էր։

 «2019 թվականին շուրջ 250 ընկերություն վճարել է 100 մլն դրամը գերազանցող շահութահարկ, 2018–ին՝ 212 նման  ընկերություն կար։ 360 ընկերություն 100 մլն դրամից ավելի  եկամտային հարկ է վճարել,  2018–ին՝ 330 նման ընկերություն կար։ 32 ընկերություն վճարել է մեկ մլրդ դրամից ավելի շահութահարկ, 2018–ին 28 ընկերություն էր։ Մոտ 50 ընկերություն 1 մլրդ  ավելի եկամտային հարկ է վճարել, մեկ տարի առաջ ունեինք նմանատիպ 36 ընկերություն»։

2019–ին  հարկային եկամուտների  մեջ  խոշոր հարկատուների  վճարած հարկերը կազմում են ընդհանուրի շուրջ  70 տոկոսը։  Էականը ոչ թե այս թիվն է, այլ այն, որ օրինակ, հազար խոշոր հարկատուների առաջատարը արտադրության ոլորտի ներկայացուցիչն է՝ «Գրանդ Տոբակոն»։

 «Երկար տարիներ մենք առաջատարների շարքում ունեցել ենք  կամ հանքահումքային արտադրանք ներկայացնող ընկերությունը, կամ ենթակառուցվածքային ընկերություն,  կամ բնական մենաշնորհ հանդիսացող ընկերություն։   Արտադրողի հայտնվելը առաջատարի դիրքում  արտահանման ծավալների մասին է խոսում,  և հենց դա էլ այս դեպքում տեղի է ունեցել»։

2019 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ն է, երրորդում՝ «ԳազՊրոմ Արմենիա» ընկերությունը։  2019–ին վճարած  հարկերի ծավալով  չորրորդ հորիզոնականում  «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» –ն է,  հնգյակը եզրափակում է Ջեյ Թի Այ ընկերությունը; 

Back to top button