ԿարևորՀասարակություն

103.3 տոկոս կատարողական. Արմավիրի մարզն առաջինն է եկամուտների հավաքագրմամբ

2019թ Արմավիրի մարզը ընդհանուր եկամուտների հավաքագրմամբ հանրապետությունում առաջին տեղն է գրավել՝ ունենալով 103.3 տոկոս կատարողական: Մարզում 2018թ-ի համեմատությամբ կրճատվել է  սեփական եկամուտների հավաքագրման 70 տոկոսից ցածր ցուցանիշ ունեցող համայնքների թիվը, կրկնակի աճել՝  մինչև 100 տոկոս կատարողական ունեցողների  թիվը, իսկ ամենավատ ցուցանիշ ունեցել է 7 համայնք:

Արմավիրի մարզի համայնքները 2019 թ փակել են  բարձր ցուցանիշով, ընդհանուր առմամբ բյուջե  մուտքագրելով  8 միլիարդ 26 մլն 500 հազար դրամ, որը գերազանցել է բյուջեի կատարողականը՝ գրանցելով  103.3 տոկոս: Այս տեսակետից Արմավիրի մարզը  հանրապետությունում  առաջին հորիզոնականում է, ինչի կապակցությամբ մարզխորհրդի նիստում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է գործընկեր համայնքների ղեկավարներին:

«Արմավիրի մարզը ընդհանուր եկամուտների հավաքագրման տեսքով Հայաստանի Հանրապետությունում առաջին տեղում է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել և շատ անկեղծ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել բոլոր ՏԻՄ աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին՝ ճիշտ համագործակցության արդյունքում նման ցուցանիշներ արձանագրելու համար: Այս ցուցանիշները հնարավորություն են տալիս մեզ, որպեսզի մենք պարզաճակատ կառավարությանը դիմենք շատ ու շատ տարբեր ծրագրերի հարցերով»:

Մարզում 2018թ համեմատությամբ  կրկնակի աճել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Բոլոր հարկատեսակների և տուրքերի հավաքագրմամբ 100 տոկոսի շեմը գերազանցել է 5 համայնք՝ Մերձավանը, Բաղրամյանը, Լեռնագոգը, Դալարիկը և Քարակերտը: Սեփական եկամուտների մուտքերը նախորդ տարվա համեմատությամբ 2019-ին աճել է 12 տոկոսով: «Սեփական եկամուտները 102.6 %  գույքահարկը՝ 114.8%  հողի հարկը՝ 87.5 %»:

Վաձակալական վճարները հավաքվել են 99.5%-ով, տեղական տուրքերը՝ 108.3 %-ով: Արմավիրի մարզի 3 քաղաք  ունեն բյուջեի  բարձր կատարողական: Էջմիածնի քաղաքապետ  Դիանա Գասպարյանն ասում է, որ այն գերակատարել են  114 տոկոսով և թվարկում  բյուջեն լցնելու միջոցները.

«Որևէ զարտուղի ճանապարհների չենք դիմել, այսինքն՝ լինում է պլան են իջեցնում և այլն, հակառակը՝ ֆոնդային բյուջեի պլանը տարեկան 2 անգամ ավելացել է: Եթե թողնեինք ի սկզբանե պլանավորածի չափով՝ մոտ 120 տոկոս գերակատարում կունենայինք»:

2018թ-ին  մարզի 97 համայնքից սեփական եկամուտները 100 և ավելի տոկոսով կատարել էր 22 համայնք, իսկ 2019-ին՝ 46, այդ թվում նաև Գրիբոյեդով գյուղը: Համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանն ասում է, որ բյուջեն կատարել են 104 տոկոսով:

«Շատ ցավ ապրեցի, որ մի հարկատեսակով՝ աղբահանությամբ չենք հասել 100 տոկոսի, իսկ մնացած բոլոր՝ վարձակալության վճար, գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրքեր, տեղական վճարների մասով՝ 100 տոկոս, միայն աղբահանությունը չկարողացանք, էդ էլ հուսան 2020թ-ին կանենք»:

Թեպետ աղբահանության համար համեմատաբար ցածր վարձավճար է սահմանված՝ շունչը 80 դրամ, այնուամենայնիվ բնակիչները դժվարությամբ են վճարել: Գրիբոյեդով համայնքում աղբահանությանը կազմակերպվում է շաբաթը մեկ անգամ, երեքշաբթի օրը:

Արմավիրի մարզում նվազել է բյուջեի համալրման  70 տոկոսից ցածր ցուցանիշ  ունեցող համայնքների թիվը: Մարզպետը նշում է, որ 2018-ին այդ համանքների թիվը 27-ն էր, իսկ 2019-ին՝  7-ը, դրանք են Հայթաղ, Ամասիա, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Ջրաշեն և  Արևադաշտ գյուղերը: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքերով՝ բյուջե մուտքագրվող գումարները դառնալու են մանկապարտեզներ, դպրոցներ, բուժամբուլատորիաներ, ճանապարհներ, բարձր աշխատավարձեր և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button