ԿարևորՀասարակություն

Վիրահայի լիիրավ ինտեգրումն ու հայ մնալն է մեր քաղաքականությունը

Վրաստանում ապրող հայ մարդու լիիրավ ինտեգրումն ու հայ մնալն է մեր քաղաքականությունը։ «Ռադիոլուր»-ին ասել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որն այս օրերին գտնվում է Վրաստանում։ Սինանյանի խոսքով հայերն այստեղ պետք է շարունակեն հայկական մշակութային կյանքը լիաթոք պահել, լինել Վրաստանի լիիրավ  քաղաքացիներ՝ միևնույն ժամանակ զգալով՝ իրենց մեջքին պատմական հայրենիքի պետությունն է։

Հայաստանի սահմանին այսքան մոտ՝ Վրաստանում ապրում են բազմաթիվ հայեր, գրեթե նույն խնդիրներով, ինչպես մյուս համայնքներում, սակայն շատերի համեմատ ինչ-ինչ պատճառներով երկրորդական պլան մղված համայնք է սա։ «Ռադիոլուր»-ին ասում է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ սա առաջին հերթին պետք է շտկել․

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր հայրենակիցներն այստեղ իրոք զգան, որ իրենց մեջքին պատմական հայրենիքի պետություն կա, մի պետություն, որով իրենք կարող են հպարտանալ, մի պետություն, որի մասին կարող են իրենց հարևանների հետ հպարտությամբ խոսել»։

Վրաստանի հայ համայնքում տիրող խնդիրները բազմաշերտ են, դրանց լուծումները գտնելու համար, ըստ Սինանյանի՝ օրակարգում մի շարք գաղափարներ կան, սակայն դրանք իմի կբերվեն ու կհստակեցվեն այցի ավարտից հետո։ Սակայն կարևոր երկու ուղղություն կա․

«Մեր կարևոր թիրախները հետևյալն են՝ հայապահպանություն․ մենք հասկանում ենք, որ Թիֆլիսում ուծացման հակումը կա, որին մենք դեմ ենք, մենք կողմ ենք ինտեգրացիային,  կողմ ենք, որպեսզի հայ մարդը, որպես լիիրավ քաղաքացի մասնակից լինի կյանքի բոլոր բնագավառներում, սակայն դա տեղի չունենա իր մշակույթի, հայ էության հաշվին, հետևաբար այդ երկու նպատակների համադրումը՝ լիիրավ ինտեգրումն ու հայ մնալն է մեր քաղաքականությունը»։

Ըստ Սինանյանի, սրանք ընդհանուր խնդիրներ են, որոնց լուծումը պետք է գտնել Հայաստանում։ «Մենք աշխարհասփյուռ հայերին, երբ առաջարկում ենք գրավիչ, հզոր, ապահով Հայաստան, այսպես ասած հայ լինելու գրավչության բրենդը, կարծում ենք, այս գործընթացը, անկասկած կանգնեցնում ենք»,-ասում է Սինանյանը՝ հավելելով, ընդհակառակը, նրանց վերադարձնում ենք իրենց արմատներին։

Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքում խնդիրներն այլ են։ Սփյուռքի հարցերով հանձնակատարն այս պահին գտնվում է Ախլացիխեում, վաղը կլինի Ախալքալաքում, հանդիպումներ կունենա նաև մոտակա գյուղերի հայության հետ․

«Մեզ համար այս տարածքները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ հայեր են բնակվում, այլ նաև որ այդ տարածքները մեր դարպասն են դեպի մեր կարևորագույն հարևան Վրաստան։ Եւ շատ կարևոր է որ մարդիկ այնտեղ ապրեն բնականոն կյանքով, եթե խնդիրներ ունեն, որոնց մենք կարող ենք լուծում առաջարկել, դա անենք։ Վրացի գործընկերների հետ այս մասին խոսվել է։ Նրանց մոտ ցանկություն կա տեղի հայությանը արդյունավետ ինտեգրել՝ հնարավորություններ ստեղծելով մասնակից դարձնել երկրի հասարակական ու քաղաքական կյանքին։ Մենք պատրաստակամություն հայտնեցինք աջակցել այդ գործընթացներին»։

Վրաստանից հետո Սփյուռքի հանձնակատարի հաջորդ այցը կրկին Ռուսաստան է, մեծ հայ համայնք, որ տարածված է երկրի ողջ տարածքում։ Նախատեսվում է նաև այց Լիբանան, Սիրիա, Հունաստան, նաև Ֆրանսիա՝ մեծությամբ երրորդ համայնք։ 

Back to top button